Հարցին, թե հնարավո՞ր է` Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք հասցեագրվի նաեւ այն բանի համար, որ նրա ղեկավարած կազմակերպությունը գրանցված չէ, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը պատասխանեց. «Մեր կազմակերպության գրանցված կամ չգրանցված լինելն օրենքի խախտում չէ: Հազարավոր գրանցված կազմակերպություններ ու կուսակցություններ կան, որոնք մի ավտոբուսի մեջ իրար հետ կտեղավորվեն: Այսօր բոլորն էլ կարող են 100-200 դոլարով պեչատ հանեն ու ասեն` ես գրանցված կուսակցության նախագահ եմ: Եթե դա է կուսակցությունը կամ կազմակերպությունը, ուրեմն` մենք տարբեր բաներ ենք հասկանում: Դա այդ մարդկանց համար ինքնահաստատման ձեւ է: Մեր գործունեության համար հիմա նման անհրաժեշտություն չկար, հենց լինի` կանենք»:
Նա անդրադարձել է նաեւ Ժ. Սեֆիլյանին աջակցելուց զերծ մնացած քաղաքական ուժերին. «Մյուս կուսակցություններն իրենց գործն են անում, ով սատարում է` սատարում է, ով չէ` չէ: Շատերն էլ ցույց են տալիս, որ հաճույքով կսատարեին, բայց ինչ-որ հանգամանքներից դրդված չեն կարողանում անել: Մենք բոլորին ըմբռնումով ենք վերաբերվում: Մեր գործունեությունը շարունակվելու է, եւ, ինչպես տեսնում եք, իշխանությունները վախենում են հենց այս գործունեությունից, ոչ թե քաղաքական կուսակցություններից, որքան էլ նրանք արմատական ընդդիմադիրներ են: Քանի դեռ կազմակերպված չեն, ոչ մի բանի էլ հասնել չեն կարողանալու: Հիմա փորձելու են մեզ խանգարել, որպեսզի մենք չկարողանանք կազմակերպել, մենք էլ փորձելու ենք ցույց տալ, որ` չէ, կազմակերպվելու ենք ու խնդիրները լուծելու ենք,- ասել է նա: -Ընդդիմադիր որոշ կուսակցություններ ընտրական հանձնաժողովներում անդամներ ու վստահված անձինք ունեին, մենք չունեինք, բայց մեր ներկայացուցիչներից մեկը` մենակ, գործելով իրավապահների, կուսակցությունների դեմ, ովքեր եկել էին խանգարելու, կարողացավ մի տեղամասում այդ ժամանակվա ֆավորիտին` Ստեփան Դեմիրճյանին ապահովել առաջին տեղում»: Նաեւ պարզաբանել է, թե ինչպե՞ս է «ապահովել» Դեմիրճյանի հաղթանակը. «Երբ ԿԳԲ-ն եկել ասել ա` արի գնանք զրուցենք, ասել ա` ռադդ քաշի ստեղից»,- ասել է նա: