Լեզվաբանների հացը

16/12/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Շուտով, ամենամոտ ապագայում, VIP միջազգային տերմինը որպես հայերեն բառ կմտնի բացատրական բառարանների մեջ եւ բնականաբար չի նշանակի այն, ինչ նշանակում է այդ երեք հատիկ տառի միացությունը: VIP հապավումն իրականում բացվում է այսպես՝ very important person, այսինքն՝ «շատ կարեւոր անձ»: Բայց մեզ մոտ սրա ճիշտ բացատրությունը գտնելու համար լեզվաբանները ստիպված են լինելու երկար մտածել, խորհրդատվության համար դիմել ազդեցիկ կուսակցությունների գրասենյակներ՝ հասկանալու, թե ով կամ ինչ է վերջապես այդ VIP-ը, որ պատահում է մեր կյանքում ու միշտ տարբեր դրսեւորումներով։

Օդակայանի VIP սրահի մոտակայքում կաշվե բաճկոնով եւ անպայման անթրաշ մեկն անշուշտ բարձրաձայն, որ բոլորին խանգարի, խոսում է հեռախոսով եւ զրուցակցի «որտեղ ես» կամ ավելի ճիշտ «ուրդե՞ ես» հարցին հպարտորեն պատասխանում՝ վփում։ Եվ այդպիսով նա ոչ թե իր գտնվելու վայրն է հայտնում, այլ՝ հոգեվիճակը։ Դրանում համոզվում ես՝ տեսնելով նրա դիմավորած պաշտոնյայի դեմքի արտահայտությունը՝ անհուն արհամարհանք այն ամենի հանդեպ, ինչը դուրս է այս երեք հատիկ տառից։

Հետո մի օր քո համեստ ավտոմեքենան անզգուշաբար տանում ես քաղաքի կենտրոնում գտնվող լվացման կետերից մեկն ու, բանից անտեղյակ, աշխատողին պարզում բանալիներդ։ Ձեռքդ օդում թողնելով՝ մոյշչիկը զննում է մեքենադ ու՝ օդակայանում հանդիպած պաշտոնյայի դեմքի արտահայտությունն ընդունելով, ասում. «Ապե, ստե մենակ վփոդ ավտոներն ենք լվում»։

Մի օր էլ տաքսու կարիք զգալով՝ զանգահարում ես ծառայության համարով ու մեքենա պատվիրում։ Անուշիկ ձայնով մի աղջիկ ականջիդ շշնջում է՝ VIP SERVICE։ Այդ բառից մի քիչ վախենում ես՝ մտածելով՝ ես ո՞ւր, վիփն ուր, բայց համարձակությունդ հավաքելով, այնուամենայնիվ, ասում ես գտնվելուդ վայրն ու գնալուդ տեղը։ Աղջիկը շատ քաղաքավարի կերպով զգուշացնում է, թե մեքենան տասը րոպեից է գալու եւ որ ինքն անպայման կզանգահարի։ Սպասում ես։ Տասը րոպեն անցած ինքդ ես զանգում նորից։ Աղջիկը եւս հինգ րոպե է խնդրում։ Հասկանում ես՝ դե քաղաք է, խցանում կա, բան կա։ Սպասում ես եւս հինգ րոպե։ Աղջիկը չի զանգում։ Երեւի աղջկական սեթեւեթանքով մտածում է՝ թող ինքը զանգի։ Քանի որ շտապում ես, նորից դու ես զանգում։ «Չորս րոպեից տեղում կլինի»,- լսվում է աղջկա ձայնը։ Բայց նա խորհուրդ է տալիս փողոց դուրս չգալ, այլ սպասել զանգի։ Սպասում ես։ Չորս րոպե սպասելուց հետո ստիպված նորից ես զանգում, որովհետեւ ինքը սկզբունքորեն չի զանգում։ «Մեկ րոպեից տեղում կլինի, իջեք»,- ասում է աղջիկն ու ինքնավստահ կախում հեռախոսը։ Իջնում ես։ Տաքսին կանգնած է պատվիրված տեղից մի հիսուն մետրի վրա։ Մոտենում ես՝ ինքն է։ Դռան վրայի VIP տառերից ես ճանաչում, բայց հանկարծ տեսնում ես, որ երկար սպասված մեքենայի հետեւի անիվը չկա, մեքենան հենված է դոմկրատի վրա, վարորդն էլ պահախցիկում ինչ-որ բան է փնտրում։ Տասը րոպե անց, երբ դու արդեն ընտրած ես լինում մարդկության ամենաառաջին տրանսպորտային միջոցը՝ ոտքերդ, հեռախոսդ զնգում է՝ նոր մեքենա ենք ուղարկել, տեղում է։ Քսանին տասը գումարելով ստանում ես կես ժամ ու հասկանում, որ այդ ընթացքում տրանսպորտով կենտրոնից կհասնեիր ցանկացած ծայրամաս։

Հիմա ընթերցողը կասի, թե էս ինչ մի թեմա է, որ գրում ես։ Համաձայն եմ, բայց լեզվաբանների տխուր ապագան ինձ հանգիստ չի տալիս։ Մարդիկ ինչքա՞ն պիտի աշխատեն, որ վերջապես գտնեն վիփ բառի ճիշտ բացատրությունը։

Եթե նայեն օդակայանում պատահած պաշտոնյային ու նրա վարորդին կամ թիկնապահին, վիփը պիտի նշանակի արհամարհանք, գոռոզություն ու նման բաներ։

Ավտոլվացման կետի դեպքում այն մի քանի իմաստ է ունենալու. ա) մեքենայի տեսակ, որն արտադրված է Արեւմուտքում եւ անպայման երրորդ հազարամյակում, բ) մարդ, ով ինքնահաստատվում է «ա» կետում նշված մեքենաները լվանալով, գ) դասակարգային խտրականություն։

Տաքսի ծառայության դեպքում մոտեցումն ավելի վերացարկված է լինելու։ Վիփ բառը բացատրվելու է որպես փնթիություն։ Եվ սա կլինի թերեւս ամենաճշգրիտ բացատրությունը, որովհետեւ մեր երկիրը, որն առաջին հայացքից VIP է հիշեցնում, այսինքն՝ առանձնահատուկ մարդկանց միջավայր, հիմքում ունի հասարակական ու մշակութային մեծ փնթիություն։ Եվ եթե պատկերավոր նկարագրենք, Հայաստանը կնմանվի այն ավտոմեքենային, որի դռան վրա գրված է VIP, իսկ չորրորդ անիվի փոխարեն դոմկրատ է դրված, ինչին, չգիտես ինչու, հայերս «դանգռատ» ենք ասում՝ հավանաբար աշխատատեղեր ստեղծելով ապագա լեզվաբանների համար։

Ինչո՞ւ՝ ոչ։ Հնարամիտ որեւէ լեզվաբան կարող է մի օր ստուգաբանել «դանգռատն» ու պարզել, որ դրա արմատը Ղարաբաղի բարբառում շատ տարածված «դանգլա» (օգտագործվում է բթամիտ իմաստով) բառն է։ Այսինքն, սկզբում եղել է դանգլատ, հետո կամաց-կամաց հնչյունափոխվելով` վերածվել դանգռատի, ինչն էլ այսօր մեր իրականությունն է՝ Վրաստանից մի քիչ լավ, իսկ Բելգիայից՝ բավականաչափ հեռու։