Ինչպե՞ս են հայերը հայտնի դառնում

16/12/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Հայտնի կամ անվանի դառնալու համար հայերը հիմնականում օգտագործում են աշխարհում ընդունված նույն միջոցները: Սակայն այս դեպքում էլ մենք ունենք ազգային առանձնահատկություններ կամ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «ազգային մենթալիտետ»: Բայց «ռասկրուտկայի մեր մենթալիտետի» մասին կփորձենք խոսել ստորեւ՝ ստանդարտ միջոցների մասին խոսելուց հետո:

Ընդհանրապես ողջ աշխարհում հայտնի են դառնում քաղաքական գործիչները, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, շոու-բիզնեսի, մշակույթի եւ գիտության ասպարեզներում զգալի հաջողությունների հասած մարդիկ, ինչպես նաեւ` հեռուստատեսության «դեմքերը»: Սկսենք հեռուստատեսությունից: Այն պահից, երբ մեր հեռուստաէկրաններին սկսեցին հայտնվել ով պատահի (բառիս բուն իմաստով), շատերը հասկացան, որ դա հայտնի դառնալու ամենահեշտ միջոցն է: Ընդ որում, ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ են անում հայերը հեռուստաընկերություններում: Լուրե՞ր են վարում, թե՞ անտաղանդ երգում են, առավոտյան ծրագի՞ր են վարում, թե՞ փորձում են անհաջող հումոր անել, «իրենց արեւին» լուրջ թեմաների մասի՞ն են խոսում, թե «էշ-էշ» դուրս են տալիս… Բոլոր դեպքերում նրանք, ուզենք թե չուզենք, դառնում են մեր բոլորիս տան «անդամ», եւ, բնականաբար, ճանաչված` այսինքն հայտնի: Ցավալի է, բայց փաստ, որ այսպիսով «ազգի հերոս» են դառնում անճաշակ, անգրագետ, բայց իրենցից շատ գոհ նախկին եւ ներկա երիտասարդները: Իսկ լուրերի «վարող-ցանողներն ու անալիզ տվողները» իրենց առնվազն քաղաքական գործիչ են պատկերացնում: Բայց իրենք իրավունք ունեն: Ոչ այն պատճառով, որ իրենք շատ լավն են: Պարզապես մեր քաղաքական գործիչների անգրագիտությունը, անճաշակությունն ու անմակարդակությունն ավելի բարձր մակարդակի վրա է: Հայտնի դառնալու հնարամտությամբ վերջիններս, իհարկե, գերազանցում են բոլոր սպասելիքները: Ով՝ ինչ ախմախություն ասես, որ չի անում, որպեսզի ժողովուրդն իրեն նկատի: Էքսցենտրիկության տեսակետից, իհարկե, անգերազանցելի է Դավիթ Հակոբյանը: Խմելու եւ «Պապլավոկում» կրակելու առումով դաշնակներն անգերազանցելի են: Իհարկե, Վահան Հովհաննիսյանի` երեկվա հարցազրույցում ասածին, կնախանձեին անգամ Տիգրան Կարապետյանն ու Ռաֆիկ Պետրոսյանը: Ընդամենը մեկ հարց եւ մեկ պատասխան հիշեցնենք այդ հարցազրույցից.

– Կարո՞ղ է` «հեղափոխական» բառը ձեր կուսակցության անվան միջից հանեք:

– Ոչ, որովհետեւ մեր հեղափոխությունը չի վերաբերում Հայաստանի ներսին:

Փաստորեն ՀՀ ԱԺ փոխխոսնակը պատրաստվում է հեղափոխություն անել այլ երկրներում: Փորձենք հասկանալ, թե ո՞ր երկրում դա կարող է իրագործվել: Սկսենք մեր հարեւաններից: Իհարկե, պարոն Հովհաննիսյանի սրտով ամենաշատը կլինի Թուրքիան: Այդ դեպքում նրան կհաջողվի արյան ծով դարձնել ոչ միայն Ստամբուլը, այլեւ Անկարան եւ մի շարք այլ քաղաքներ: Բայց նրան կարող ենք հիշեցնել «Կեսգիշերային էքսպրես» կինոնկարը, եւ նա անմիջապես կփոշմանի: Վրաստանում էս վերջերս է հեղափոխություն եղել: Ադրբեջանը նրա անվտանգությունը չի ապահովի: Դե, իսկ Իրանում դաշնակները դժվար թե ցանկանան հեղափոխություն անել (որոշ ընկերներ դեմ կլինեն): Հունաստանում, եթե անեին, վաղուց կանեին: Հասարակածային Գվինեայում եթե փորձեն, հետո ստիպված պետք է լինեն օգնության կանչել Արա Աբրահամյանին: Դե, իսկ գերտերություններում, մեղմ ասած, «դուխ չեն ունենա»: «Օրինաց երկրի» զինանոցում, երեւում է, որ հայտնի դառնալու շատ միջոցներ կան: Իհարկե, առաջինը նրա նախկին եւ ներկա անդամներն են: Սերգո Երիցյան եւ Թամար Պողոսյան, Սամվել Բալասանյան եւ Հեղինե Բիշարյան: Ցավոք, Հայաստանն այնքան էլ հայտնի երկիր չէ, թե չէ՝ վերջիններիս Հոլիվուդի պրոդյուսերները վաղուց էին «փախցրել տարել»: Բայց Արթուր Բաղդասարյանի մտքի թռիչքը սահմաններ չի ճանաչում: Եվ «ռասկրուտկա» լինելու համար նա մտածեց մի բան, որ մինչ օրս ոչ մեկի մտքով չէր անցել: Հերիք չէ, որ նա Սարկոզիի, Միրոնովի, Նազարբաեւի եւ Բերեզովսկու «ախպերն» է, հըլը BBC-ն, SNN-ը, Euronews-ը, «Financial Times»-ը եւ մնացածները գիշեր-ցերեկ հերթ են կանգնում, որ իրենից կարողանան հարցազրույց վերցնել: Բայց դե հո պարոն Բաղդասարյանն ամեն հեռուստատեսության կամ թերթի հարցազրույց չի՞ կարող տալ:

Գեղամյանը հայտնի է ուրիշներին ցիտելով եւ որպես մամուլի «դայջեստ»: Հանրապետականները փորձում են ետ չմնալ: Վերջերս էլ սկսել են արյուն հանձնել: ՀՀՇ-ն հայտնի է իր ինտելեկտով, որը նրանց պետք եկավ միայն իշխանությունը հանձնելու գործում: Արամ Կարապետյանը հայտնի է նրանով, որ ոչ թե Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, այլ, որ Ռուսիո պատրիարքից ավելի ուղղափառ է: «Բարգավաճ Հայաստանը» ինչ ունի՝ բաժանում է: Իսկ Վարդան Օսկանյանն իր անհավանական հայտարարություններով է ուզում հայտնի դառնալ (որովհետեւ ուրիշ ոչ մի բանով չկարողացավ առանձնանալ): Նա այլեւս չի ուզում նախարար աշխատել: Այլ հարց է, որ ուզում է նախագահ դառնալ: Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցությունը հայտնի է նրանով, որ ամեն ինչ ուզում է գնել: Բայց հասկանալով, որ այս տարի ոչ թե առնում են, այլ բաժանում, ՄԱԿ-ն օրերս հայտարարեց, որ իրենք նոր բան են մտածել: «Ժողպատգամավորը» հայտնի է իր փողերով, Արշակ Սադոյանը` 4-րդ միկրոֆոնով, իսկ Պարույր Հայրիկյանն արդեն հայտնի չէ:

Բայց Հայաստանում անվանի մարդկանց միշտ հարգել են: Ասում են, որ, օրինակ, Հրաչյա Ներսիսյանին կամ Ավետ Ավետիսյանին բոլոր տաքսու վարորդները փորձում էին նստեցնել իրենց մեքենան, Վիկտոր Համբարձումյանը ողջ ազգի պարծանքն էր, Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անգամ այսօրվա սերնդին է հասկանալի: Եվ, քանի որ ես լավատես եմ, ապա համոզված եմ, որ մոտ ապագայում հայերը հայտնի կլինեն ոչ թե իրենց մականուններով եւ «օբյեկտներով», այլ իրենց թողած այն ժառանգությունով, որը հասկանալի կլինի ողջ քաղաքակիրթ մարդկությանը: