«Կոչ եմ անում, ի վերջո, գտնել այդ 2000 անկաշառ մարդուն, որ լինեն ընտրատեղամասերում, եւ կռիվ տանք։ Ամոթ է, որ չենք կարողանում այդ 2000-ին գտնել»,- օրերս «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած ընդդիմության հերթական հավաքի ժամանակ ասել է Մտավորականների ֆորումի ավագանու անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը։
Եվ, որքան էլ առաջին հայացքից ակադեմիկոսի այս կոչն արտառոց թվա, իրականությունն այն է, որ ընդդիմությունը, փաստորեն, իսկապես վստահ չէ, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների համար ինքն ունի հանձնաժողովների անդամների վստահելի թիմ, որոնց որեւէ պարագայում գնել հնարավոր չի լինելու։ Եվ ընդդիմությունը, պետք է ասել, նման մտավախություն ունենալու բոլոր հիմքերն ունի, որովհետեւ անցած բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ ընտրական հանձնաժողովներում ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ ծախվել են։ Ընդ որում, հայտնի են դեպքեր՝ հատկապես համայնքապետերի ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմության ներկայացուցիչներն իրենք են դիմել իշխանության թեկնածուին՝ առաջարկելով գնել իրենց մատուցած ծառայությունները։ ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանին շատ բանում կարելի է մեղադրել, սակայն դժվար է չհամաձայնել նրա այն մտքին, որ եթե ընդդիմությունը ծախվում է, ապա գնորդ միշտ էլ կգտնվի։ Իսկ հանձնաժողովներում ընդդիմությանը հատկացված ընտրական տեղերի վաճառքի վերջին ու ամենաթարմ դեպքը նոյեմբերի 26-ին Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետի ընտրությունն էր, երբ սպանված գյուղապետի այրին պաշտոնապես հայտարարեց, որ ընտրական հանձնաժողովներում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունները վաճառել են իրենց տեղերը։ Քիչ հավանական է այն, որ ընտրական հանձնաժողովներում ավանդական այս առքուվաճառքն ուղղորդվում է ընդդիմադիր կուսակցությունների լիդերների կողմից, որովհետեւ ընդդիմության յուրաքանչյուր լիդերի նա՛խ պետք չէ այն 200 դոլարը, որը պետք է դեռ կիսել հանձնաժողովի ծախված անդամի հետ, եւ երկրորդ՝ նույն լիդերներին իսկապես պետք են անկաշառ հանձնաժողովականներ՝ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում բավականին լուրջ ամբիցիաներ ունեցող ընդդիմադիր լիդերների թիկունքը պահելու համար։ Ուստի, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի բարձրացրած խնդիրը, որին, ի դեպ, ներկա ընդդիմադիրները ոչ մի բան չեն կարողացել հակադարձել, իսկապես լուրջ է, եւ այն լուծելու համար ընդդիմությունն ուզում էր Ընտրական օրենսգրքում ամրագրել, որ կուսակցություններին իրավունք պետք է վերապահվի ետ կանչել ընտրական հաձնաժողովներից իրենց անդամին։ Այդ առաջարկը պայմանավորված էր բացառապես այն հանգամանքով, որ ընդդիմությունը որեւէ կերպ չի կարողանում պայքարել ընտրական հանձնաժողովներում սեփական ներկայացուցիչների «վաճառքի» դեմ։ Իշխանական կուսակցությունները, սակայն, Ընտրական օրենսգրքում առաջարկվող այդ լրացումը մերժեցին, որովհետեւ ընտրական հանձնաժողովներում ընդդիմության տեղերը նրանց դեռ պետք են գալու՝ ինչքան էլ Գալուստ Սահակյանն ընդդիմությանը բարեկամաբար խորհուրդ տա չվաճառել հանձնաժողովներում սեփական տեղերը։
Այդուհանդերձ, եթե անգամ Ընտրական օրենսգրքում ընդունվեր առաջարկվող փոփոխությունը, ապա դա եւս հարցի լուծում դժվար թե լիներ, որովհետեւ որեւէ երաշխիք չկա, որ հանձնաժողովից ետ կանչված ընդդիմադիր անդամի փոխարեն նշանակված հաջորդ անդամն անկաշառ է լինելու։ Ի վերջո, եթե ընդդիմությունն իսկապես ունենար այդքան անհրաժեշտ 2000 անկաշառ անդամներ՝ հանրապետության բոլոր հանձնաժողովներում նշանակելու համար, ապա չէր առաջանա Ընտրական օրենսգրքում նման փոփոխություն ներկայացնելու ընդդիմադիր կուսակցությունների միացյալ առաջարկը։ Իսկ ընտրությունների նախաշեմին հանձնաժողովի անդամին օրումեջ փոխելու այդ տարբերակն ուղղակի կաթվածահար կարող է անել ընտրական ցանկացած պրոցես։
Ի վերջո, դժվար է ասել, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի գտնում պահանջվող 2000 անկաշառներին. այն պատճառով, որ անկաշառ չկա՞, թե՞, ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը հավատացող այլեւս քիչ մարդիկ կան։ Սակայն, որքան էլ տարօրինակ թվա, ընդդիմության խնդիրների առաջին փաթեթում հենց այդ 2000 անկաշառին գտնելն է։ Իհարկե, կարելի է անկաշառների մրցույթ հայտարարել, սակայն, հաշվի առնելով տարաբնույթ մրցույթների խիստ կասկածելի լեգիտիմությունը, դա եւս հարցի լուծում չէ։ Իսկ եթե ավելի լուրջ մոտենանք խնդրին, որն օրերս ընդդիմադիր բոլոր կուսակցությունների առաջ բարձրացրեց Լենսեր Աղալովյանն ու այդպես էլ որեւէ պատասխան չստացավ, պատմությունը, կարծես, կրկնվելու է։ Եվ նորից սկսվելու է մեղավորների ու դավաճանների հավերժական փնտրտուքը, ինչը եղել է միշտ ու ինչը սպառնում է կրկնվել նաեւ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։