Հրեաներին չեն սիրում

07/05/2005

Վերջերս Իսրայելում հրապարակված կառավարական զեկույցում խոսվում է անցած տարի Ռուսաստանում եւ Մեծ Բրիտանիայում աճող հակահրեական բռնությունների մասին։ Միաժամանակ ընդգծվում է, որ Ֆրանսիան զգալի ջանք է ներդրել այդ երեւույթի դեմ պայքարելու համար։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2004 թվականին Ֆրանսիայում եղել է 96 հակահրեական դեպք, Մեծ Բրիտանիայում դրանց թիվը 55-ից հասել է 77-ի, իսկ Ռուսաստանում՝ 4-ից 55-ի։ 2004 թվականի ընթացքում ընդհանրապես արձանագրվել է հրեաների եւ հրեական հաստատությունների վրա հարձակումների 282 դեպք, 2003-ի համեմատությամբ մոտ 48-ով ավել։

– Դեպքերի մեծամասնությունը եւ դրանցից առանձնապես դաժանները տեղի են ունենում Եվրոպայում,- նշում են զեկույցի հեղինակները, ընդգծելով, որ ԱՄՆ-ում, որտեղ ապրում է Իսրայելից հետո աշխարհի ամենախոշոր հրեական համայնքն, արձանագրվել է հակահրեական բռնության ընդամենը երեք դեպք։

Մեկնաբանելով հակահրեականության դրսեւորումների աճը Ռուսաստանում եւ Ուկրաինայում, որտեղ ֆիզիկական հարձակումները հրեաների եւ նրանց հաստատությունների վրա 2003-ի համեմատությամբ ավելացել են մոտ երեք անգամ՝ 15-ից հասնելով 44-ի, զեկույցի հեղինակները ցավով նշում են, որ Իսրայելի կառավարության արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամապատասխան։

Մեծ Բրիտանիայում հարձակումները սինագոգների վրա կամ հրեական գերեզմանների պղծումները հիմնականում կատարել են իսլամիստները։

Մեծ Բրիտանիայի 265 հազարանոց հրեական համայնքի ղեկավարները հայտարարում են, որ հակահրեական հարձակումներն այդ երկրում աստիճանաբար վերածվում են միտումի։ Բրիտանական ոստիկանության գնահատմամբ, վերջին երկու ամսվա ընթացքում Լոնդոնի հյուսիսում, որտեղ խոշոր հրեական համայնք կա, կատարվել է ռասիստական ութ հարձակում։