ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էդգար Վասկեսը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեի արդյունքները: «Ափսոսում ենք, որ Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց սահմանադրության նախագծով, որն ամրագրում է տարածաշրջանի անկախությունը»,- ասել է նա: Վասկեսի խոսքերով՝ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկիր, աշխատում է խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու ուղղությամբ: «ԼՂ ապագա կարգավիճակը քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների ընթացքում, հանրաքվեն կանխորոշում է այդ գործընթացը, ուստի մենք չենք ճանաչում դրա արդյունքները»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, միաժամանակ նշելով, թե Վաշինգտոնում չեն համարում, որ հանրաքվեի արդյունքները խոչընդոտում են բանակցային գործընթացը: