Մարտահրավերների 0,6 տոկոսն ընդունեցինք

16/12/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Եվ այսպես, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին հատկացվելիք 236 միլիոն դոլարի առաջին խմբաքանակը` մոտ 1,4 միլիոն դոլար, մինչեւ տարեվերջ կփոխանցվի: Ընդ որում, ծրագրի հայաստանյան պատասխանատուն մեզ «երեսով է տվել» 2005 թ. խայտառակ հանրաքվեն, բայց միաժամանակ հույս է հայտնել, թե 2007 եւ 2008 թթ. ընտրությունները կհամապատասխանեն ժողովրդավարության չափանիշներին: Ակնարկը հասկանալի է. ահա մենք ձեզ հատկացնում ենք ամբողջ գումարի 0,6 տոկոսը, բայց եթե առաջիկա ընտրություններում ձեզ լավ չպահեք, կարող ենք վերանայել մեր որոշումը:

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ կանեն` առաջիկա ընտրությունները «մարդավարի» կազմակերպելու համար: Իհարկե ոչ: 2007 թ. ընտրությունները կլինեն մոտավորապես այնպիսին, ինչպիսին նախորդ բոլոր ընտրությունները: Տեխնոլոգիաները գուցեեւ փոխվեն, բայց արդյունքը կլինի նույնը. քվեաթերթիկների հաշվումների արդյունքներից «կպարզվի», որ իշխանություններից դժգոհ ժողովուրդն այնուամենայնիվ 70-80 տոկոսով ձայն է տվել իշխանական կուսակցություններին:

Իսկ գուցե պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունների համար այնքան էլ կարեւոր չէ՞ «Հազարամյակի մարտահրավերների» 236 միլիոնը: Ո՛չ, իշխանությունների համար դա շատ կարեւոր է: Ի վերջո` ահագին փող է, ու ինչքան էլ վրայից թռցնեն, տակը մնացածով հնարավոր կլինի որոշ չափով մեղմել գյուղական աղքատությունը (ծրագրի պաշտոնական նպատակը դա է):

Խնդիրը բոլորովին այլ հարթությունում է: Բանն այն է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հաստատ Հայաստանին տալու է այդ գումարը (եթե, իհարկե, ընտրությունների ժամանակ ծանր հրետանի չկիրառվի, եւ զոհերի թիվը չգերազանցի ընտրողների թվի 3 տոկոսը): Ընդ որում, Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն դա եւ հասկանում են, որ «ժողովրդավարական չափանիշներ» հասկացությունն Արեւմուտքի համար շատ առաձգական է: Ամբողջ խնդիրն այն է, որ Արեւմուտքին Հայաստանի ժողովրդավարության մակարդակը, մեղմ ասած, չի հետաքրքրում: Իհարկե, իրենք ձեւացնում են, թե իրենց համար դա շատ կարեւոր է (դրա համար էլ նախապայմաններ են առաջադրում), բայց իրականում նրանց համար միեւնույն է` Հայաստանը ժողովրդավարակա՞ն երկիր կլինի, թե՞ բռնատիրական:

Սա, իհարկե, չի նշանակում, թե Արեւմուտքի համար ժողովրդավարությունը կարեւոր չէ: Շա՛տ կարեւոր է: Բայց` միայն այն երկրների դեպքում, որոնք սպառնալիք են Արեւմուտքի անվտանգության եւ բարեկեցության համար: Արեւմուտքի համար, օրինակ, շատ կարեւոր է, որ ժողովրդավարություն հաստատվի, ասենք, Ռուսաստանում, Չինաստանում կամ Իրանում: Եվ դա հասկանալի է: Ժողովրդավարական հասարակարգերն ամենականխատեսելին են, եւ իշխանություններն այդ երկրներում պետք է ձեւավորվեն ժողովրդի կամքով: Այլ կերպ ասած, բավական է, որ երկիրը ժողովրդավարական լինի, եւ այն այլեւս ոչ մի վտանգ չի սպառնա Արեւմուտքին:

Իսկ Հայաստանն այդ երկրների ցանկում չէ: Ոչ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ ունի, ոչ միջուկային զենք, ոչ էլ կարեւոր տրանսպորտային խաչմերուկ է: Հայաստանը միայն մի չափանիշով կարող է սպառնալ Արեւմուտքին: Այն է` եթե Հայաստանում սոցիալական վիճակը շատ վատանա, հարյուր-հազարավոր փախստականներ կլցվեն Եվրոպա կամ ԱՄՆ: Հետեւաբար` Արեւմուտքը Հայաստանում ոչ թե ժողովրդավարության հաստատման խնդիր ունի, այլ ընդամենը` «աղքատության հաղթահարման»: Մարդիկ պիտի ուտելու բան ունենան, որպեսզի չլցվեն Եվրոպա եւ չխաթարեն «հին աշխարհի» բարեկեցիկ անդորրը:

Այս սկզբունքն, ի դեպ, գործում է արդեն մի քանի տասնամյակ: Արեւմուտքի զարգացած երկրները վաղուց են հաշվել, թե որքան գումար են ծախսում երրորդ աշխարհի երկրներից ներգաղթածների վրա (փախստականների կացարաններ են կառուցում, նպաստներ են տալիս, հարկ եղած դեպքում` անվճար ետ են ուղարկում, եւ այլն): Հաշվել են նաեւ, որ ավելի լավ է այդ գումարների կեսը ծախսել եւ երրորդ աշխարհի երկրներում «հաղթահարել աղքատությունը»: Ե՛վ ավելի էժան կնստի, եւ՛ իրենց երկրները «մաքուր» կպահեն: Մանավանդ, որ ծայրահեղական շարժումները, որպես կանոն, ձեւավորվում են առավել աղքատ երկրներում, իսկ Արեւմուտքում իրականացվում են այդ երկրներից ներգաղթածների միջոցով: Դրա համար էլ գումարներ են հատկացնում` երկնիշ տնտեսական աճ ապահովող երկրներում աղքատությունը հաղթահարելու համար: Հատկապես գյուղական վայրերում, որովհետեւ հիմնական արտագաղթը հենց գյուղական վայրերից է:

Այս ամենն, իհարկե, չի նշանակում, թե «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերով հնարավոր չէ երկիրը զարգացնել: Իհարկե հնարավոր է: Պարզապես պետք է գիտակցել, որ աղքատության հաղթահարման (եւ տնտեսության զարգացման) ամենափորձված ճանապարհն, այնուամենայնիվ, ժողովրդավարության ամրապնդումն ու տնտեսական ազատությունն է, իսկ «կողքից» եկող գումարներն ընդամենը կարող են նպաստել դրան: Երբ ծնողը երեխային սպառնում է ճաշից զրկել` եթե դասերը չսովորի, երեխան, իհարկե, հասկանում է, որ իրեն, այսպես թե այնպես, ճաշից չեն զրկելու: Բայց դա չի նշանակում, որ հասկանալով` պիտի դասերը չսովորի: Եթե կարեւորը ճաշն է, իհարկե, կարելի է նաեւ չսովորել, բայց եթե կարեւորը բարեկեցիկ ապագան է, սովորել պետք է:

Ամեն դեպքում, եթե նույնիսկ իշխանությունները գիտակցում են, որ «Հազարամյակի մարտահրավերների» գումարները, միեւնույն է, գալու են, դա դեռ չի նշանակում, թե պետք է չարախնդալ ու առաջիկա ընտրությունները նախորդների պես անցկացնել: Վերջին հաշվով, Արեւմուտքը մեր ծնողը չէ եւ պարտավոր չէ մտածել մեր ապագայի մասին: