Կանայք եւ տղամարդիկ՝ թվերի միջոցով

16/12/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

2005թ. տվյալներով, Հայաստանում կանանց թիվը 100 հազարով գերազանցում է տղամարդկանց թվին։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում Ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Հայաստանի տղամարդիկ եւ կանայք» վիճակագրական ձեռնարկում։ Կանանց թիվը 1մլն 665 հազար է, տղամարդկանցը՝ 1մլն 554 հազար։

Համեմատության մեջ տրված տվյալները վերաբերում են կյանքի բոլոր ոլորտներին։ Ներկայացնենք դրանցից առավել ուշագրավները։

Կանայք տղամարդկանցից միջինը 6 տարով երկար են ապրում։ Կանանց կյանքի միջին տեւողությունը 76 տարի է, տղամարդկանցը՝ 70։ Պտղաբերության գործակիցը 2005թ. կազմել է 1.4։ Դա երեխաների այն միջին թվաքանակն է, որ կինը ծնում է իր վերարտադրողական տարիքի ողջ շրջանում։ Համեմատության համար նշենք, որ 1965-1966թթ. այդ գործակիցը կազմել է 3.9, 92-ին՝ 2.4։

Ըստ վիճակագիրների, Հայաստանում մարդիկ սկսել են ավելի ուշ ամուսնանալ։ Կանանց համար առաջին ամուսնության միջին տարիքը 24.5-ն է (1991թ. այդ ցուցանիշը եղել է 22.8-ը)։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, եթե 1991թ. նրանք ամուսնանում էին 25-26 տարեկան հասակում, ապա այժմ այդ տարիքը 28-ից բարձր է։

Երեխաներին տրվող անունների հարցում վիճակագրությունն այսպիսին է։ Ծնողները տղա երեխաների համար ամենից շատ գերադասում են Նարեկ անունը (հետո՝ Դավիթ, Գոռ, Էրիկ եւ այլն), իսկ աղջիկների համար ամենամոդայիկ անունը Անին է։

Հետաքրքիր է նաեւ աղջիկների եւ տղաների բաշխվածությունը՝ ըստ պետական եւ ոչ պետական բուհերի մասնագիտությունների։ Ընդհանուր առմամբ, աղջիկ ուսանողների թիվը, մանավանդ` ոչ պետական բուհերում, գերազանցում է տղաներին։ Պետական բուհերում սովորում է 38.007 աղջիկ, 35.709 տղա։ Ոչ պետական բուհերում աղջիկ ուսանողների թիվը 15.556 է, տղաներինը՝ 8493։

Մասնագիտության ընտրության հարցում տղաներն աղջիկներին գերազանցում են տրանսպորտի, իրավագիտության, տնտեսագիտության, գյուղատնտեսության ոլորտներում։ Աղջիկները բացահայտ առավելություն ունեն մանկավարժության, եւ, որքան էլ զարմանալի լինի՝ արդյունաբերության ու շինարարության բնագավառում։

Արվեստի, երաժշտության, գեղարվեստի ուսուցման դպրոցներում սովորող երեխաները մեծ մասամբ աղջիկներ են՝ 70%-ից ավելի, որոնցից 82%-ը գնում է դաշնամուրի։ Այժմ մի քանի տվյալներ զբաղվածության մասին։ Տղամարդիկ, պարզվում է, ավելի ակտիվ են։ Նրանց ընդհանուր թվի 76.8%-ը տնտեսապես ակտիվ են (աշխատունակ)։ Իսկ տնտեսապես ակտիվ կանայք կազմում են կանանց ընդհանուր թվի 48.5%-ը։ Նշենք նաեւ, որ կանանց տնտեսապես ոչ ակտիվ լինելու հիմնական պատճառը տնային հոգսերն են, որոնք կանանց 23.7%-ին թույլ չեն տալիս աշխատել։ Տնտեսական ակտիվության գագաթնակետին կանայք հասնում են 40-44 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 30-34 տարեկան հասակում։ Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 44%-ը, զբաղված է գյուղատնտեսության ոլորտում։ Կանանց 15.7%-ն աշխատում է կրթության, 12.7%-ը՝ առեւտրի եւ հանրային սննդի ոլորտում։

Եվս մի տվյալ, որը, երեւի, կաշխուժացնի կանանց իրավունքների «պաշտպանությամբ» զբաղվող հասարակական կազմակերպություններին։ Վիճակագիրները փաստում են, որ գրեթե բոլոր ոլորտներում տղամարդկանց միջին աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան կանանց։ Ամենաառատաձեռնը, պարզվում է, վարկավորման եւ պետական ապահովագրության ոլորտի հիմնարկություններն են։ Տղամարդկանց միջին աշխատավարձն այստեղ կազմում է 228.103 դրամ, կանանցը՝ 109.337։

Աշխատանք ունեցող բնակչության ավելի քան 60%-ը վարձու աշխատողներ են, մեկ երրորդը՝ ինքնազբաղված։

Անդրադառնանք նաեւ իշխանության ճյուղերին։ ԱԺ 131 պատգամավորներից 7-ը կանայք են։ Նախորդ գումարման ԱԺ-ում նրանք ավելի քիչ են եղել՝ 4 հոգի։ Գործադիր իշխանության մեջ, մասնավորապես` նախարարություններում, կանայք եւ տղամարդիկ գրեթե հավասար են՝ 2444 կին, 2465 տղամարդ։

Տոկոսային առումով (որ մասն է կին, որը՝ տղամարդ), պատկերն այսպիսին է։ Կանայք շատ են Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ՝ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններում։ Իսկ Էներգետիկայի եւ գյուղատնտեսության նախարարություններում պատկերն ավելի տխուր է՝ տղամարդիկ զգալիորեն շատ են։ Փոխարենը՝ կառավարության աշխատակազմում կանայք ունեն մեծամասնություն՝ 57%։ ՀՀ նախագահի աշխատակազմում հակառակն է՝ տղամարդիկ են շատ՝ 55.6%։

Կին նախարարները եւ փոխնախարարները 2005թ. 7-ն են։ Այս առումով ետընթաց է նկատվում՝ 2002թ. նրանց թիվը եղել է 8, իսկ 2003-ին եւ 2004-ին՝ 7 հոգի։ Նախարար եւ փոխնախարար տղամարդկանց թիվն, ընդհակառակը, աճել է. 2002թ.՝ 92, 2003 եւ 2004թթ.՝ 93, 2005թ.՝ 95։

Տղամարդիկ բացահայտ մեծամասնություն են կազմում նաեւ դատաիրավական համակարգում։ Դատավորների 81%-ը եւ փաստաբանների 62%-ը տղամարդիկ են։

Եվս մի քանի հետաքրքիր տվյալներ այն մասին, թե ինչպես են իրենց ժամանակը տնօրինում կանայք եւ տղամարդիկ՝ Հայաստանում։ Օրվա 24 ժամի մոտ կեսը գնում է անձնական խնամքի վրա (դրա մեջ մտնում է նաեւ քնելը)։ Որքան էլ զարմանալի լինի, կանայք եւ տղամարդիկ անձնական խնամքի վրա ծախսում են գրեթե հավասար ժամանակ, կանայք՝ 11 ժամ 48 րոպե, տղամարդիկ՝ 11 ժամ 44 րոպե։

Եկամտաբեր աշխատանքին տղամարդիկ հատկացնում են 5 ժամ 18 րոպե, կանայք՝ 1 ժամ 44 րոպե։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները փոխարենը շատ ժամանակ են ծախսում տնային գործերի վրա՝ մոտ 6 ժամ։ Իսկ տղամարդկանց մոտ այս ցուցանիշն օրվա մեջ կազմում է մոտ 1 ժամ։ Կանանց ազատ ժամանակը 4 ժամ 20 րոպե է, իսկ տղամարդիկ հանգստանալու ավելի մեծ հնարավորություն ունեն՝ 5 ժամ 47 րոպե։

Եվ, թերեւս, ամենաուշագրավը։ Ուսուցմանը կանայք օրվա մեջ հատկացնում են 21 րոպե, իսկ տղամարդիկ՝ 5 անգամ քիչ, ընդամենը 4 րոպե։ Սա կարող է տարբեր կերպ մեկնաբանվել՝ կամ տղամարդիկ ավելի ընդունակ են եւ քիչ ժամանակ են ծախսում սովորելու վրա, կամ էլ կանայք ուսման դերն ավելի շատ են կարեւորում։ Ըստ հայեցողության։