Համաշխարհային բանկի վարկավորմամբ եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող Քաղաքային ջեռուցման վարկային ծրագիրը (17 մլն դոլար) ուժի մեջ է մտել այս տարվա փետրվարից:
Ծրագրի նպատակն է` ջեռուցել քաղաքային բազմաբնակարան շենքերն ու դպրոցները: Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի խոսքերով, դպրոցների ջեռուցման համար ծրագրով նախատեսված է 5 մլն դոլար վարկ եւ 1,2 մլն դոլար համաֆինանսավորում պետբյուջեից: Ըստ ծրագրի, 4 տարվա ընթացքում պետք է վերականգնվեն ՀՀ 47 քաղաքների (բացի Երեւանից) շուրջ 100 դպրոցների ջերմամատակարարման համակարգերը: «Ծրագրի առաջին տարում նախատեսվում էր ջեռուցել 10 դպրոց, երկրորդ տարում՝ 30: Սակայն առաջին տարում արդեն ավարտել ենք 45 դպրոցների ջեռուցումը»,- ասում է Թ. Բաբայանը: Նրա հավաստմամբ, դպրոցների ջեռուցումը հնարավորություն է տալիս ավելացնել դասաժամերի քանակը, յուրաքանչյուր դասի ժամանակը, իրականացնել արտադասարանական պարապմունքներ, կրճատել հարկադիր արձակուրդները, դպրոցներում խմբակներ ստեղծել: «Ծրագրի շրջանակներում աշխատում ենք օգտագործել հնարավորինս էժան, բայց, միեւնույն ժամանակ, էլեկտրախնայողության տեսանկյունից արդյունավետ սարքավորումներ: Բոլոր կաթսաներն արտադրված են վերջին տարիներին եւ ունեն բարձր օգտակար գործողության գործակից, ինչն էլ կրճատում է դպրոցների ծախսերը»,- հավաստում է Թ. Բաբայանը: Այնուամենայնիվ, դպրոցների համար ջեռուցմանը հատկացվող ծախսերը բացարձակ արժեքով աճում են: «Ժամանակին, երբ էլեկտրաէներգիա էինք օգտագործում, ընդամենը 20 դասարան էինք տաքացնում եւ տարեկան մոտ 90.000 դրամ էինք ծախսում ջեռուցման համար: Բնականաբար, եթե հիմա էլ 20 դասասենյակ տաքացնեինք, ծախսերը շատ ավելի քիչ կլինեին: Բայց այժմ մենք ամբողջ շենքն ենք ջեռուցում, որի համար հաշվարկել եւ ներկայացրել ենք տարեկան 2 մլն դրամի ծախս»,- ասում է Եղեգնաձորի թիվ 3 դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը:
Այս ծրագրի շրջանակներում գյուղական դպրոցների ջեռուցման հարցը լուծելի չէ: Թ. Բաբայանը ենթադրում է, որ եթե հետագայում կառավարությունն այլ միջոցներ գտնի, միգուցե հնարավոր լինի խնդիրը լուծել նաեւ գյուղերում: Մեր այն հարցին, թե ինչ սկզբունքներով են ընտրվել ջեռուցման ենթակա դպրոցները, Թ. Բաբայանը պատասխանեց, որ ամենակարեւոր սկզբունքը ծախսարդյունավետություն է, այսինքն, թե որքան ներդրում է բաժին ընկնում մեկ աշակերտին: Դպրոցների ընտրության ժամանակ հաշվի են առնվում նաեւ աշխարհագրական կլիմայական պայմանները: Ծրագիրը սկսել է ջեռուցել ՀՀ հյուսիսային մարզերից` Շիրակից, Արագածոտնից, Գեղարքունիքից, եւ այժմ հասել է Արարատյան դաշտավայրի քաղաքներին: «Մյուս սկզբունքը, որը մեզ մոտ տարերայնորեն առաջացավ, գրված կանոններից չէր, բայց արդյունավետ էր: Մենք նկատեցինք, որ տարբեր ծրագրերի շրջանակներում վերականգնվել են որոշ քաղաքների դպրոցների ջերմամատակարարման համակարգերը, եւ տվյալ քաղաքում մնացել է մեկ դպրոց, որից աշակերտների արտահոսք է սկսվել: Այդպիսի վիճակ էր, օրինակ, Թալինում, Մարալիկում, Ջերմուկում, Նոր Հաճընում: Ուստի այդ քաղաքների դպրոցները հենց այդ սկզբունքով էլ ընտրվել են»,- նշում է հիմնադրամի տնօրենը: Ամբողջովին ջեռուցվել են նաեւ Եղեգնաձորի, Վայքի ու Գավառի բոլոր դպրոցները:
Նշենք, որ Հայաստանի բազմաթիվ դպրոցներում ամբողջական ջեռուցումը տարիներ շարունակ անլուծելի հարց է համարվել: «Սովետական տարիներից ի վեր սա առաջին դեպքն էր, երբ դպրոցն այսքան ջերմություն է տեսնում: Այս տարի նույնիսկ դասամիջոցն ենք ավելացրել, 20 րոպեանոց դասամիջոց ունենք, որովհետեւ բուֆետը գործում է: Ձմեռային արձակուրդները դեկտեմբերի 25-ից հունվարի 8-ն են, ինչպես այն երանելի տարիներին»,- ասաց Եղեգնաձորի դպրոցի տնօրենը:
Թեեւ շատ դպրոցների ջեռուցման խնդիրը կմնա չլուծված, այնուամենայնիվ, նկատենք, որ երբեմն կրթական հաստատությունների մեղքն էլ է առկա դրանում: Օրինակ, արդեն ջեռուցված մի քանի դպրոցներ այցելելիս ականատես եղանք բաց թողնված դռների: Իսկ ոմանք հավաստում են, որ երեւանյան մի շարք դպրոցներ եթե պարզապես փակեն իրենց պատուհանների անցքերը (ինչն ընդհանրապես ծախսատար չէ), ապա շենքը կտաքանա 3-4 աստիճանով: Նման նախադեպ եղել է: