Առանց Ռեւազի

07/05/2005

ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ռեւազ Ադամիան մամուլի ծանուցում է տարածել, որում ասվում է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աբխազական հակամարտությանը նվիրված քննարկմանն իրեն թույլ չեն տվել մասնակցել։ Հաղորդագրության մեջ նշվում է, թե նրա մասնակցությանը դեմ է եղել ռուսական կողմը, եւ ընդգծվում, որ անթույլատրելի է Անվտանգության խորհուրդը էքսկլյուզիվ ակումբի վերածելը, հատկապես, երբ այնտեղ այլ երկրների համար կենսական կարեւորություն ունեցող հարցեր են քննարկվում։ «Քննարկումները պետք է լինեն թափանցիկ եւ պարզ»,- ասում է Ադամիան։

«Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը խոչընդոտում է Անվտանգության խորհրդում Վրաստանի ներկայացուցչի ելույթ ունենալուն»,- գրում է ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչը։ Ի՞նչ է ասելու Վրաստանի դեսպանը, որն այդքան դուր չի գալու ռուսներին։ Նա ասելու է ճշմարտությունը Աբխազիայում ստեղծված իրավիճակի մասին։ Իսկ ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանն՝ առերես կողմ լինելով Վրաստանի տարածքային ամբողջականությանը, իրականում ամրացնում է անջատողական ռեժիմը։ Ճշմարտությունն այն է, որ Աբխազիայի բնակչությանը ՌԴ անձնագրեր բաժանելով, անպարկեշտ միջամտություններով ու սեփական պայմանները պարտադրելով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջոցով հող եւ գույք ձեռք բերելով, Ռուսաստանը պարզապես անեքսիայի է ենթարկում Աբխազիան։ Ճշմարտությունն այն է, որ ռուսական ռազմական ուսումնարանները վարժեցնում են անջատողական ռեժիմի մարտիկներին, որ Գուդաուտայի ռուսական ռազմական բազան անօրինական է եւ չի համապատասխանում այդ երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Այս պայմաններում անհնար է պատկերացնել, որ Աբխազիայի հին կամ նոր ղեկավարներն առաջիկա բանակցություններում կարող են կառուցողական դիրքորոշում ունենալ։