Օրերս լույս տեսավ «Forbes» ամսագրի հայկական տարբերակի առաջին համարը: Հայկական «Forbes»-ը, որի գլխավոր խմբագիրն է Պետրոս Ղազարյանը, ի տարբերություն մյուս երկրների նույն ամսագրերի, հարուստ է քաղաքական հրապարակումներով:
Իր առաջին համարում հայկական «Forbes»-ը հրապարակել է 10 ամենահարուստ հայաստանցիների ցուցակը: Վերջինս կազմվել է փորձագիտական հարցումների, պոտենցիալ ամենահարուստների աշխատողների, մրցակիցների, նախկին կանանց կամ ամուսինների հետ զրույցների հիման վրա: Այսպիսով, ամենահարուստ հայաստանցիներն են` Գագիկ Ծառուկյանը, Մաքսային պետական ծառայության պետ Արմեն Ավետիսյանը, Միխայիլ Բաղդասարովը, Հրանտ Վարդանյանը, Սուքիասյան ընտանիքը, Երվանդ Զախարյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Դավիթ Հարությունյանը: Հայաստանին բնորոշ ուշագրավ փաստն այն է, որ տասնյակից հինգը ոչ թե գործարարներ են, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ` ոչ այնքան բարձր աշխատավարձերով:
Ի տարբերություն հայերի, ռուսներն ավելի գրագետ են կազմակերպում իրենց բիզնեսը: Դրա օրինակը բերել էր ռուսական «Forbes»-ն իր դեկտեմբերյան համարում` պատմելով ՌԴ միակ կին միլիարդատիրոջ` Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջ` «Ինտեկո» ընկերության նախագահ Ելենա Բատուրինայի գործերի մասին: Հիշեցնենք, որ այս հրապարակման պատճառով ռուսական «Forbes»-ի տպագրությունը մի քանի օրով հետաձգվեց, մեծ աղմուկ բարձրացավ, բայց, այնուամենայնիվ, հոդվածը լույս տեսավ: Հրապարակման մեջ խոսվում է այն մասին, թե ինչպես է Բատուրինային հաջողվում իր ընկերության համար հեշտությամբ հողատարածքներ ստանալ Մոսկվայի քաղաքապետարանից: Ինքը` Բատուրինան, հերքում է, թե իր ամուսինն առավելություն է տալիս «Ինտեկոյին»: Լուժկովն էլ իր հերթին է ժխտում, որ Բատուրինայի բիզնեսի հաջողությունները շատ բաներում կապված են հենց իր անվան հետ: Իսկ «Forbes»-ի այն հարցին, թե Բատուրինան «Ինտեկոյում» բարձր պաշտոն կտա՞ արդյոք Լուժկովին, երբ 2007թ. նրա պաշտոնավարման ժամկետը լրանա, կինը պատասխանել է. «Ես կարծում եմ, նրա նման մարդիկ անհրաժեշտ են պետական պաշտոններում»: Բատուրինայի մրցակիցներն էլ համոզված են, որ Լուժկովի պաշտոնանկությունից հետո նույնիսկ «Ինտեկոյի» գործերը չեն վատանա, քանզի ամեն ինչ փոխհամաձայնեցված կլինի Մոսկվայի նոր քաղաքապետի հետ: Ի դեպ, Բատուրինայի բիզնեսն արդեն ընդլայնվել է ԱՊՀ երկրներում` Ուկրաինայում եւ Ղազախստանում: Չի բացառվում, որ «Ինտեկոն» մտնի նաեւ հայաստանյան շուկա: