Մի առիթով «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասել էր, որ Հայաստանը կարող է հայտնվել անհետացող ազգերի շարքում, քանի որ վերջին 15-20 տարիների ընթացքում ծնելիության գործակիցը նվազել է 5 անգամ: Այդ կանխատեսումները չափազանցված չեն. պաշտոնական վիճակագրության համաձայն, 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում ծնվել է 27 հազար 362 երեխա: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ծնելիության գործակիցը մնացել է անփոփոխ` հազար բնակչի հաշվով կազմելով 11,4 պրոմիլ: Փոխարենը, հանրապետությունում 0,3 պրոմիլով աճել է մահացության գործակիցը. նշված ժամանակաշրջանում մահացել է 20,4 հազար մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 19,6 հազարի փոխարեն: Բնականաբար, 0,4 կետով կրճատվել է նաեւ բնական աճի գործակիցը:
Բնական աճի հետ կապված խնդիրներ ունեն նաեւ զարգացած երկրները` քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ կտրուկ նվազում է նաեւ ծնունդների քանակը: Միջազգային վիճակագրական ցուցանիշների համաձայն, սովորաբար ամենաշատ երեխաներ ծնվում են ամենաաղքատ երկրներում, օրինակ՝ Բանգլադեշի Հանրապետությունում, իսկ ամենաքիչը` Շվեյցարիայում, որը մտնում է աշխարհի ամենահարուստ երկրների եռյակի մեջ: Մասնագետների դիտարկումների համաձայն, զարգացած երկրներում ձեւավորված արժեքային համակարգերը չեն նպաստում ծնունդների ավելացմանը, քանի որ այդպիսի համակարգերում մարդիկ եսակենտրոն են եւ չեն ցանկանում իրենց ազատ ժամանակը տրամադրել երեխաների խնամքին: Անշուշտ, մենք Բանգլադեշի հետ համեմատվել չէինք ցանկանա, չնայած հայկական ասացվածք ունենք, որ խորհուրդ է տալիս` «յոթը որդով սեղան նստել»: Մեր ժամանակակից ձգտումները տանում են դեպի Եվրոպա: Ընտանիքում անդամների թվի ավելացման մասին որոշում կայացնելուց առաջ պետք է մտածել, թե ծնված երեխային ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով պետք է պահել: Եթե չասենք, որ հղիանալն ու ծննդաբերելն էլ մեր օրերում թանկ հաճույք է համարվում: «Եթե ֆինանսապես ապահովված չես, ապա ինչպե՞ս ես հանդգնում երեխա ունենալ»,- զարմացած հարցրել էր «էխոյի» բժշկուհին պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիա հաճախած հղի մի կնոջ: Մեր մեծերը մի խոսք ունեն, որ հաճախ են սիրում կրկնել` «ամեն երեխա իր ղսմաթն ունի»: Սա այնքան էլ արդարացված մոտեցում չէ: Գաղտնիք չէ, որ սոցիալական վատ պայմաններում ծնված երեխաներն ավելի հաճախ են առողջության հետ կապված խնդիրներ ունենում: 2003-2004թթ. Հայաստանի 11 մարզերում մանկական ազգաբնակչության շրջանում կատարված սկրինինգային հետազոտությունները, որ միտված էին մանկական հաշմանդամության վաղ բացահայտմանն ու կանխարգելմանը, ցույց են տալիս, որ հարցված երեխաների 12%-ը կարող էին ունենալ հաշմանդամություն:
Ներկայումս շատ երկրներ բնական աճ ապահովում են ներգաղթի խրախուսման եղանակով, օրինակ` Բելգիան, Կանադան, ՌԴ-ն: ՌԴ կառավարությունը 2007 թվից նաեւ երկրում ծնելիության խրախուսմանն ուղղված լուրջ մարտավարական քաղաքականություն է իրականացնելու` եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելով պետական նպաստների չափը: Մեզ մոտ պետական քաղաքականության մոտեցումները տրամագծորեն տարբերվում են ՌԴ-ից: Մոտակա տարիներին պետբյուջեի միջոցները հնարավորինս կբավականացնեն պետության վերին էշելոնի` չինովնիկների աշխատավարձերի եւ կենսաթոշակների հավելումներին: ՀՀ-ում ծնունդօգնությունը մտնում է պետության կողմից երաշխավորված բուժօգնության մեջ, այսինքն, յուրաքանչյուր ծնված երեխայի (նաեւ կեսարյան հատման ճանապարհով ծնված) համար պետությունը հատկացնում է որոշակի գումար: Այսպես, այս տարվա պետպատվերի շրջանակներում, ընդհանուր դեպքեր որակված մեկ ծնունդի համար պետությունը հատկացրել է 45.500 դրամ (կեսարյան հատում` 73.800 դրամ), իսկ մասնագիտացված դեպքերում` մեկ ծնունդի համար` 53.200 դրամ (կեսարյան հատումը` 91.200 դրամ): Այս հատկացումները զարմանք կարող են առաջացնել արդեն ծննդաբերած կանանց մոտ, որովհետեւ Երեւան քաղաքի որեւէ ծննդատան համար պետպատվերը խորթ հասկացություն է: Ծնունդների միջին գինը՝ ոչ կեսարյան ճանապարհով, սկսվում է 300 դոլարից: Իսկ կեսարյան հատման ժամանակ մինչեւ ծննդատան անձնակազմին հրաժեշտ տալը 800-1000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ: Առավոտյան հերթափոխի ժամանած բուժքրոջը հուզող հարցը ոչ թե նորածինների թիվն ու նրանց առողջությունն է, այլ` թե քանի՞ փող տվող հիվանդ կա: Հանրապետական ծննդատան Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում երկու տարի առաջ ականատես եղա, թե ինչպես են հերթապահող բուժքույրերը հսկում նորածինների «ակվարիումների» մոտ: Այդ պահին բաժանմունքում (այնտեղ գտնվող նորածինները կյանքի եւ մահվան սահմանաբաժանին են) գտնվող քուվեյզներից հսկվում էին միայն փող տվողներինը: Մնացածն Աստծո օգնությամբ են հաղթահարում իրենց նոր սկսված կյանքի ճգնաժամը: 2005թ. «ՀՀ Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունը», որը կատարել են Ազգային վիճակագրական ծառայությունն ու Առողջապահության նախարարությունը, վկայում են, որ հանրապետությունում ամուսնացած կանանց մեծամասնությունը ցանկանում են պլանավորել իրենց ապագա պտղաբերությունը, եւ դա պատահական չէ: Հարցվողների 70 % -ը չեն ցանկացել այլեւս երեխա ունենալ: Ծնելիության սահմանափակման ցանկությունը զգալի աճում է երեխաների թվաքանակին համընթաց: Օրինակ, երեխա չունեցող գրեթե բոլոր ամուսնացած կանայք ցանկացել են մոտ ապագայում երեխա ունենալ, իսկ այն 10 կանանցից 8-ը, ովքեր ունեն երկու երեխա, պատասխանել են, որ այլեւս չեն ուզում երեխա ունենալ: Ժողովրդագրական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում ծնված երրորդ եւ ավելի երեխաների թիվը հասնում է մոտ 5 հազարի:
2006թ. հունվարի 1-ից գործում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որի սահմանած սկզբունքների համաձայն, ըստ Աշխատանքի եւ սոցիալական նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի, առաջնահերթությունը երեխաներին տրվող աջակցությունն է: Իսկ 2005թ. ընդունված մեկ այլ` «Պետական նպաստների մասին» օրենքը սահմանում է երեք տիպի նպաստ՝ ընտանեկան, ծննդյան եւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստներ: «Երեխաների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը մշտապես գտնվում է եւ պատգամավորների, եւ լրագրողների, եւ գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում: Ընտանեկան նպաստի համակարգում էլ բազային նպաստին ավելանում են հավելումներ միայն երեխաների մասով: Միաժամանակ սահմանվել է միանվագ օգնություն աղքատ եւ նպաստի իրավունք ունեցող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում` լրացուցիչ 35 հազար դրամ, առաջին դասարան հաճախող երեխաներին` 20 հազար դրամ: Այս տարի շուրջ 20 հազար առաջին դասարանցիներ ստացել են այդ նպաստները: Պաշտոնապես հանրապետությունում աղքատության տոկոսը 29,9 է, իսկ նպաստառու ընտանիքների թիվը` 18 տոկոս: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ներկայումս հաշվառված են 190 հազար ընտանիք, որոնցից նպաստառու են 130 հազարը: Միանշանակ հասկանալի է, որ կան աղքատ ընտանիքներ, որ նպաստ չեն ստանում: Հնարավորություններն այսօր այսքանն են: Օգնել աղքատների՞ն, թե՞ ծայրահեղ աղքատներին: Սրանում է խնդիրը: Առայժմ աղքատության այս բարձր մակարդակում բոլոր շեշտադրումները կատարվում են ընտանեկան նպաստների վրա: Եկող տարի շուրջ 27 մլրդ դրամ է նախատեսված համակարգի համար»,- ասում է Ա. Մինասյանը: Նախարարության առաջարկությամբ, 2007թ. ընթացքում անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքներում ծնված երրորդ եւ ավելի յուրաքանչյուր երեխայի համար կտրվի միանվագ օգնություն, որը նախագծով որոշված է 200 հազար դրամ: Այն իրականություն կդառնա 2007թ. բյուջեի ընդունումից եւ կառավարության համապատասխան որոշումից հետո: Նախնական հաշվարկներով, անապահովների համար նախատեսված ծննդյան միանվագ նպաստներից կօգտվեն մոտ 3 հազար երեխաներ: Այսինքն, դա չի տարածվելու աղքատ Հայաստանի մյուս նորածինների վրա: Անկախ դասակարգումից` ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի հատկացվելու է միայն ծննդյան միանվագ նպաստը, որը ներկայումս կազմում է 35 հազար դրամ: «Երբ որ համեմատում ես օրվա պահանջների բացարձակ թիվը, անշուշտ խնդիրներ են առաջանում, իսկ երբ դիտարկում ենք տարիների դինամիկայի մեջ, ապա մի քանի տարի առաջ ծննդյան միանվագ նպաստները 5900 դրամ էին, 2003թ. դարձան 35 հազար դրամ, լրացուցիչ 35 հազար դրամ էլ սահմանված էր ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների համար»,- նշում է վարչության պետը: Երկրում ծնելիության խթանմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն ունի նաեւ ՕԵԿ-ը: «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նրանց նախագիծը (ԱԺ օրակարգում ընդգրկված չէ) նախատեսում է ՀՀ-ում ծնված ընտանիքի առաջին երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ սահմանել 100 հազար դրամ, երկրորդ երեխայի ծննդյան համար` 150 հազար, երրորդ երեխայի ծննդյան համար` 250 հազար, չորրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար` 400 հազար դրամ, իսկ ահա ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքներում ծնված երեխաների նպաստի չափը, նախագծի համաձայն, կրկնապատկվում է: Ծննդյան միանվագ նպաստների այս հավելումներն ընդամենն օրեսդրական նախաձեռնություն են, եւ չգիտես` երբեւիցե օրենքի ուժ կստանա՞ն, թե՞ ոչ: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջինս այլեւս իշխանաթող եղած կուսակցության առաջարկ է:
Հաջորդ հրապարակման մեջ կանդրադառնանք նաեւ ծնելիությանը խոչընդոտող մեկ այլ խնդրի` անպտղությանը: