«Մեր երկրում առաջին հերթին պետք է սիրենք, լսենք ու գնահատենք մեր երաժշտությունը»,- այսպես որոշեցին ռադիո «Վանի» աշխատակիցներն ու ծնվեց «Ոսկե քնար» հայ երգի փառատոնը, որն արդեն 5 տարեկան է: Հինգ տարի շարունակ լավագույն երգի ընտրության հնարավորությունը տրվում է ժողովրդին: Ռադիոկայանն ընտրում է երգացանկը, իսկ այդ երգերից լավագույններն ընտրում է ռադիոլսողը: Այս ամենն ամփոփվում է տարեվերջին` «Ոսկե քնար» մրցանակաբաշխությամբ:
«Ոսկե քնար» 2006-ը Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում միացրեց երգիչ-երգչուհիներին, ռադիո «Վանի» անձնակազմին, ռադիոլսողին ու մարդկանց, ովքեր մոտ են կանգնած հայ երգին: Համերգի ժամանակ երգիչ-երգչուհիներին հնարավորություն տրվեց լավագույնը ճանաչված երգը երգել կենդանի նվագակցությամբ: Նրանց հանձնվեց մրցանակ` «Ոսկե քնար» արձանիկ եւ դիպլոմ: Սահմանված էին նաեւ հատուկ մրցանակներ: Հատուկ մրցանակի արժանացած Ավետ Բարսեղյանի խոսքերով` սա ամենաբարի մթնոլորտով մրցանակաբաշխությունն է: «Երեխաները դաստիարակվում են հայ երգով, եւ կարեւոր չէ՝ ե՞ս եմ գրել այդ երգը, թե՞ Պողոսը»,- ասում է նա: «Մրցույթի շրջանակներում ես երբեք չեմ կարող իմ երգի օգտին ձայն տալ»,- ասում է Շուշան Պետրոսյանը: Երգչուհու կարծիքով, բոլոր այն ծրագրերը, որ իրականացնում է ռադիո «Վանը», «ամենաազնիվ ու բարի մրցանակաբաշխություններն են»: Նշված բարի մթնոլորտում զարմանալի չէ, որ երգիչները շփվում էին միմյանց հետ, բեմից հիշում էին, թե ո՞վ՝ ո՞ւմ եւ ի՞նչ երգ է խոստացել: Որպես տրամադրություն ստեղծող եւ էությամբ աշխույժ անձնավորություն, համերգը վարող հաղորդավարներ Ժակին ու Լուլուին էր միացել երգչուհի Անի Քրիստին: «Փառատոնի միակ խնդիրը երգացանկի մեջ է, երգերը հիմնականում տխուր են: Մյուս տարի կաշխատենք անել այնպես, որ աշխույժ ու կյանքով լի երգերը գերակշռեն»,- ասում է ռադիո «Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: