Խաղամոլը պապդ ա

07/05/2005

Ռուս գրականության հանճար Ֆեոդոր Դոստոեւսկու թոռան թոռն անսովոր մի հայց է ներկայացրել, որով փորձում է վիճարկել այն կարծիքը, թե իր պապը խաղամոլ է եղել։ Սանկտ Պետերբուրգցի թոշակառու, վաթսունամյա Դմիտրի Անդրեեւիչ Դոստոեւսկուն զայրացրել է մեծ գրողի դիմանկարով վիճակախաղի տոմսերի հայտնվելը։ Օրերս Independent-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե վիճակախաղի այդ տոմսերը մարդկանց ոչ ճիշտ պատկերացում են տալիս մեծանուն գրողի մասին։

– Ես պետք է վերջ դնեմ այդ ամենին,- ասել է նա եւ ավելացրել, որ Դոստոեւսկին 150 տոկոսով հրաժարվել էր մոլախաղերից եւ ծայրահեղ ազնիվ մարդ էր։ Նրա փաստաբանները վիճակախաղի տոմսերը թողարկող ընկերությունից որպես բարոյական փոխհատուցում պահանջում են 200.000 ռուբլի։ Նրանք ասում են, որ համաձայն Ռուսաստանի օրենքների, թողարկողները պետք է ստացած լինեին Դմիտրի Անդրեեւիչ Դոստոեւսկու թույլտվությունը։

Դոստոեւսկու դիմանկարով վիճակախաղի տոմսերը հայտնվել էին անցած նոյեմբերին, բայց հիմա այլեւս չկան։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Դոստոեւսկին խաղամոլության հիվանդագին կիրք ուներ եւ հաճախ իր վեպերը գրում էր ահռելի արագությամբ, որպեսզի փակեր վարկատուների պարտքերը։ Թղթախաղի սեղանի մոտ նա ժամանակ առ ժամանակ տանուլ էր տալիս բավական խոշոր գումարներ եւ արդյունքում նույնիսկ գրեց «Խաղամոլը» վեպը, որի գխավոր հերոս Ալեքսեյ Իվանովիչը խաղատնից խաղատուն էր թափառում գերմանական մտացածին Ռուլետենբերգ քաղաքում։

Ժամանակակից բազմաթիվ խաղամոլներ հաստատում են, որ «Խաղամոլը» նրան օգնել է ազատվել այդ մոլուցքից։ Գրողը ժամանակի ընթացքում դարձել է կրոնասեր մարդ՝ մշտապես փորձելով զսպել իր այդ կիրքը, բայց երբ չէր հաջողվում Ֆեոդոր Միխայլովիչը վաճառում էր կնոջ հագուստն ու զարդեղենը։