Հակիրճ, վավերագիր ու պրոֆոսիոնալ

16/12/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի կինոգետների ու կինոլրագրողների ասոցիացիան իր գործունեությունը սկսել է 1996 թվականից՝ միավորելով կինոգետների, տեսաբանների ու կինոյին անդրադարձող լրագրողների աշխատանքը։ Ասոցիացիան կինոյի զարգացմանն ուղղված սեմինարներ է կազմակերպում եւ Հայաստանի ամենախոշոր կինոփառատոնի՝ «Ոսկե ծիրանի» համահիմնադիրն է։

Ասոցիացիան մեծ գործ է անում՝ թողարկելով կինոուղեցույցներ եւ հայկական կինոյի մասին պատմող լիակատար կատալոգներ։ Իր տասնամյա գործունեությունը ասոցիացիան որոշեց նշել հերթական կինոփառատոնով։ Երկու օր` դեկտեմբերի 10-12-ը, «Նարեկացի» մշակութային կենտրոնում ցուցադրվում էին «Մարգարեթ Միդ» վավերագրական կինոփառատոնի շրջանակներում ընդգրկված կարճամետրաժ ֆիլմերը։ «Մարգարեթ Միդ. կինո եւ վիդեո» փառատոնը ծնվել է ԱՄՆ-ում եւ կրում է անտրոպոլոգ՝ մարդաբան Մարգարեթ Միդի անունը, ով ցանկացել է կինոյի շնորհիվ մարդկությանը բանավիճելու ու սեփական տեսակետը ներկայացնելու հնարավորություն տալ։ Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում նկարահանված վավերագրական ֆիլմերն ուղարկվում են արտասահմանյան գրադարաններ, համալսարաններ, մշակութային կենտրոններ՝ պրոպագանդելով սուր հայացք ունեցող վավերագրական ֆիլմերը, որոնք սովորաբար դուրս են մնում խոշոր փառատոներից եւ մեծ էկրաններից։ Երեւանում ցուցադրված ֆիլմերի ընտրությունը կատարվել էր սույն փառատոնի կազմակերպիչների կողմից, ինչը Հայաստանի կինոգետների ու կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը բացթողում համարեց, քանի որ ցուցադրված շատ ֆիլմեր ասոցիացիայի անդամները չէին հասցրել նախօրոք դիտել եւ միջամտել դրանց ընտրությանը։ Սակայն Հայաստանը հնդկական, ավստրալական, իրանական, մեքսիկական ֆիլմերի կողքին կարողացել էր շատ գեղեցիկ ներկայանալ ու ցուցադրել չորս հայկական ֆիլմեր՝ Սուրեն Տեր-Գրիգորյանի «Կրակից ծնվածը», Ռուբեն Խաչատրյանի «Աղոթեք մեզ համարը» եւ Նիկա Շեկի «Քարերի երգն» ու «Միակողմանի խաղը»։

Հայկական վավերագրական կինոն թեեւ չունի հասարակական մեծ պահանջարկ ու քիչ է ցուցադրվում հեռուստատեսությամբ, սակայն արդեն բավականին հայտնի երիտասարդ ռեժիսորներով է համալրվել։ Այդ շարքում է 25-ամյա հայ ռեժիսոր Եվգենյա Շեկոյանը, ով աշխարհին է ներկայանում Նիկա Շեկ կեղծանվամբ։ Նիկան, ում երակներում հայկական արյունը միահյուսվել է գնչուական արյան հետ, սովորել է Մոսկվայի Կինոյի ինստիտուտում՝ ՎԳԻԿ-ում։ Հիմա նա իր կյանքը բաժանում է Մոսկվայի ու Գերմանիայի միջեւ ու իր յուրաքանչյուր ազատ վայրկյանն օգտագործելով՝ Հայաստան է այցելում։ Կենսուրախ ու պրոֆեսիոնալ այդ աղջիկը խոստովանում է, որ Հայաստանում կինո նկարահանելը շատ ավելի շնորհակալ գործ է, քան եվրոպական կինո ստեղծելը։ Նիկա Շեկը տարբեր փառատոների հաճախակի հյուրն է, վերջերս նրա վրացական՝ «Մեր ժամանակի հերոսը» ֆիլմը կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Հետք» վավերագրական կինոյի մրցույթի գլխավոր մրցանակակիրը դարձավ։ Նա ներկայացրել էր «Քարերի երգը» 26-րոպեանոց ֆիլմը, որը պատմում է Սաղմոսավանք գյուղում բնակվող փոքրիկ տղայի մասին, որը զրկված է լսելու ու խոսելու հնարավորությունից եւ որն իր կյանքը ապրում է՝ փորձելով զգալ բնության ձայներն ու շշուկները։ Ֆիլմի հեղինակը կարողացել է ընդգծել, որ պետք չէ խղճալ դժվար ապրող այդ ընտանիքի զավակին, այլ պետք է նայել նրա աչքերին ու համոզվել, որ նա առանձնահատուկ շնորհի տեր մարդ է։ Նրա հետ զրուցում են քարերը, գետը, տաճարի լուսամուտներից ներս թափանցող արեւի լույսի շիթերը։ Տղայի մայրը համոզված է, որ հայրենի գյուղում տղան կարողանում է լսել։ Նիկա Շեկի գրեթե բոլոր ֆիլմերի համահեղինակն իր մայրն է՝ Կարինե Վերդյանը։ Նրանք միասին են նկարահանել նաեւ Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի անդամների մասին պատմող «Միակողմանի խաղ» ֆիլմը, որը բազմաբնույթ հարցերի ու խնդիրների սկիզբ կարող է դառնալ։ Ֆուտբոլ խաղացող չորս աղջիկները պատմում են իրենց երազանքների, սիրո, տղամարդկանց հետ ունեցած հարաբերությունների մասին, ու պարզ է դառնում, որ նրանց մեծ խիզախություն էր պետք այդ զուտ տղամարդկային սպորտաձեւով զբաղվելու համար: Եվ այն մասին, թե այդ աղջիկները տղամարդկանցից որքան են ջերմություն ու հարգանք սպասում։ Աղջիկները շատ բան չեն ուզում` ուզում են լավ ֆուտբոլիստուհի դառնալ ու ամուր ընտանիք կազմել: Երկուսը՝ միաժամանակ: Գենդերային հավասարությունն այս ֆիլմում շատ կոնկրետ ուրվագիծ է ձեռք բերում։ Նիկա Շեկի հետ մեր զրույցը թույլ է տալիս մտածել, որ կին կինոռեժիսորը` այդ ֆուտբոլիստուհիների նման, կարող է միաժամանակ եւ էմոցիոնալ, եւ պրոֆեսիոնալ լինել: Եվ լավ կինո նկարահանել:

– Կարճամետրաժ վավերագրական կինոն հիմնականում փառատոների է ուղարկվում։ Փառատոնը միա՞կ միջոցն է կարճամետրաժ ֆիլմերի հետ ծանոթանալու համար։

– Մեզ մոտ այդպես է։ Իսկ Եվրոպայում, օրինակ, մեծ գումարներով նկարահանված, «դրամարկղային» ֆիլմերի ցուցադրումից առաջ ընդունված է մի քանի կարճամետրաժ հետաքրքիր ֆիլմեր ցուցադրել։ Կարճամետրաժ ֆիլմերը հիմնականում ցուցադրվում են հեռուստատեսությամբ, որեւէ ալիք պատվեր է անում կամ հեղինակից գնում է ֆիլմը ու ցուցադրում։ Իսկ մեր հեռուստաալիքները թեեւ մեկ-մեկ ցուցադրում են դրանք, բայց ամեն կերպ ուզում են հասկացնել հեղինակին, որ կարճամետրաժ ֆիլմ ցուցադրելով իրենք մեծ «լավություն» են անում հեղինակին։

– Իսկ հանդիսատեսը նման ֆիլմերի պահանջարկ ունի՞։

– Իհարկե։ Պարզապես ֆիլմը պետք է ճիշտ ներկայացնել, ճիշտ մատուցել ու հետաքրքրել հանդիսատեսին։ Գեղարվեստական ֆիլմերը կարող են նաեւ կինոթատրոններում ցուցադրել, իսկ վավերագրական ֆիլմերի ամենաճիշտ հասցեատերը հենց հեռուստաէկրանն է։ Որքան հասցրել եմ նկատել, վավերագրական կինոն մեծ պահանջարկ ունի, սակայն հայկական մամուլը դրան կարծես «ձախ աչքով» է նայում։ Մամուլը պետք է կենդանացնի վավերագրական կինոն։ Հեղինակային կինոհայացքը հետաքրքիր ու կենդանի է, ու հուսով եմ, որ միշտ էլ կենդանի կմնա։ Հեղինակային ու «դրամարկղային» կինոն միայն առաջին հայացքից են իրարից տարբերվում, իրականում դրանք միահյուսված են եւ իրարից անջատ գոյություն ունենալ չեն կարող։ Տեսեք՝ ի՞նչ կատարվեց Ռուսաստանում. «դրամարկղային» կինոյի բում տեղի ունեցավ, կինոարտադրություն մեծ գումարներ մտան, ու միանգամից սկսեց զարգանալ հեղինակային կինոն։ Մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող։

– Կանանց թեման հաճա՞խ է հայտնվում քո տեսադաշտում։

– Ես կանանց մասին երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմ եմ նկարահանել։ Ճիշտն ասած, կանանց թեման այնքան բարդ է, որ ես վերջերս ուղղակի անընդհատ այն փորում-փորփրում եմ ու փորձում եմ ճիշտ տեսանկյունը գտնել։ Բայց, միեւնույն է, կանանց ու տղամարդկանց հավասարության հարցին միանշանակ պատասխան չեմ գտնում։ Հիմա բոլոր պրոցեսները շատ արագ են առաջ գնում, առաջ է գնում նաեւ կինը։ Արեւմտյան մոդելը շատ բացասական կողմեր ունի, քանի որ քայքայում է մեր ընտանեկան հիանալի ավանդույթները։ Բայց պետք է հաշվի առնել, որ որոշ հայկական ընտանիքներում կինը կարող է նաեւ շատ սարսափելի վիճակում հայտնվել։ Եվրոպայում կինն ու տղամարդը կարծես իրենց դերերով փոխվել են, ու, երբ մտածում եմ, որ մեզ մոտ էլ նման իրավիճակ կստեղծվի, ակամայից մտածում եմ՝ գրողը տանի, բա դա մեզ պե՞տք է։

– Դու պատրա՞ստ ես ապրել ու աշխատել Երեւանում։

– Վերջին մեկ տարվա ընթացքում ես փորձում եմ ապրել Երեւանում, մինչ այդ Երեւանում երկու ամսից ավելի չեմ ապրել։ Հիմա ես անկեղծորեն ուզում եմ այստեղ ապրել, չգիտեմ՝ կստացվի՞ դա ինձ մոտ, թե՞ ոչ։ Ես շատ եմ ցանկանում օգտակար լինել հայկական կինոյին ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին։ Շատ եմ սիրում Հայաստանը եւ երազում եմ այստեղ ֆիլմեր նկարահանել։ Ուրիշ երկրներում ես տանջվում եմ ու կարծես իմ տեղը չեմ գտնում։ Թեեւ ես հիմա Գերմանիայում սովորում եմ ու աշխատանք ունեմ Մոսկվայում, բայց երջանիկ կզգամ ինձ, եթե կարողանամ Հայաստանում ապրել։

– Հայաստանում ապրելով ու աշխատելով, կարելի է շատ ավելի զգալի հաջողության հասնել ու «առաջ» տանել հայկական կինեմատոգրաֆի շոգեքարշը։

– Այդ հույսով էլ ապրում եմ։