Բանաստեղծական հեռանկար

16/12/2006 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Ֆրանսիայում վերջերս հրատարակվեց «Փնտրվում է» (Avis de recherche) վերնագրով ժամանակակից հայ բանաստեղծության անթոլոգիա, որտեղ ընդգրկված են 20 հայաստանցի եւ սփյուռքահայ բանաստեղծների ստեղծագործություններ: Այս առիթով Ֆրանսիայում անթոլոգիայի հեղինակներից չորսը հոկտեմբերի 6-11-ը հանդիպումներ ունեցան մի քանի քաղաքներում ֆրանսիացի ընթերցողների հետ:

Երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) այս անթոլոգիան հրատարակել է «Պարանտեզ» (Parentheses) հրատարակչությունը 2000 տպաքանակով, ֆինանսապես աջակցել է Ֆրանսիայի Մշակույթի նախարարության գրքերի հանձնախումբը, որը ֆինանսավորում է արժեքավոր այնպիսի գրքեր, որոնք եկամուտ չեն կարող բերել:

Երեւանում այն կարելի է ձեռք բերել «Արտբրիջ» գրախանութում: Ի տարբերություն ֆրանսերեն հրատարակված նախկին անթոլոգիաների, որոնք որեւէ բանաստեղծի սուբյեկտիվ ճաշակով էին կազմված, եւ թարգմանությունը դառնում էր այդ բանաստեղծի ստեղծագործության մի մասը, «Փնտրվում է» անթոլոգիան կոլեկտիվ աշխատանք է, ստեղծագործություններն ընտրել են հայաստանցի բանաստեղծների թարգմանիչ Նունե Աբրահամյանը, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը եւ Սորբոնի համալսարանի դասախոս, գրող Գրիգոր Պլտյանը, իսկ բանաստեղծական թարգմանությունն արել է ֆրանսիացի բանաստեղծ Ստեֆան Ժուրանիքսը:

Ժուրանիքսի նախաբանում ասված է. «Չվայելելով այլեւս պետական աջակցություն` այս բանաստեղծները վայելում են ստեղծագործական կատարյալ ազատություն, որը դրսեւորվում է ամենատարբեր ուղղություններով եւ փորձարարությամբ: Հիմնովին վերանայելով գրական տեքստ հասկացությունը` նրանք դիմում են, Մարինե Պետրոսյանի արտահայտությամբ, ոչ նորմատիվ լեզվի, այսինքն` մի լեզվի, որ թե՛ գրական, թե՛ բանավոր հին նորմերը խախտում է, բայց նոր նորմեր հաստատելու նպատակ էլ չունի, այն վայելում է իր` նորմայից դուրս վիճակը` իբրեւ գրական խնդիր»:

Գրիգոր Պլտյանն ասել է, որ անթոլոգիան կազմելիս նկատի է առնվել, որ հեղինակները ծնված լինեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Եթե 20 տարի առաջ նման անթոլոգիա հրատարակվեր, ապա հավանաբար սփյուռքահայ բանաստեղծությունը առավել բողոք կարտահայտեր (կապված ցեղասպանության հետ), իսկ հայ պոեզիան` լավատեսական հայրենասիրություն, կամ կլիներ ենթատեքստային` այլաբանություններով հագեցած: Այժմ պատկերը հակառակն է:

Հայաստանցի բանաստեղծների ստեղծագործություններն առավել սոցիալական են, հուսահատության ու տխուր տրամադրություններով, որ մեկ առաջացնում է նախկին սովետական իրականությունը, մեկ` ներկա անկախ Հայաստանի հակասությունները: Դրանք երբեմն արտահայտվում են հումորով, ինչպես ամենատարեց հեղինակ, 61-ամյա Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծություններում, որոնցից մեկից վերցված է գրքի վերնագիրը («Փնտրվում է»-ն ֆրանսերեն համարժեքն է «Ոստիկանական լրատու» վերնագրի, որի մեջ հեղինակը գրում է. «Քսաներորդ դարի վերջին, ժամը 16-անց 15 րոպեին/ հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից եւ չի վերադարձել… / տեսնողներին խնդրում ենք/ շտապ հայտնել պառլամենտ,/ որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր/ նոր ընտրությունների համար»), երբեմն` սիրային զգացմունքը խաղարկելով, ինչպես Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծությունում. «Այս քաղաքում, սեր իմ/ թիթեռներն անգամ էլ չեն մեռնում լույսի համար,/ նրանք միշտ էլ դուրս են պրծնում թեթեւ այրվածքներով»: Եվ, ի վերջո, սկսում է միայն հետաքրքրել, ինչպես Աշոտ Խաչատրյանին. «Եվ ով ինձ հերձողին կվճարի»: Իսկ սփյուռքահայերինը առավել լեզվի հետ խաղարկվող, նորարարական կամ անձնական, ապասոցիալական վերապրումների պոեզիա է: Եվ եթե կրկին իրականության հետ անհաշտություն կա, ապա կապված է Հայաստանի հետ, ինչպես Վեհանուշ Թեքյանի տողերում. «Իմ երկիրս տխուր է, քանի որ ես այդտեղ չեմ»:

Մարսելի միջազգային պոեզիայի կենտրոնը (CIPM), որ պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում տարբեր երկրների բանաստեղծների հետ, անթոլոգիայի լույսընծայման առիթով հրավիրել էր բանաստեղծներ Մարինե Պետրոսյանին, Արմեն Շեկոյանին, Վիոլետ Գրիգորյանին Հայաստանից եւ Գրիգոր Պլտյանին Փարիզից, որոնք Մարսելում եւ մի քանի քաղաքներում ներկայացրին իրենց բանաստեղծությունները: «Ինձ համար հետաքրքիր վիճակ էր, որ պոեզիան թողնելուց հետո պոետի դերում էի,- ասում է Արմեն Շեկոյանը, որ հինգ տարի այլեւս բանաստեղծություն չի գրում եւ անցել է արձակի: – Առաջ կամ չէի արտասանում գրածներս, կամ, որ շատ էին ստիպում, արտասանելիս հուզվում էի: Այժմ շատ ազատ էի արտասանում, ինչպես դերասանը, երբ ուրիշի գործերն է կարդում»:

Վիոլետ Գրիգորյանն ասում է, որ ի տարբերություն նախկին արտասահմանյան գրական շրջագայությունների, երբ հայ գրողներն ու բանաստեղծները հանդիպում էին սփյուռքի միջավայրին, որտեղ քննարկվում էին ազգապահպանման եւ այլ ազգային խնդիրներ, ապա այժմ շփումներ եղան ֆրանսիական գրական միջավայրի հետ, որտեղ հետաքրքրված էին գրական խնդիրներով:

www.armenianow.com