Գործնական հարաբերությունների էթիկետը

16/12/2006

Կարեւոր է որեւէ մեկին ներկայացնելը: Սովորաբար ներկայացնում են.

– տղամարդուն` կնոջը
– տարիքով կրտսերին` տարիքով ավագին
– ավելի ցածր պաշտոն ունեցողին` ավելի բարձր պաշտոն ունեցողին
– մի աշխատակցին` աշխատակիցների խմբին:

Ներկայացնելիս ասում են ներկայացվողի, ապա եւ դիմացինի անուն-ազգանունը, օրինակ` «Թույլ տվեք ներկայացնել այսինչին»: Նոր ծանոթացողներն իրար ձեռք են սեղմում եւ հերթով ասում իրենց անուն-ազգանունը: Նոր ներկայացվողը դա չի անում, քանի որ ներկայացնելիս նրա անունն արդեն ասվել է: Անուն-ազգանունները պետք է հստակ արտասանել, որպեսզի նորից կրկնելու կարիք չլինի:

Ներկայացնելիս ընդունված է ասել մարդու պաշտոնը, օրինակ` պարոն (տիկին) նախագահ, պարոն նախարար, պարոն տնօրեն եւն: Ինչ վերաբերում է գիտական կոչումներին, ապա կարելի է պաշտոնի փոխարեն անվանել մարդու կոչումը, օրինակ` պարոն պրոֆեսոր: Նշենք, որ եթե մարդը դոցենտի կոչում ունի, գիտական աշխարհում ընդունված չէ նրան պարոն դոցենտ կոչել, սովորաբար նրան եւս դիմում են` պարոն պրոֆեսոր:

Կան նաեւ ներկայացնելու այլ ձեւեր: Օրինակ` Գերմանիայում ընդունված է տղամարդկանց դիմել «հերր», կանանց` «ֆրաու», Մեծ Բրիտանիայում` «միստր», «միսիս», «միսս», Ֆրանսիայում եւ մյուս ֆրանսախոս երկրներում` «մսյե», «մադամ», «մադմուազել»:

Ինչպիսի՞ն պետք է լինի գործարարի հագուստը

Գործնական կոստյումի տաբատը կարող է ներքեւում ծալվածք (մանժետ) ունենալ, սակայն դա պարտադիր չէ: Տաբատի երկարությունը հետեւի կողմից պետք է հասնի կրունկի միջին մասին, իսկ առջեւից պետք է թեթեւակի ծածկի կոշիկը: Տաբատի ծալքը պետք է լավ արդուկված լինի եւ ուղիղ: Գոտին պետք է լինի միմիայն բնական կաշվից, մուգ գույնի, համեստ, աչքի չընկնող ճարմանդով. ոչ մի առյուծի կամ գայլի գլուխ:

Վերնաշապիկը պետք է լինի նուրբ բամբակից, բաց երանգների` սպիտակ, բաց մոխրագույն, բաց երկնագույն, եւն: Վերնաշապիկի գույնը, բնականաբար, պետք է համապատասխանի կոստյումի գույնին: Օձիքը դասական է, ավանդական: Վերնաշապիկի վրա նույնպես չպետք է լինեն ուսադիրներ, վրադիր գրպաններ, սակայն մի գրպանը թույլատրելի է. սովորաբար այդպիսի գրպանի վրա լինում է արտադրող ֆիրմայի լոգոտիպը: Վերնաշապիկի թեւքերը պետք է 1-1,5 սմ դուրս լինեն պիջակի թեւքից:

Հագուստի կարեւոր տարր է նաեւ թաշկինակը: Այն վերնաշապիկի նման պետք է բաց գույնի լինի, ոչ մի վառ, ճչացող գույն: Բացի հիմնականից, որն օգտագործվում է ուղղակի նշանակությամբ, հարկ է ունենալ նաեւ երկրորդ թաշկինակը, այն կարող է պետք գալ անսպասելի իրավիճակում: Ավելորդ է ասել, որ այն անթերի մաքուր պետք է լինի եւ պարբերաբար փոխվի:

Փողկապը եւս շատ կարեւոր է գործնական կոստյումի համար: Այն գույնով պետք է ներդաշնակի վերնաշապիկին եւ կոստյումին: Ամենահեշտ տարբերակը միագույն փողկապ ընտրելն է, քանի որ այդպիսի փողկապը սազում է ցանկացած վերնաշապիկի եւ կոստյումի հետ: Կարելի է ընտրել նաեւ տարբեր լայնության զոլերով փողկապ: Հնարավոր են նաեւ տարբեր երկրաչափական պատկերներով փողկապները` խորանարդներով, շեղանկյուններով եւն: Անընդունելի են մարդկանց կամ կենդանիների պատկերներով, ինչպես նաեւ` ծաղկավոր փողկապները, դրանք կարելի է կրել աշխատանքից դուրս: Փողկապի մոտավոր լայնությունը պետք է համապատասխանի պիջակի լանջափեշին. եթե այն լայն է, փողկապը չպետք է շատ նեղ լինի եւ` հակառակը: Իսկ երկարությունը պետք է հասնի տաբատի գոտու ճարմանդին եւ ծածկի այն:

Հաշվի առնելով գործարար կյանքի ռիթմն ու տեմպը` խորհուրդ է տրվում ունենալ ամենաքիչը 10 գործնական կոստյում` տարվա բոլոր եղանակների համար: Կանոն գոյություն ունի, որ գործարար մարդը չպետք է նույն կոստյումով աշխատանքի գա մի քանի օր շարունակ, ցանկալի է անգամ կոստյումը փոխել ամեն օր:

Կոշիկը պետք է լինի սեւ գույնի, սակայն ամռանը թույլատրելի է նաեւ մուգ շագանակագույնը: Կոշիկը պետք է լինի միմիայն կապիչներով, ոչ մի ճարմանդ կամ «լեզվակ»: Կոշիկը կարող է համապատասխանել նորաձեւության պահանջներին, սակայն չպետք է ծայրահեղության հասնել: Կոշիկը պետք է կաշվից լինի, գործարար աշխարհում անթույլատրելի են թավշից կամ լաքապատ կոշիկները (վերջինս երեկոյան ընդունելությունների համար է): Կարեւոր տարր են նաեւ գուլպաները: Դրանք գույնով պետք է համապատասխանեն կոշիկին, իսկ կոշիկը, ինչպես արդեն ասացինք, պիտի սեւ լինի: Անթույլատրելի են ծաղկավոր գուլպաները: