Հրդեհը կազմակերպվա՞ծ էր

13/12/2006

Դեկտեմբերի լույս 10-ի գիշերը Գյումրիի կենտրոնում մեծ հրդեհ է բռնկվել: Հրդեհը սկսվել է քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում` կենտրոնական շուկայի հետնամասում գտնվող առեւտրային կետերից մեկում, որտեղ կահույք է վաճառվել: Այնուհետեւ կրակը տարածվել է շրջակա մթերային խանութներում: Ընդհանուր առմամբ, այրվել են 13 փոքր խանութներ, որոնց մեծամասնությունը զբաղվում էր մեծածախ առեւտրով: Հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ այն հանգցնելուց հետո, դեկտեմբերի 10-ի ամբողջ ցերեկն այրված կրպակները ծխացել են: Զոհեր չկան, սակայն հրդեհը հսկայական նյութական վնասներ է պատճառել, որոնց չափը ճշտվում է: Մի վարկածի համաձայն, հրդեհը բռնկվել է էլեկտրալարի կարճ միացման պատճառով: Գյումրիում, սակայն, լուրեր են պտտվում, որ այս միջադեպը կազմակերպված հանցագործություն էր, որի նպատակը քաղաքի բավական եկամտաբեր տարածքներին տիրանալն էր: Ի դեպ, նույն աղբյուրի հավաստմամբ, այն կապում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվան հետ: