Խոդորկովսկին լավատես է եղել

07/05/2005

Մինչ Միխայիլ Խոդորկովսկին նստած է բանտում, ազատության մեջ նրա հարազատները լայնամասշտաբ PR արշավ են ծավալում։

– Ես ամբողջովին կորցրի ինքնահսկողությունս, երբ նրան առաջին անգամ տեսա նախաքննական մեկուսարանում, ապակուց այն կողմ,- հիշում է Խոդորկովսկու կինը՝ Իննան։

Դատախազությունը Խոդորկովսկուն մեղադրում է հափշտակության, մեքենայությունների, հարկերից խուսափելու եւ այլ ծանր հանցագործությունների համար։ Բոլորովին վերջերս դրանց ավելացել է նաեւ փողերի լվացման մեղադրանքը։

Ժամանակին Միխայիլի ծնողները համեստ հիացմունքով էին հետեւում իրենց որդու վճռական վերելքին՝ կոմսոմոլի աշխատողից մինչեւ ռուսական նավթի արքա եւ երկրի ամենահարուստ մարդ։ Իսկ հիմա նա նախաքննական մեկուսարանում է։ Գործը, որը շատերը համարում են քաղաքական, նրա համար կարող է տասը տարվա կալանք արժենալ։

Օրերս Եվրոպայի Խորհուրդը քննադատական կարծիք է արտահայտել, որ ռուսական արդարադատությունը գործում է ընտրողաբար՝ Խոդորկովսկուն հետապնդում է, իսկ նմանատիպ բազմաթիվ գործեր մատնում անուշադրության։ Բացի այդ, դատավարությունն անազնիվ է ու միտումնավոր։

Այս անարդարության դեմն առնելու համար ընտանիքը փորձում է ամեն բան անել։ Բաժանելով դերերը, նրանք ամեն կերպ աշխատում են բարելավել հեղինակությունը նախկին 15-ակի միլիարդատիրոջ, ում ոչ միայն դատախազությունը, այլեւ ռուսների մեծամասնությունն առնվազն գող է համարում։ «Սեփականաշնորհման տարիներին,- գտնում է մեծամասնությունը,- այս խորամանկ երիտասարդը զավթել է ռուսական նավթային արդյունաբերության ամենահամեղ պատառն ու խաբել պետությանը»։

Մարդիկ թող մտածեն, ինչ ուզում են։ «Գլխավորն այն է, որ նա հաստատ գիտի, որ ինքն անմեղ է»,- «Պրոֆիլ» քաղաքական հանդեսին տված հարցազրույցում ասում է Իննա Խոդորկովսկայան։ Շաբաթը երկու անգամ նա «Մատրոսսկայա տիշինա» բանտի նախաքննական մեկուսարան մթերք է բերում։ Հիմա Իննան այնտեղ շատ լավ կողմնորոշվում է եւ կարող է ուրիշներին խորհուրդներ տալ։

Մարինա Ֆիլիպովնա Խոդորկովսկայան PR արշավում խաղում է ուժեղ եւ հպարտ մոր դերը։ «Բարոյապես նա ամենեւին չի փոխվել։ Նա գիտեր, ուր է գնում։ Նա համոզված է, որ ամեն ինչ արել է այնպես, ինչպես պետք էր»,- ասում է մայրը։ Բայց միաժամանակ Մարինա Ֆիլիպովնա պատմում է երկար տարիների իր վատ կանխազգացումների մասին։ Մայրը երբեք չի հավատացել, որ անսպասելի հարստությունն ընտանիքին կարող է երջանկություն բերել։ «Այդ փողերը մեզ ոչինչ չտվեցին, բացի տագնապից եւ վախից։ Ես գիտեմ, թե ինչ երկրում եմ ապրում։ Ամեն առավոտ ես միացնում եմ ռադիոն եւ վախենում, թե կլսեմ ամենավատթարը։ Սկզբից էլ ես գիտեի, որ այս ամենը արցունքով է վերջանալու։ Ես ասում էի նրան, բայց նա լավատես էր»,- պատմում է Խոդորկովսկու մայրը։

Միխայիլի ծննդյան 40-ամյակին մայրը մի բանաստեղծություն է նվիրել, որով զգուշացրել է, որ հանկարծ ամեն ինչ կփոխվի, թեեւ հիմա իրեն ուղեկցում է հաջողությունը, եւ երկնքից ոսկե անձրեւ է թափվում։

Հայր Խոդորկովսկին, պարզ բան է, պաշտպանում է որդուն. «Երբ ասում են, որ նա խաբել է, գողացել, ես դրան չեմ հավատում»։ Նա հավաստիացնում է, որ ինքը որդու մեջ հայրենիքի ու մարդկանց նկատմամբ սեր է դաստիարակել, կարծես դա արդեն իսկ ազնվության ապացույց է։

Ի՞նչ է լինելու Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդու ունեցվածքը։ «Այո, իմ կարողությունը՝ 15 միլիարդ դոլար, ինչի մասին գրել է «Forbes» հանդեսը, արդեն հալվելով հասել է զրոյի, շուտով ոչինչ չի մնա»,- գրում է Խոդորկովսկին ռուսական թերթերից մեկում հրապարակած մի նամակում։ Բայց կարողության կորուստը նրա ամենամեծ խնդիրը չէ։ Հիմա նա երազում է գարնանային մաքուր օդ շնչելու, երեխաների հետ խաղալու, լավ գրքեր կարդալու մասին, ինչն ազատվելուց հետո նրա համար ավելի կարեւոր կլինի, քան հարստությունը բազմապատկելը կամ հին հաշիվներ մաքրելը։