Անցած շաբաթ «Հակակրիմինալ» շարժումը բավական անսպասելի իր ավանդական թիրախներին` իշխանություններին թողած հանկարծ սկսեց սեփական շարքերը մաքրելով զբաղվել: Այդ մասին սկզբից հայտարարեց Արամ Կարապետյանը, իսկ արդեն մի քանի օր անց «հակակրիմինալ» շարժման կազմում «Օրինաց երկիրի» եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հետագա անդամության հարցը քննարկվեց շարժման դռնփակ նիստում: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս գործընթացը, ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի, մասնավորապես` ՕԵԿ-ի պարագայում, պայմանավորված է նրանով, որ ՕԵԿ-ի դեմ իր նախկին կոալիցիոն գործընկերները բավականին լուրջ կրիմինալ բնույթի «կոմպրոմատի» պաշարներ են կուտակել, որոնք աստիճանաբար հրապարակվում եւ հետագայում էլ հրապարակվելու են խորհրդարանական ընտրությունների մոտենալուն պես: Դրանցից առաջինն ու բավականին աղմկահարույցն անկասկած Եվրոպական ակադեմիայի հիմնադրման շուրջ ստեղծված սկանդալն էր, որում իր ոչ պատվաբեր դերն է ունեցել անձամբ Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, «Հակակրիմինալ» շարժման ներկայացուցիչներին հայտնի է դարձել, որ իշխանական որոշ շրջանակներ մտադիր են առաջիկայում «կոմպրոմատային» նյութեր հրապարակել նաեւ ՕԵԿ նախագահի որոշ կասկածելի բիզնեսների, ինչպես նաեւ` ժամանակին նրա հարազատ եղբոր կողմից ղեկավարած «Էլեկտրոնիկ սիթի» խանութների գործնեության որոշ ստվերային մասերի վերաբերյալ` կապված Հայաստան ներմուծվող տեխնիկայի ձեւակերպումների հետ: Մի խոսքով՝ «նման «կրիմինալ բագաժով» ՕԵԿ-ն էլ ի՞նչ երեսով պիտի պայքարի ուրիշի կրիմինալի դեմ»՝ մտածել են հակակրիմինալիստները: Ինչ վերաբերում է Դեմոկրատական կուսակցությանը, ապա չի բացառվում, որ այստեղ «հակակրիմինալին» դուր չի գալիս այդ կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանի չափազանց մեծ ֆինանսական եւ քաղաքական կախվածությունը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից, որին ընդդիմությունը միանշանակ կապում է ՀՀ գործող իշխանությունների հետ: