Չի հանելու ժողովրդի դեմ

13/12/2006

Շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Երկրապահ» կամավորականների միության 7-րդ համագումարը: Առաջին անգամ ԵԿՄ համագումարին չի մասնակցել Վազգեն Սարգսյանի մայրը: Ներկա է եղել սակայն Վ. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Համագումարին ներկա է եղել նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «Հավատարիմ մնալով Սպարապետ Վազգեն Սարգսյանի որդեգրած սկզբունքներին, բարձր գնահատելով մեր անկախությունը, պահպանելով ազգային նկարագիրը` գիտակցելով աշխարհաքաղաքական նոր մոտեցումները եւ տարածաշրջանային նոր զարգացումները»՝ ԵԿՄ համագումարն ընդունել է հայտարարություն, որում ամրագրում է, որ Արցախի հարցի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, որ ԵԿՄ-ն «եղել եւ մնում է հայ ժողովրդի անկախության պայքարի մշտարթուն զինվորը, մեր անկախ պետականության կայացման առաջամարտիկը»: ԵԿՄ-ն հայտարարում է, որ շարունակում է «հավատարիմ մնալ հայոց անկախ պետականության գաղափարին, չի տրվելու քաղաքական խաղերին եւ կոչ է անում ազատամարտի բոլոր զինվորներին հավատարիմ մնալ անկախության գաղափարին, բարձր պահել իրենց արժանապատվությունը եւ համախմբվել երկրապահի շուրջը, քանզի երկրապահը ապացուցել է այս ամենի կենսունակությունը»: Հայտարարությունը տարածելուց հետո ԵԿՄ վարչության անդամ, պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ 2008 թ. նախագահական ընտրություններում ԵԿՄ-ն պաշտպանելու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Միաժամանակ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, թե նախագահի ընտրությանը դեռ երկու տարի ժամանակ կա, եւ վաղ է խոսել երկրապահի նախընտրած թեկնածուի մասին: Ինչեւէ, ԵԿՄ-ն իր հայտարարության մեջ նշել է նաեւ, թե հավատարիմ է նախորդ համագումարներում ամրագրված սկզբունքներին, «դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսեւորում, համոզված լինելով, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործներն արժանանալու են ժողովրդի արդար դատին»: Իսկ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ ոչ ոք, այդ թվում եւ ինքը` բանակը ժողովրդի դեմ չի հանելու. «Չի կարա: Անձամբ ես դուրս չեմ գա: Բանակը ժողովրդին պաշտպանելու համար ա, բանակը ժողովրդինն ա, ոչ մեկի սեփականությունը չի: Ով ժողովրդի դեմ բանակ ա հանում, ուրեմն` էդ ազգից չի»,- ասել է նա: Նա անդրադարձել է նաեւ պատերազմի այն մասնակիցներին, ովքեր միավորվել են քաղաքացիական անհնազանդություն շարժմանը` հայտարարելով, թե պետք է երկիրն «ավլեն»: «Ճիշտ ա, Ագոն (Արկադի Կարապետյանը.-խմբ.) ինչ-որ մի ամսով Ղարաբաղում հրամանատարություն ստանձնել ա 1991, թե որ թվերին: Բայց դա հրամանատարություն չէր, ժամանակավոր ինչ-որ բան ա եղել: Դրանից հետո Կոմանդոսն ա եղել, դրանից հետո Սերժ Սարգսյանն ա եղել, Սամվել Բաբայանն ա եղել: Էն վախտ, որ էտի կամադույուշչի ա եղել, Սերժ Սարգսյանն էլ պաշտպանության նախարար ա եղել: Ագոն 1991 թվից էս յան ինքը ոչ մի գործունեություն չի ունեցել բանակի հետ: Կանոնավոր բանակի ստեղծման համար անձամբ ես նմանատիպ մարդկանց չեմ ճանաչել, չեմ հանդիպել: Ոչ էլ պատերազմի դաշտում: Ես ում ճանաչում եմ հրամանատար` էսօր բանակում են, բացի Սամվել Բաբայանից»: