«Ամենաժողովրդավարական սահմանադրությունը»

13/12/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դեկտեմբերի 11-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որին մասնակցում էին ոչ միայն տեղական լրատվամիջոցների լրագրողները, այլեւ ԼՂՀ սահմանադրության հանրաքվեն լուսաբանելու նպատակով Ղարաբաղ այցելած տարբեր երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ա.Ղուկասյանը, խոսելով Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, նշեց, որ Ղարաբաղի ժողովուրդը կարողացել է ոչ միայն դիմակայել Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմին, այլեւ կարողացել է Ադրբեջանից առաջ անցնել ժողովրդավարացման մակարդակի առումով: «Սահմանադրությունն, առաջին հերթին, ընդունում ենք մեզ համար, այն մեր ժողովրդի համար մեր ձեռքբերումների դափնին է, որի սկիզբը դրվել է 15 տարի առաջ` ԼՂՀ անկախության հանրաքվեի ժամանակ»,- ասուլիսում հայտարարեց Արկադի Ղուկասյանը: Նա նաեւ նշեց, թե Ղարաբաղը չի շտապել Սահմանադրության ընդունման մեջ, «քանի որ ցանկանում էր ընդունել հետխորհրդային տարածքում ամենաժողովրդավարական սահմանադրությունը, որը եւ հաջողվել է»: «Վստահ եմ, որ ընդունել ենք այնպիսի Սահմանադրություն, որը կամրապնդի ԼՂՀ պետականությունը եւ կխորացնի ժողովրդավարացման գործընթացները: Հույս ունեմ, որ միջազգային հանրությունը կընդունի դա: Համոզված եմ, որ Սահմանադրության ընդունումը կնպաստի նաեւ ԼՂ հարցի կարգավորմանը, որովհետեւ մենք ավելի հեշտ կլուծեինք խնդիրներն Ադրբեջանի հետ, եթե այն լիներ ժողովրդավարական պետություն եւ ԼՂՀ-ի Սահմանադրության նման սահմանադրություն ունենար: Համարում եմ, որ Ադրբեջանը տոտալիտար պետություն է, եւ նրա սահմանադրությունը մեկ նպատակ ունի` փաստաթղթերով ոչնչացնել Լեռնային Ղարաբաղ հասկացողությունը»,-ընդգծել է Ա.Ղուկասյանը:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ բանակցային գործընթացին: «Միջնորդները Ղարաբաղին առաջարկում են անկախության հանրաքվե: Ի՞նչ տարածքի եւ ո՞ւմ մասնակցության մասին է խոսքը» հարցին ի պատասխան` ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մասնավորապես նշեց, որ դեռ հանրաքվե չեն առաջարկում, եւ այդ հարցը քննարկման փուլում է: «Չեմ բացառում, որ մեզ կառաջարկեն այդ հանրաքվեն: Եթե մեզ երաշխիքներ տան, որ միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը կճանաչեն անկախության հանրաքվեի արդյունքները, ապա, կարծում եմ, կարող ենք մտածել առաջարկն ընդունելու կամ չընդունելու մասին: Իսկ ինչ վերաբերում է տարածքներին եւ մյուս հարցերին, ապա, քանի որ ենթադրվում է, որ այդ հանրաքվեն անց է կացվելու միջազգային հանրության երաշխիքների ներքո, բնական է, որ դա համաձայնեցվելու է նաեւ միջազգային հանրության հետ»,- շեշտել է Ա.Ղուկասյանը: Իսկ բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի չմասնակցելու փաստը, Ա.Ղուկասյանի հավաստմամբ, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ հարցի լուծմանը:

Մամուլի ասուլիսի ընթացքում բարձրացվեց նաեւ Քաշաթաղի շրջանում առկա խնդիրների հարցը, որին ի պատասխան` ԼՂՀ նախագահն ասաց. «Իրոք նշված շրջանում կան եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ խնդիրներ, որոնք քննարկվել են նաեւ Անվտանգության խորհրդում: Մեզ համար պարզ է, թե ինչպես պետք է դրանք լուծվեն: Արդեն որոշ քայլեր արվում են: Այնտեղ կամ պետք է ավելի կոմպակտ վերաբնակեցնենք, կամ էլ կարողանանք ստեղծել բոլոր ենթակառուցվածքները: Այն, ինչ կապված է սուբյեկտիվ խնդիրների հետ, մենք արագ լուծելու ենք, իսկ այն, ինչ օբյեկտիվ է, դրանց լուծման համար ժամանակ է պետք, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությունը»: Նա նաեւ ընդգծել է, որ միայն պետբյուջեի հաշվին դրանք հնարավոր չէ լուծել: «Ես վստահ եմ, որ վերաբնակեցման խնդիրը միայն Ղարաբաղինը չէ, ուստի ակնկալում ենք նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությունը: Դա հնարավոր կլիներ պետբյուջեի միջոցների հաշվին այն դեպքում, եթե մենք չունենայինք բանակի հզորացման, մյուս շրջանների զարգացման խնդիրները»,- ավելացրել է նա: