Խոսելով Սփյուռքի աջակցության եւ վերջերս կայացած հեռուստամարաթոնի արդյունքների մասին, երեկվա ասուլիսում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, թե ինքը շատ բարձր գնահատեց մարաթոնի արդյունքները: «Գտնում եմ, որ մեր ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ Սփյուռքը վստահում է ԼՂՀ ժողովրդին եւ իշխանությանը: Սփյուռքն ունի այդ վստահությունը, եւ դրա շնորհիվ ԼՂՀ-ում իրականացվում են բազմաթիվ հումանիտար ծրագրեր: Եվ մեր խնդիրն է` այդ վստահությունը չկորցնել»,- նկատել է նա: Իսկ Սփյուռքի հնարավորությունները, ըստ նրա, շատ ավելի մեծ են: «Եթե մենք կարողանանք ճիշտ հասցեագրված աշխատել Սփյուռքի հետ, այդ կարգի միջոցառումները կլինեն ավելի շատ: Պոտենցիալ կա, ուղղակի պետք է ժամանակ գտնել եւ այնպիսի մարդիկ, ովքեր կկարողանան բացել սփյուռքահայերի սրտերը: Գտնում եմ, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք այդ աշխատանքների վրա»,- հավելել է ԼՂՀ նախագահը: