ԵԽ-ն չի ընդունում ԼՂՀ հանրաքվեի արդյունքները

13/12/2006

«Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից դե ֆակտո անցկացրած սահմանադրական հանրաքվեն չի կարող որեւէ իրավական հիմք ունենալ»,- այդ մասին ասվում է ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարության մեջ: «Հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից, հետեւաբար՝ այն կարեւորություն չի ներկայացնում: ԼՂՀ հակամարտության երկարաժամկետ հանգուցալուծումը հնարավոր է միայն Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված քաղաքական գործընթացի շրջանակներում: Հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի մարդու իրավունքների հարգման սկզբունքի վրա, եւ եթե այն հանձնվի համաժողովրդական դատին, ապա քվեարկության անցկացումը պետք է լինի ազատ, արդար եւ բոլորի համար բաց»,- ասել է նա: Ըստ նրա՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման համար հիմնական պատասխանատվությունը կրում է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, հատկապես՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը: Դեւիսը հիշեցրել է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ԵԽ-ին անդամակցության պարտավորություններից է: