Սկանդալ հին աշխարհում

13/12/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Բրյուսելում տեղի ունեցած ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստն անցած երեքշաբթի նշանավորվեց սկանդալով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կազմակերպության անդամներին կոչ արեց հետեւել բազային սկզբունքներին, հանուն որոնց էլ հենց ստեղծվել է ԵԱՀԿ-ն: «Հակառակ դեպքում մնում է ընդամենը օրինականացնել ԵԱՀԿ-ի վերածվելը մարդասիրական կազմակերպության: Այդ դեպքում մեր երկրները կորոշեն` մտնե՞լ, թե՞ չմտնել այդ կազմակերպության մեջ»,- հայտարարեց Սերգեյ Լավրովը:

Նախարարի նախազգուշացումը Ռուսաստանի` ԵԱՀԿ-ին անդամակցելը դադարեցնելու մասին հնչեց այն բանից հետո, երբ Մոսկվայի առաջարկներից եւ ոչ մեկն աջակցություն չգտավ Եվրոպայի առաջատար երկրների եւ ԱՄՆ-ի կողմից, իսկ Ռուսաստանը մի շարք հարցերով օբստրուկցիայի ենթարկվեց:

Առաջին հերթին Մոսկվայի հասցեին խիստ քննադատություն հնչեց Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի (ԵՍՍՊ) շրջանակներում Մոսկվայի` իր պարտականությունները չկատարելու առիթով, պարտականություններ, որ վերջինս ստանձնել էր դեռ 1999թ. Ստամբուլում` ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: «Մենք ցավում ենք, որ չկարողացանք արդյունավետ աշխատել Ռուսաստանի հետ` հասնելու համար այն բանին, որ ԵՍՍՊ-ն օրենքի ուժ ստանա»,- հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը` Մոսկվային կոչ անելով վերսկսել Մոլդովայից զորքի դուրսբերումը եւ ավարտին հասցնել զորքի դուրսբերումը Վրաստանից: Նա խիստ քննադատաբար գնահատեց Ռուսաստանի դերը Վրաստանի տարածքում սառեցված հակամարտությունների մեջ` ընդգծելով, որ Մոսկվան ցանկության դեպքում կարող է կարեւոր դեր խաղալ իրավիճակի օպտիմալ լուծման գործում: Միաժամանակ Նիկոլաս Բերնսը ԱՄՆ-ի կառավարության անունից կոչ արեց ընդլայնել ԵԱՀԿ-ի գործունեությունը Հարավային Օսեթիայում` հակամարտության գոտին ապառազմականացնելու համար` որպես օրինակ վերցնելով վրացական կողմի գործողությունները, նաեւ Ռոքի թունելի համատեղ (Վրաստան-Ռուսաստան-ԵԱՀԿ) մոնիտորինգի նպատակով, թունել, որն իրար է կապում ինքնահռչակ Հարավային Օսեթիան եւ Ռուսաստանը, եւ, Թբիլիսիի հավաստմամբ, այն «սեւ անցքն» է, որտեղով Վրաստանի տարածք են բերվում զենք եւ մաքսանենգ ապրանքներ:

Ռուսական կողմը, իր հերթին, կոչ արեց նկատի առնել բոլոր մասնակիցների դիրքորոշումները սառեցված հակամարտությունների օբյեկտիվ լուծման համար, սակայն նիստի մասնակիցների կողմից ըմբռնում չգտավ նաեւ այս հարցում:

Նիստի ընթացքում ԵԱՀԿ այն անդամ-երկրները, որոնք մտնում են ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կազմի մեջ, մերժեցին Ռուսաստանի եւս մի առաջարկ` վավերացնել ԵՍՍՊ-ն, փոխարենը առաջ քաշեցին հակառակ առաջարկ. Ռուսաստանը պետք է զորքերը դուրս բերի Մերձդնեստրից, Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից, եւ միայն դրանից հետո կարելի կլինի անդրադառնալ Մոսկվայի նախաձեռնության քննարկմանը: Իսկ այն բանից հետո, երբ մերժվեց ռուսական պատվիրակության առաջարկը` բարեփոխել Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների հարցերի բյուրոն (ԺԻՄԻԲ), հնչեց Սերգեյ Լավրովի հայտարարությունը ԵԱՀԿ-ի ոչ այնքան ֆունկցիոնալ լինելու մասին, ինչը կազմակերպությունից դուրս գալու թափանցիկ ակնարկ էր պարունակում:

«Իրադարձությունների նման զարգացումն անսպասելի չէր»,- «168 Ժամին» հայտարարեց Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտխորհրդի անդամ, պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն: Նրա կարծիքով` Ռուսաստանը զիջումների չի գնա իր զորքերի հարցում, դա շատ ցավոտ հարց է նրա համար, առավել եւս, որ այն բարձրացվել է նման ստորացուցիչ ձեւով: Բրյուսելում այդքան խիստ եւ արհամարհական վերաբերմունքը կապված է Մոսկվայի միջազգային իմիջի վատթարացման հետ: «Սակայն ես կարծում եմ, որ ԵԱՀԿ-ի նկատմամբ արմատական քայլեր կձեռնարկվեն: Ռուսաստանն առանց ԵԱՀԿ-ի չի լինի, եւ, հակառակը, ԵԱՀԿ-ն առանց Ռուսաստանի անհնարին է պատկերացնել»,- ասաց Մալաշենկոն: Այնուամենայնիվ, բրյուսելյան նիստն ահազանգ է, կարծում է պրոֆեսորը: «Հաշվի առնելով Սերգեյ Իվանովի` վերջերս արված հայտարարությունները, որոնք հակադրում էին ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ն, կարելի է խոսել համաշխարհային երկբեւեռ համակարգին վերադառնալու մասին, ինչն, իհարկե, վատ է»,- «168 Ժամին» հայտարարեց Մալաշենկոն:

Ռուսաստանից բացի, Բրյուսելում «նեղացածի» կարգավիճակում էր նաեւ Ղազախստանը: ԵԱՀԿ-ում նախագահելու վերաբերյալ այդ երկրի հայտը, որ ակտիվորեն պաշտպանվում էր Ռուսաստանի, եվրոպական երկրների մեծ մասի եւ ԱՊՀ անդամ-երկրների կողմից, արդյունքում մերժվեց Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կողմից, որոնք համարում են, որ Աստանան դեռ ժողովրդավարական նորմերի պահպանման հետ կապված խնդիրներ ունի: Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հավակնությունները բավարարելու առավել հավանական տարեթիվ է նշվել 2011 կամ նույնիսկ 2009թ.-ը, եթե Ղազախստանի իշխանությունները կարողանան մեծացնել բարեփոխումների տեմպերն ու արդյունավետությունը մարդու իրավունքների եւ դատական ինստիտուտների անկախության ոլորտներում: