Մեղադրում են

13/12/2006

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը «Երկխոսություն. Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա» ծրագրի շրջանակներում Երեւան էին ժամանել «Նոր Անատոլիա» թուրքական թերթի քաղաքական մասի խմբագիր Նուրսուն Էրելը, ադրբեջանցի լրագրող Ալեքպեր Ալիեւն ու մշակութաբան Էլմիր Միրզոեւը։ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» (ԽՆԿԿ) ղեկավար Գեորգի Վանյանը հայտարարել է, որ այդ օրերի ընթացքում հայկական «Panarmenian» եւ ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունները սխալներ եւ ապատեղեկատվություն են տարածել: Նոյեմբերի 29-ին Ն. Էրելի` «Panarmenian»-ին տված հարցազրույցում լիովին աղավաղվել են հնչեցված հարցերի շուրջ թուրք լրագրողի տեսակետները: Հարցազրույցի հրապարակումից հետո ԽՆԿԿ-ն եւ Ն. Էրելը հերքում են պահանջել: Լրատվական գործակալությունը մերժել է` փոխարենը, Ն. Էրելին առաջարկելով ետին ամսաթվով «խմբագրել» այլ լրատվամիջոցներում հրապարակված հարցազրույցի տեքստը: Թուրք լրագրողը կտրականապես մերժել է այդ «ոչ պրոֆեսիոնալ առաջարկը»: Ն. Էրելը դիմում է գրել «Panarmenian»-ի խմբագրությանը, ինչից հետո հարցազրույցի տեքստն անհայտացել է գործակալության կայքից: «Day.az»-ի փոխանցմամբ, ԽՆԿԿ-ն համոզված է, որ խնդրի միակ հնարավոր լուծումը հարցազրույցի հերքումն էր, ինչը «Panarmenian»-ը չի արել: Գ. Վանյանն այդ քայլը որակում է որպես «անհարգանք ընթերցողների եւ գործակալությունից օգտվող մյուս լրատվամիջոցների հանդեպ»: