ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածած հայտարարությամբ «ընդունում են ի գիտություն», որ ԼՂ իշխանությունները դեկտեմբերի 10-ին անցկացրել են, այսպես կոչված, «ԼՂՀ-ի Սահմանադրության նախագծի հանրաքվե», եւ հույս հայտնում, որ հանրաքվեի արդյունքները «բացասական ազդեցություն չեն ունենա հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերման` երեւան եկած հեռանկարների վրա»: «Միջազգային հանրության որեւէ անդամ` ներառյալ համանախագահող երկրները, չեն ճանաչել ԼՂ-ն որպես անկախ պետություն»,- նշել են համանախագահները: Նրանք չեն կարծում, թե այդ հանրաքվեն կարող է նպաստել ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանը: «ԼՂ-ի ապագա կարգավիճակը կանխորոշող եւ ոչ թե փոխզիջումներն առաջ մղող հանրաքվեի անցկացումն անօգուտ է այսօր, երբ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կարծես թե, կառուցողական ուղու վրա են: ԵԱՀԿ-ն ակնկալում է, որ այս հանրաքվեի արդյունքները, որոնք միջազգայնորեն ճանաչված չեն, բացասական ազդեցություն չեն ունենա հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերման` երեւան եկած հեռանկարների վրա»: