Քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը երեկվա ասուլիսով ամփոփեց քաղաքապետարանի կողմից կատարված մայրաքաղաքի շինարարության եւ բարեկարգման ոլորտի այս տարվա աշխատանքները: Քաղաքապետարանի հիմնական եւ լրացուցիչ ծրագրերով նախատեսված էր կատարել ընդհանուր գումարով 9մլրդ 700մլն դրամի շինարարական, բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներ, սակայն ներկայումս կատարողականները դեռ ամփոփված չեն, որպեսզի, ինչպես նշեց Ֆ. Բասենցյանը, հնարավոր լինի թիվը հրապարակել: «Բայց կարող եմ ասել, որ ծրագիրը լրիվ կիրականացվի: Դեկտեմբերի 25-ին բոլոր փաստաթղթերը կներկայացնենք քաղաքապետին»,- վստահեցրեց նա՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ ավարտվել են Հրազդանի կիրճի 2-րդ փուլի շինարարական աշխատանքները: Ֆ. Բասենցյանի հավաստմամբ՝ Հրազդանի կիրճը՝ Կիեւյան կամրջից մինչեւ Արաբկիրի այգիներ, լուսավորված կլինի: Ավարտվել է Երեւան քաղաքի փողոցների արտաքին լուսավորության վերականգնման 2006թ. համար նախատեսված ծրագիրը: Ըստ Ֆ. Բասենցյանի՝ ավելացել են եւս 15 լուսավորված փողոցներ: «Շեշտում եմ՝ շատ լավ լուսավորված, որովհետեւ վերականգնված փողոցները լրիվ հագեցվել են նոր, ավելի հզոր, ժամանակակից լուսատուներով: Քաղաքապետի հանձնարարությամբ՝ եկող տարի քաղաքը հիմնականում պետք է լուսավորված լինի, եւ մեր նախնական ծրագրերով նախատեսված է 76 փողոցների կապիտալ նորոգում»,- նշեց Ֆ. Բասենցյանը: Քաղաքապետարանի ծրագրերով ավարտվել եւ շահագործման է հանձնվել 8 վթարային շենքերից 6-ը, իսկ մյուս 2 շենքերի աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: 2006թ. հուլիսի դրությամբ, Երեւանի ոռոգման ցանցերի վրա կատարվել են ծավալուն աշխատանքներ, հետեւաբար, շուրջ 250մլն դրամի աշխատանքներ են իրականացվել, ինչը մոտ 70կմ լրացուցիչ ոռոգման ցանց է Երեւան քաղաքի համար: «Այս տարի հնարավորություն ստեղծվեց նորոգել հենապատերը, եւ ծրագիրն ամբողջությամբ ավարտված է: Մեկ շաբաթ առաջ ավարտեցինք փողոցների ասֆալտապատման աշխատանքների ծրագիրը: Նախատեսվել էր 540.000քմ ասֆալտապատման աշխատանքներ Երեւան քաղաքի քաղաքային ծրագրերով եւ 185.000քմ համայնքների միջոցներով համայնքային նշանակության փողոցների բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքներ»,- ասաց քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը: Երկու ծրագրերն էլ անցած շաբաթ ավարտվել են եւ ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ չեն կատարվում: Սակայն Ֆ. Բասենցյանը նկատեց, որ չի բացառվում, որ առաջիկայում փողոցներում ասֆալտով բեռնված մեքենաներ լինեն, քանի որ դրանք կատարում են փոքր, աննշան փոսերի նորոգումներ: Ըստ Ֆ. Բասենցյանի՝ Տերյան փողոցի բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, եւ մոտ 10 օրվա ընթացքում կավարտվի մայթերի վերականգնումը: Անդրադառնալով Կոմիտաս փողոցի քանդված փողոցներին՝ նա նշեց, որ վերականգնման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 15-16-ին: «Քաղաքապետը մի քանի օր առաջ անձամբ այցելեց այնտեղ, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչեւ նշված օրերը մենք կունենանք նորմալ, երթեւեկելի փողոց»,- վստահեցրեց նա: