ԼՂՀ սահմանադրությունը լեգիտիմ է

13/12/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Իրենց ակտիվությամբ աչքի են ընկել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչները: Այստեղ քվեարկության իրավունք ունեցողներից 3.837-ն էլ մասնակցել են քվեարկությանը եւ բոլորն էլ «կողմ» են քվեարկել: Պասիվություն է նկատվել մայրաքաղաքում, որտեղ քվեարկողների միջին տոկոսը կազմել է 71 տոկոս: Քվեարկության օրը տոնական տրամադրություն էր մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչը նկատել էին նաեւ Արցախ ժամանած միջազգային դիտորդները: Ստեփանակերտի տարբեր մասերում մարզական միջոցառումներ էին անցկացվում, ինչպես նաեւ համերգներ` տեղական համույթների եււ անհատ կատարողների մասնակցությամբ, իսկ երեկոյան Վերածննդի հրապարակում մեծ համերգ էր Հայաստանի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Համերգը եզրափակվեց մեծ հրավառությամբ:

Իսկ հանրաքվեն լուսաբանում էին թվով 65 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնցից 26-ն` արտասահմանյան, իսկ դիտորդական առաքելությամբ Արցախ էին ժամանել շուրջ 40 միջազգային դիտորդներ` ՌԴ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Մերձնեստրի Մոլդովական Հանրապետությունից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Խորվաթիայից, Հայաստանից:

Հանրաքվեի տարբեր տեղամասերում գտնվելուց եւ հասարակ քվեարկողների հետ զրուցելուց հետո միջազգային դիտորդները Մամուլի կենտրոնում պարբերաբար արտահայտում էին իրենց կարծիքները: Մարդու իրավունքների համաշխարհային լիգայի անդամ Լուչանո Արդեզին պատմեց, որ եղել է Մեհմանա գյուղում, որտեղ քվեարկողների ակտիվությունն ակնհայտ էր: «Պետք է ասեմ, որ հանրաքվեն շատ կազմակերպված է եղել, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Քվեարկությունն ազատ էր եւ թափանցիկ: Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը` ունենալով բոլոր ինստիտուտները: Սա ինքնորոշման իրավունքն է, որն ամրագրված է միջազգային երկու ակտերով` մեկը` քաղաքական, մյուսը` տնտեսական-սոցիալական: Կարող եմ վկայել, որ այն, ինչ այսօր Ղարաբաղի ժողովուրդն արեց, լիգիտիմ էր: Կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է ընդունի այն, ինչ ուզում է Ղարաբաղի ժողովուրդը»,- ընդգծեց Լ. Արդեզին:

Մարդու իրավունքների քաղաքացիական կոմիտեի անդամ (Զագրեբ, Խորվաթիա) Մարինա Լիպովչակը նույնպես գտնում է, որ ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Նա փաստեց, որ ընթերցել է Ղարաբաղի Սահմանադրության նախագիծը, որն, ըստ նրա, մշակված է միջազգային չափանիշներին համապատասխան: Միլա Բաթայը, որը ներկայացնում է Ֆրանսիայում սերբ գոլիստների շարժումը, փաստեց, որ եղել են հանրաքվեի Մարտունու տեղամասում, որտեղ ամեն ինչ շատ կազմակերպված էր եւ կոռեկտ: «Ոչ մի դիտողություններ չունեմ եւ գտնում եմ, որ հանրաքվեն անցել է միջազգային չափանիշներին համապատասխան: Ինչ վերաբերում է հանրաքվեի իրավական եւ քաղաքական ասպեկտին, ասեմ, որ Ղարաբաղի ժողովուրդն ունի իր անկախության համար քվեարկելու իրավունքը»,- ավելացրել է միջազգային դիտորդը:

Իսկ Աբխազիայի ներկայացուցիչԳալուստ Տրապիզանյանի կարծիքով, կարեւորն այն է, որ ԼՂՀ ժողովուրդը համբերություն ունենա, միեւնույն է՝ «վաղ թե ուշ, ճանաչումը կլինի»:

Դիտորդներից ոչ մեկը դիտողություն չուներ, ավելին` բոլորը փաստում էին, որ շատ թափանցիկ եւ ազատ քվեարկություն էր: Իսկ Մերձնեստրի Մոլդովական Հանրապետության ներկայացուցիչները զարմացած էին, որ նույնիսկ հեռավոր գյուղերում գիտեն իրենց երկրում տեղի ունեցող գործընթացների մասին: «Երբ մոտեցա երկու տարեց կանանց եւ ներկայացա, որ Մերձնեստրի Մոլդովական Հանրապետության ներկայացուցիչ եմ, կանանցից մեկը մոտեցավ, համբուրեց ինձ եւ ասաց` դուք մեր եղբայրներն եք: Նա նաեւ նշեց, որ Սահմանադրությանը «կողմ» է քվեարկել` մտածելով իր երեխաների եւ թոռների ապագայի մասին»,- պատմում էր դիտորդներից մեկը: