22-ամյա Աշխենն առաջին կարգի հաշմանդամ է: Նրա կյանքն անցնում է չորս պատերի մեջ: Նրա ֆիզիկական թերությունը, սակայն, չի խանգարում, որ իր երազանքներով շատ հեռու գնա:
Աշխենը սիրում է, երբ իրեն հարցեր են տալիս, երբ իր կարծիքը հաշվի են առնում: Աշխենը շատ գրագետ եւ ինքնատիպ է: Բարդ բաներ չի երազում: «Օրինակ, ես երազում եմ, որ մի անգամ հայտնվեմ «Օտար խաղեր» հեռուստատեսային հաղորդման մեջ: Օրեր առաջ ես դիտում էի մոր ու տղայի քննարկումը: Մայրը 5 տարեկանում տղային լքել էր, տվել էր մանկատուն: Հիմա, երբ այդ տղան 16 տարեկան է դարձել, իր ուժերով ընդունվել է համալսարան եւ շատ բաների է հասել՝ մայրն ուզում է վերադարձնել որդուն: Ես կուզենայի խոսել ու բացատրել, որ սխալ է, երբ մայրը՝ ողջ լինելով, երեխային ուղարկում է մանկատուն: Կուզենայի, որ մարդիկ իմ կարծիքն էլ իմանային»,- ասում է Աշխենը, ում մայրը հիացած ու զարմացած լսում է աղջկա անկեղծ խոսքերը: Իր այդ ցանկությունից հուզված՝ նա լարվում է եւ դժվարանում է խոսել: Մայրը հորդորում է. «Աշխեն ջան, հանգիստ խոսա, մի՛ անհանգստացիր, մի՛ լարվիր, ասա էն, ինչ որ մտածում ես»,- նրբորեն խորհուրդ է տալիս 53-ամյա տիկին Տաթեւիկը՝ փորձելով բացատրել, թե ինչո՞ւ են իրենք հայտնվել հանրակացարանի խարխուլ սենյակում:
Տիկին Տաթեւիկը ժամանակին աշխատել է Հանրապետական հեռագրատանը՝ որպես տեխնիկ-ինժեներ: 1999թ. հեռագրատունը լիկվիդացվել է, եւ նա կորցրել է աշխատանքը: «Բնակարան չունեինք, այդ տարիներին հիմնարկությունները մարդկանց հերթագրում էին՝ բնակարանով ապահովելու համար, եւ ես էլ էի հերթագրված: 1983-ից սկսեցինք վարձով ապրել: Դրանից հետո հիմնարկությունն ինձ այս հանրակացարանում սենյակ տվեց»,- պատմում է տիկին Տաթեւիկը, ով հաշմանդամություն ունեցող չափահաս աղջկա հետ ներկայումս հանգրվանել է Ավտոդողերի գործարանի հանրակացարանում: Ամենածանրը նրա համար ցուրտ ու մութ տարիներն էին, երբ այդ ճգնաժամային պայմաններում Մանկական վերականգնողական կենտրոնում ծանր վիրահատություն է տարել Աշխենը: Ներկայումս մայր ու աղջիկ ապրում են Աշխենի 5800 դրամ հաշմանդամության թոշակով եւ «Փարոսի» տրամադրած 7800 դրամով: Մինչ այս հպարտ կեցվածք ընդունած տիկին Տաթեւիկը, խոսելով իրենց ծանր կենցաղից՝ խեղճանում ու աչքերը լցնում է. «Դե՛, ահավոր դժվար է, հասկանո՞ւմ եք: Սրա-նրա լվացքն եմ անում, տուն եմ մաքրում, որ երեխայիս մի կտոր հաց հասցնեմ, այլապես 13.000 դրամով ինչպե՞ս կապրես»,- հուզմունքից երեսը թեքելով` վստահեցնում է նա: Նրանց այցելած հարեւանուհին լսելով տիկին Տաթեւիկի սրտնեղած խոսքերը` միջամտում է. «Գիտե՞ք, մենք չգիտեինք, որ Տաթեւն էդպիսի աշխատանք է անում, որ ուրիշի տուն է մաքրում»: Հարեւանուհին վկայում է, որ տիկին Տաթեւն այնքան հպարտ է, որ երբեք զգացնել չի տալիս, որ կարիքի մեջ են: Եվ քանի որ տիկին Տաթեւը չի սիրում տրտնջալ եւ դիմել որեւէ մեկի օգնությանը, նրա հարեւանուհին որոշել է մեզ դիմել: «Աղջիկս ինձ հուշեց, ասեց, որ կարելի է ձեզ դիմել: Ախր իրանք շատ լավ մարդիկ են ու շատ կարիքի մեջ են»,- վստահեցնում է հարեւանուհին: Աշխենն ասում է, որ ձեռքի աշխատանքով կարողանում է ինքն իրեն զբաղեցնել: Մայրը ցույց է տալիս նրա աշխատանքներն ու ասում, որ՝ եթե իր մեջ մի քիչ առեւտրական լիներ, ապա աղջկա գործերը վերնիսաժ կտաներ ու կվաճառեր: «Սա շատ մանր աշխատանք է, այս մեկը վզնոց է, սա ծաղկամանի համար է նախատեսված»,- խնամքով ցույց տալով իր ձեռքով պատրաստած իրերը` նկարագրում է Աշխենը ու վստահեցնում, որ իր համար ամենահաճելի զբաղմունքը Երեւան քաղաքի փողոցներում զբոսնելն է: Նա շատ չի կարողանում տանից դուրս գալ, քանի որ քայլելիս դժվարանում է. մայրն է միշտ օգնում: Աշխենն իրեն օգնելու հարցում շատ է կարեւորում «Հույսի կամուրջ» կազմակերպությանը: «Ես օժանդակ դպրոցից «Հույսի կամուրջի» մեր խմբի ղեկավար Սուսաննա Թադեւոսյանի միջնորդությամբ տեղափոխվեցի թիվ 27 դպրոց, որի տնօրենն Անահիտ Բախշյանն է: Երբ հատուկ դպրոցից տեղափոխվեցի հանրակրթական դպրոց, շատ գիտելիքներ ստացա, որովհետեւ հատուկ դպրոցում ետ էի մնացել, այնինչ ինձ շատ գիտելիքներ էին պետք»,- պատմում է Աշխենը՝ վստահեցնելով, որ դպրոցում հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ խտրականություն չի նկատել, իսկ ուսուցիչներն էլ շատ հոգատար են եղել: Ասում է, որ շատ կուզենար դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն, մասնավորապես` հոգեբանության բաժին, որպեսզի ուսումնասիրի մարդկանց հոգեբանությունը: Բայց, ցավոք, մայրը չի կարող ամեն օր տանել-բերել: «Դե, դպրոցում ավտոբուս կար, ճանապարհի հարցը լուծվում էր, բայց ավարտելուց հետո ինչ-որ տեղ գնալու ճանապարհածախսն էլ մեզ համար մեծ խնդիր է: Ես իմ ձեռքի աշխատանքները նվիրում եմ մարդկանց, բայց շատ եմ երազում մասնակցել ինչ-որ ցուցահանդեսի: Ընդհանրապես մեր ամենամեծ խնդիրը նյութական ծանր վիճակն է, որովհետեւ մայրս չի հասցնում, իսկ իմ ֆիզիկական հնարավորությունները մեծ չեն»,- ասում է Աշխենը՝ հավատացնելով, որ հաշմանդամություն ունեցող մարդու համար շատ կարեւոր է հասարակության մեջ դուրս գալը, քանի որ այդ կերպ կարողանում են ձերբազատվել բարդույթներից: