«Հրաշագործ» բռնապետը մահացավ

13/12/2006

Դեկտեմբերի 10-ին Սանտյագոյի ռազմական հոսպիտալում 91 տարեկան հասակում մահացավ պատմության ամենահակասական դեմքերից մեկը` Չիլիի նախկին բռնապետ Ավգուստո Պինոչետը: Վերջինիս հուղարկավորությունը տեղի կունենա այսօր` առանց պետական հարգանքի: Պինոչետի մահից հետո Սանտյագոյի փողոցներում նրա հակառակորդները զանգվածային անկարգություններ էին սկսել: Բռնապետի վախճանի լուրը հակասական արձագանքների արժանացավ ինչպես Չիլիում, այնպես էլ` ողջ աշխարհում: Պինոչետը ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության եկավ 1973թ., եւ 17 տարի Չիլիում իշխում էր բռնապետությունը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, Պինոչետի կառավարման շրջանում բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում զոհվել ու անհայտ կորել են 30-40 հազար մարդ: Հարյուր-հազարավոր չիլիցիներ ստիպված են եղել լքել իրենց երկիրը: Պինոչետի դեմ 300 մեղադրանք է ներկայացվել` նրա կատարած ոճրագործությունների համար, սակայն ոչ մի դատական գործընթաց դատավճռով չի ավարտվել: Մյուս կողմից, Պինոչետի կառավարման օրոք Չիլին կարողացավ հաղթահարել բոլոր տնտեսական արգելքները եւ դառնալ Լատինական Ամերիկայի ամենադինամիկ զարգացող երկիրը: Այս փաստը պատմության եւ տնտեսագիտության մեջ մնաց «Չիլիի հրաշք» անվանումով: 1990թ. իշխանությունից բռնապետի հեռանալուց հետո Չիլիում ժողովրդավարություն հաստատվեց` կայուն տնտեսության հիմքի վրա: