Գրքեր շատ կան, ընթերցելու պահանջ չկա

13/12/2006 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը հիմնադրվել է 1959 թվականին՝ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի ջանքերով:

Այսօր ինստիտուտը շարունակում է գործել, թեեւ ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնահերթն էլ այն է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը գաղափար չունի, թե ինչո՞վ է զբաղվում այն: Ինստիտուտի համար մեկ այլ խնդիր էլ դարձել է լաբորատորիայի շենքը. այն կիսախարխուլ վիճակում է: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը գտնում է, որ շենքը վերանորոգելու ենթակա չէ, այն պետք է քանդվի եւ փոխարենը նորը կառուցվի:

– Դա ավերակ շենք է, բայց այնտեղ են մեր ռեստավրացիոն լաբորատորիաները, պահոցները, ֆոտոլաբորատորիան,- ասում է նա: -Մեզ պետք է 2-3 հարկանի մի շենք, որ ինստիտուտը կարողանա լիարժեք գործել: Հնագիտությունը շատ է պահանջում լաբորատոր անալիզների տեղ, անհրաժեշտ տարածք ու կահավորանք են պետք, բայց այսօր շենքը մաշված ու քայքայված է: Ամեն տարի տանիքը վերանորոգում ենք, բայց դրանից էլ օգուտ չկա, պատերն իրարից առանձնացած են: Այս հարցով դիմել ենք համապատասխան մարմիններին, եւ հույս են տվել, որ խնդիրը կդառնա քննարկման առարկա, ու մեզ կօգնեն: Մենք դրան հավատում ենք, քանի որ մեկ անգամ էլ ենք դիմել, եւ մեզ տվել են անհրաժեշտ գումար՝ դաշտային հետազոտական աշխատանքներ կատարելու համար: Մինչ այդ ոչ մի գումար չէինք ստացել դրա համար` դեռ այն ժամանակվանից սկսած, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց:

Ինստիտուտի հիմնական շենքում մինիմալ աշխատանքային պայմանները բավարար են, բայց ամբողջ աշխատակազմը ձգտում է նրան, որ կարողանան հատուկ ցուցադրության սրահ բացել, ուր ներկայացված կլինեն տարեկան աշխատանքի արդյունքները: Պավել Ավետիսյանը նշում է, որ իրենք հսկայական գրականություն են հրատարակել՝ ամենեւին չֆինանսավորվելով պետության կողմից: Յուրաքանչյուրն իր միջոցներն է ներդրել, գրանտներ են շահել, հովանավորներ գտել եւ այլն:

– Եթե աշխատանք է արվում, ինչո՞ւ այն ցույց չտանք,- ասում է նա: – Իմ առաջնային նպատակներից մեկն էլ մեր ինստիտուտը հավուր պատշաճի ներկայացնելն է: Մեր արած գործն այնքան էլ չի երեւում, թեեւ բավական ծանր է ու մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում: Եվ լայն հասարակությանն այնքան էլ չի հետաքրքրում այն: Միգուցե մենք էլ իներտ ենք, որ չենք կարողանում նրանց այն ինֆորմացիան տալ, որ իրենք էլ իմանան սեփական ժողովրդի անցած-գնացած իրական ուղին:

Թերեւս հենց այդ իներտությունն է պատճառը, որ մարդիկ հետաքրքրված չեն հնագիտության պատմությամբ, մինչդեռ ինստիտուտն ունի հսկայական գրադարան՝ բավական արժեքավոր գրքերով: Գործում է նաեւ ընթերցասրահ, որտեղ ցանկացողները կարող են ուսումնասիրել ինստիտուտի գրքերը: Իսկ գրքերն իսկապես արժեքավոր են. ինստիտուտը միայն 5000 կտոր օտարալեզու գրականություն ունի: Պավել Ավետիսյանն ասում է, որ դրանք բոլորը բարեգործության արդյունք են, օրինակ, ԱՄՆ-ում բնակվող հայտնի ազգագրագետ Գրիգոր Արեշյանն իր գրքերի մեծ մասը նվիրել է ինստիտուտին: Մոտ 250 գիրք էլ անցյալ տարի Եգիպտոսի իրենց կոլեգաներից մեկն է նվիրել:

– Հիմա էլ Պետերբուրգում մահացել է խոշոր հնագետ, ազգությամբ հայ Կարինե Քուշնարյովան, ով իր գրադարանը մեր ինստիտուտին է կտակել: Շուտով կստանանք այդ գրքերը: Մենք նաեւ համագործակցում ենք Մյունխենի, Չիկագոյի եւ այլ համալսարանների հետ, որտեղից նույնպես գրքեր ենք ստանում,- պատմում է Պավել Ավետիսյանը:

Ինչպես տեսնում ենք՝ գրքեր կան, իսկ կա՞ն արդյոք ընթերցողներ: Պարոն Ավետիսյանի խոսքերով՝ իրենց հիմնական ընթերցողները այն ուսանողներն են, որոնք տվյալ թեմայով քննություն կամ կուրսային աշխատանք ունեն, եւ պարտադրված գալիս, ընթերցում են: Հաճախ են գալիս նաեւ իրենց ասպիրանտները, այնպես, որ ամեն օր ընթերցող ունենում են:

– Որ ասեմ՝ ընթերցողների մասսայական հոսք կա, սուտ կլինի,- ասում է նա: -Հիմնականում մասնագիտության բերումով են այստեղ ընթերցում, ոչ ոք չի գալիս հոգու բավարարվածության կամ կողմնակի գիտելիքներ ձեռք բերելու համար: Չեմ էլ կարող ասել, որ ընդհանրապես ոչ մի կողմնակի ընթերցող չունենք: Հազարից մեկ, բայց գալիս են: Մեկ էլ տեսար՝ մի որեւէ գյուղից մի ծեր մարդ եկավ, հետաքրքրվեց, ցանկացավ որեւէ թեմայով գրքեր ուսումնասիրել:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ հասարակությանն այնքան էլ չի հետաքրքրում հնագիտությունն ու ազգագրությունը: Իսկ միգուցե նրանք տեղյակ չե՞ն ինստիտուտի գոյության մասին: