Կիտրոն

13/12/2006

Բաղադրությունը: Ջուր` 90-91%, շաքարներ` 0,7-0,9%, կիտրոնաթթու` 5-9%, ազոտային նյութեր` 0,05%, մոխրացող նյութեր` 0,2%: Պարունակում է նաեւ միկրո եւ մակրոէլեմենտներ, 40-50 մգ A, B, C վիտամիններ:

Կիրառությունը: Պլինուսը նշում է, որ կիտրոնը հիանալի հակաթույն է օձի խայթոցի դեմ: Ավիցեննան կիտրոնի հյութը համարել է հզոր միջոց սրտի տենդագին խփոցների եւ դեղնախտի դեմ: Նա հղի կանանց կիտրոն էր տալիս սրտխառնոցի եւ փսխման դեմ:

Գիտական գրականության տվյալներով` ցիտրուսայիններն օգտակար են շաքարախտի դեպքում, եւ խորհուրդ չի տրվում օգտագործել կոլիտի, ստամոքսի խոցի, էնտերիտի դեպքում: Այս տվյալները ոչ բոլոր դեպքերում են համընկնում ժողովրդական բժշկության տվյալներին: Կիտրոնը կարելի է մանր կտրատել, խառնել մեղրի հետ 1:1 հարաբերությամբ եւ 1 օր պահելուց հետո ստացված հյութը խմել օրական 1-2 անգամ ճաշի գդալով: Այս հյութը չափազանց արժեքավոր, վիտամինային հյութ է հանդիսանում`հյուծվածության, ցինգայի, ուժասպառության դեպքում, խթանում է երեխաների աճը:

Կիտրոնի հյութը վերացնում է փորկապությունը, պարունակում է մեծ քանակով կալիում եւ ռուտին, որոնք վիտամին C-ի մեծ պարունակության շնորհիվ ամրացնում են արյունատար անոթները: Սա վերաբերում է ցիտրուսային մրգերին:

Ժողովրդական բժշկությունը գտնում է, որ երիտասարդության պահպանման համար շատ օգտակար է ամեն առավոտ սոված վիճակում խմել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ մեղրի եւ 1 թեյի գդալ բուսական յուղի խառնուրդ:

Կիտրոնի կեղեւը, որը սովորաբար դեն է գցվում, շատ օգտակար է. նրա մեջ պարունակվում է օրգանիզմի ցիտրոնինի պահանջի 3-4 օրվա չափաքանակը: Կեղեւն օգտագործեք սննդի մեջ, թեյի հետ եւ այլ միջոցներով:

Կիտրոնի կեղեւից պատրաստված յուղը հակագրիպային միջոց է: Այն օգտակար է նաեւ քրոնիկական հազի բուժման համար: Պատրաստվում է հետեւյալ կերպ. մեկ կիտրոնը 1 րոպեով դնել շատ տաք ջրի մեջ, անցկացնել մսաղացով, խառնել 100 գրամ փափկեցրած կարագի հետ եւ ավելացնել 1-2 ճաշի գդալ մեղր: Այսպիսի կարագը պահել նույն պայմաններում, ինչպես սովորական կարագը:

Ցանկացած հիվանդության դեպքում կարելի է կիտրոն օգտագործել, որովհետեւ վիտամին C-ի մեծ քանակությունը նպաստում է արագ բուժմանը: Կիտրոնի հյութը ջրի հետ խմելուց իջեցնում է բարձր ջերմությունը: Փորձը ցույց է տալիս, որ կարելի է խուսափել լնդերի եւ ատամների փչանալուց, եթե ամեն առավոտ ատամները մաքրվեն կիտրոնի հյութով: Դրա համար ատամի խոզանակը թրջեք ջրով ու կաթեցրեք նրա վրա մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:

Կիտրոնի հյութն օգտակար է նաեւ բերանի խոռոչի եւ լեզվի բորբոքման, տենդի, քթից արյունահոսության, տիֆի դեպքում: Պետք է նշել, որ քիմիական ճանապարհով ստացված լիմոնաթթուն այդպիսի բուժական հատկություններ չունի: