«Մեդիամաքսի» փոխանցմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ՀՀ կառավարությանը խորհուրդ է տվել զերծ մնալ նախատեսված գնաճի առավելագույն ցուցանիշի հաճախակի վերանայումներից: Այս մասին ասվում է ԱՄՀ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության հետ վարած խորհրդատվությունների արդյունքներով: ԱՄՀ Տնօրենների խորհուրդը բարձր է գնահատել ՀՀ ԿԲ-ի քաղաքականությունը գնային կայունության պահպանման ուղղությամբ եւ նշել է դրամավարկային եւ ֆիսկալ քաղաքականություն իրականացնող մարմինների գործողություններն ավելի արդյունավետ համակարգելու անհրաժեշտությունը՝ ցածր գնաճի եւ մրցունակ փոխարժեքի ապահովման համար: ԱՄՀ Տնօրենների խորհուրդը հայտարարել է «հայկական դրամի գերագնահատման ակնհայտ նշանների բացակայության» մասին եւ նշել է, որ հայկական արտադրանքի մրցունակության խնդիրը պետք է լուծվի «արտադրողականության բարձրացման եղանակով», ներառյալ՝ գործարար մթնոլորտի բարելավումը եւ մրցունակության խթանումը: