Իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերն ակտիվ, օրենքի կոպիտ խախտումներով սկսել են նախընտրական քարոզարշավը, իսկ հեռուստաեթերով այսօր մասսայականորեն խրախուսվում է ընտրակաշառքը:
Երեկ «Փաստարկ» ակումբում նման տեսակետ հայտնեց ՀԺԿ ներկայացուցիչ, ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Իսկ ընդդիմությունը, ՀԺԿ ներկայացուցչի խոսքերով, բնականաբար, չի կարող խախտել օրենքը: Ասվածից կարելի՞ է եզրակացնել, որ ընդդիմությունը առաջիկայում եւս շարունակելու է գնալ այն նույն ճանապարհով, որով գնաց նախորդ ընտրությունների ժամանակ ու դրանից հետո, կամ, ինչպես վերջերս ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն էր բնորոշել, շարունակելո՞ւ է «ֆուտբոլ խաղալ, երբ դիմացինը կրակում է»: Պատասխանելով մեր այս հարցին՝ Գ. Հարությունյանը երեկ նշեց. «Ես ասեմ, որ մենք օրենք ենք խախտելո՞ւ: Դա կհամարեք նորմալ պատասխա՞ն: Մենք օրենք չենք խախտում ոչ թե նրա համար, որ մեզ կարող են ընտրապայքարից դուրս թողնել, պարզապես չի կարելի: Պարզապես հասարակությանը չի կարելի կաշառել»: Նրա խոսքերով՝ բոլորիս մեջ այնպիսի բան է նստած, թե ամեն ճանապարհով ձայներ վաստակելն արդարացված է: «Չի կարելի: Վերջապես այս ժողովուրդը մեղք է: Ընդդիմությունն ի՞նչ անի: Ասենք, հրացան ենք վերցնում՝ խփե՞նք: Բա մեր խնդիրը ո՞րն է: Ընդդիմությունն ի՞նչ կարող է անել: Մենք ասում ենք ձեզ, խնդրում ենք ձեզ՝ մեր ասածը տվեք ժողովրդին, թող լսեն: Ժողովրդին պետք չէ անգրագետի տեղ դնել,- շարունակեց Գ. Հարությունյանն ու ավելացրեց,- Դուք ի՞նչ է՝ մտածում եք, որ մեր երկրում հնարավոր չէ՞ թոշակները բարձրացնել, կամ մինիմալ աշխատավարձը բարձրացնել, կամ հնարավոր չէ՞ այս բյուջեն երեք անգամ մեծացնել: Ձեռնտու չէ, որովհետեւ այն, ինչ պետք է գար պետական բյուջե, իրենք անմիջապես դնում են իրենց գրպանն ու սկսում են ժողովրդին բոմժի կարգավիճակում պահել ու ձայներ գնել»: Ինչեւէ, «Արդարություն» խմբակցության քարտուղարը նաեւ փաստեց, որ այսօր մեր երկրում դեռեւս միջազգային կազմակերպությունների՝ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող խմբեր չկան: Գ. Հարությունյանի վկայությամբ՝ համապատասխան կառույցներին դեռեւս նման հրավեր չի ուղարկվել եւ չի էլ երեւում, թե երբ կուղարկվի, եւ ընդհանրապես կուղարկվի՞, թե՞ ոչ: Իսկ առաջիկա ընտրություններին, ըստ նրա, ՀԺԿ-ն կարող է եւ պատրաստ է գնալ միայնակ, սակայն, թե ի՞նչ ձեւով կմասնակցի, ցույց կտա ժամանակը: «Համենայնդեպս ՀԺԿ-ն միշտ էլ ընտրություններին հանդես է եկել դաշինքներով, որովհետեւ մեր կուսակցությունը միշտ եղել է որպես համախմբող քաղաքական ուժ: Մենք գտնում ենք, որ առավելեւս այժմ, մեր երկրին անհրաժեշտ է քաղաքական ուժերի միավորում»,- նշեց նա: Միաժամանակ Գ. Հարությունյանը նաեւ հայտարարեց, թե ՀԺԿ-ն չի կարող ընտրությունների գնալ քաղաքական այն ուժերի հետ, «որոնք կեղծել են» եւ որոնք երկիրն այս վիճակին են հասցրել: «Թեեւ ընդհանրապես երբեք ոչինչ չեմ բացառում: Սա իմ անձնական կարծիքն է»,- հավելեց նա: Ինչ վերաբերում է «ընդդիմադիր 41 թեկնածու» օպերացիային, ապա ՀԺԿ-ում այդ գաղափարին նորմալ են վերաբերվում, սակայն այստեղ, ըստ նրա, «շատ կարեւոր պահ» կա: Դա այն է, որ պետք է այնպես լինի, որ ընդդիմադիր քաղաքական հիմնական ուժերը ներկայացնող լիդերները մասնակցեն այդ ծրագրի իրականացմանը: «Եվ եթե մասնակցեն, կարծում եմ՝ բավականին լուրջ պրոցես կարող է լինել»,- գտնում է Գ. Հարությունյանը: Տեսակետ կա, որ մինչ օրս ընդդիմության անհաջողության պատճառը եղել է նաեւ այն, որ ընդդիմության ներսում բազմաթիվ «ականներ» կան: Ընդդիմությունը պարզե՞լ է, թե ովքեր են իր ներսի «ականները»: «Մենք ունենք մի սկզբունք՝ ավելի լավ է սխալվել հավատալով, քան սխալվել չհավատալով: Եթե մարդիկ ասում են, որ մենք ընդդիմություն ենք, մենք պայքարում ենք, իրավունք ունե՞նք չհավատալու»,- հարցնում է ՀԺԿ ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց նաեւ, որ 2003-ի համեմատ ՀԺԿ ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել, եւ եթե առաջ առաջնությունն ավելի շատ տրվում էր ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերություններին, հիմա ուղղվածությունն ավելի շատ դեպի եվրոպական ինտեգրման գործընթացներն են: «Որովհետեւ փորձը ցույց տվեց, որ մեր համագործակցությունը եվրոպական երկրների հետ ավելի մեծ տեսակարար կշիռ է կազմում, քան ԱՊՀ երկրների հետ»,- բացատրեց նա: