Ես բոմժ չեմ
Մի ծանոթ երիտասարդ պատմեց, որ Ամանորյա տոնական օրերին փողոցում քայլելիս նկատել է աղբամանը քչփորող միջին տարիքի մի տղամարդու՝ մաշված ու կեղտից սեւացած հագուստով: «Ինքս արդեն տան ամանորյա գնումներս կատարել էի, եւ խիղճս տանջեց, որ այդ մարդն աղբամանն է քչփորում: Մոտեցա՝ երկու հազար դրամ ձեռքիս, ասացի՝ «Ախպեր ջան, առ էս մի քիչ փողը, քո Նոր տարին էլ շնորհավոր լինի…»: Մեկ էլ էս փողը տեսնելով՝ նա զայրացած հետ քաշվեց, թե՝ «Ախպեր ջան, դու ինձ բոմժի տեղ ե՞ս դրել, ես փող չեմ հավաքում, ես գործ եմ անում, էս էլ իմ գործն ա՝ շիշ եմ հավաքում-հանձնում, ինձ մի վիրավորի»: Փողը չվերցրեց»:
Բոմժերին ծեծում են
Միշան 70-ամյա ծերունու տպավորություն է թողնում, այնինչ 45 տարեկան է: Անձնական կյանքի մասին չի սիրում խոսել. ցավոտ թեմա է, միայն ասում է, որ ինքը միայնակ է՝ ընտանիք, հարազատներ չունի: Նրա ընտանիքը բոմժերի մի խումբ է, որոնք պարբերաբար դեգերում են հանրակացարանից հանրակացարան, փողոցից փողոց: Գիշերում են՝ որտեղ պատահի: Միշան նույնիսկ խոսելիս վախենում է, չի վստահում մարդկանց, որովհետեւ քանիցս դեպքեր են եղել, երբ մահվան դուռն է հասել: Մեծահարուստների աչքին աշխատում է չերեւալ. ասում է՝ «Փողոցում աղբարկղի մոտ շիշ էի փնտրում, մի քանի «պուզատի» կանգնած ծխում էին, նրանց կողքով անցա, քացիներով խփեցին, արյունլվա գցեցին, ասեցին՝ արա՛, ա՛յ բոմժ, մեր կողքից ռադ էղի, աչքներիս էլ չերեւաս»: Վախենում է, այնքան է վախենում, որ սպասում է՝ մարդիկ գնան, նոր շշերը վերցնի: Եթե մի օր շիշ չգտնի՝ կորած է: Հանրակացարանում բոմժերն օրվա համար վճարում են 500 դրամ, եթե շիշ չգտնեն, չհանձնեն, ապա կհայտնվեն փողոցում: Նրա օրվա գերխնդիրը կացարանի վարձավճար հայթայթելն է. եթե կարողանում է շշերի միջոցով այդ 500 դրամը վճարել, ապա այնքան էլ էական չէ՝ հացի գումար կմնա՞, թե՞ չէ: Փողոցում մնալը սարսափելի է, ոչինչ չի զգում, քարանում է, անգամ մտածել չի կարողանում: Մի տեղ նստում է ու այլեւս չի գիտակցում, թե ինքը որտեղ է, ինչ է անում: Հետո չի իմանում, թե ով է քաշ տվել կամ ինչպես է հայտնվել հանրակացարանում: Միշան խոսելիս հոգնում է, էներգիան սպառվում է: Մտածում է, որ զրույցի պատճառով ժամանակ է կորցնում, պիտի շիշ հավաքի, որ փողոցում չհայտնվի: Սարսափում է միայն այդ մտքից:
Շիշը փող է
Դատարկ շշերի ընդունման այսօր ամենաակտուալ ու եկամտաբեր գործերի շարքում է: Եթե տարիներ առաջ այդ ճանապարհով վաստակում էին միայն բոմժերն, ապա այսօր շիշ հանձնելու միջոցով գոյատեւում են գործազուրկ շատ քաղաքացիներ: Շշեր ձեռք բերելու ձեւերը մի քանիսն են. քաղաքացիներն, արդեն գիտակցելով, որ իրենց օգտագործած հյութերի, ոգելից խմիչքների, պահածոների, կետչուպների շշերն անպայման աղբարկղից հանվելու են, օգտագործված շշերը տոպրակներով դնում են շենքերի մուտքերում՝ հատուկ շիշ հավաքողների համար, որպեսզի ավելորդ անգամ դռան զանգը չտան: Իսկ բոմժերը շշերը հավաքում են աղբարկղերից, ընդ որում՝ ոչ միայն շիշ, այլեւ՝ սննդամթերքի տարբեր մնացորդներ, հագուստ, նույնիսկ՝ պղինձ ու ալյումին: Շշերի բիզնեսով զբաղվում են նաեւ աղբատար մեքենաների վարորդները: Օրինակ, աղբատար մեքենայի մի վարորդ պատմում է, որ իրենք ամիսներով աշխատավարձ չեն ստանում, եւ ապրուստի միակ միջոցն աղբի միջի շշերն են: Օրվա վերջում նրանք մեծ թվով շշեր եւ ապակե տարաներ (բանկաներ) հավաքում, լցնում են լոգարանի մեջ, որոշ չափով լվանում, ապա՝ պարկերով հանձնում են:
Շշահանձնման կետի բիզնեսով զբաղվող մի անհատ ձեռներեցի տվյալներով, կետերում ընդունվում են այն շշերը, որոնք գործարանների կողմից հետ են ընդունվում, այսինքն՝ պարզ առեւտուր է գնում. քաղաքացին շիշը վաճառում է շշահանձնման կետին, սրանք էլ վաճառում են գործարաններին: Գործարանի հետ պայմանագիր ձեռք բերելու դեպքում շշահանձնման կետի տերը քաղաքացուց էժան գնով ձեռք բերած շիշն ավելի թանկ գնով վաճառում է գործարանին: Օրինակ, օղու շիշն ընդունում է 15 դրամով, գործարանին վաճառում է 18 դրամով, գարեջրինն ընդունում է 28 դրամով, գործարանին է հանձնում 30 դրամով: Շշահանձնման կետի տնօրենի խոսքերով՝ իր շահն ամեն շշի մեջ այդ 2-3 դրամն է, որից 1 դրամը մուծում է Հարկային տեսչությանը, 1 դրամն էլ իր շահույթն է: Անհատ ձեռներեցը պարտավոր է եռամսյակը մեկ անգամ Հարկային տեսչությանը հաշվետվություն ներկայացնել եւ ամբողջ եկամտի 7%-ի չափով հարկ վճարել: «Ես համագործակցում եմ մեր գործարանների 90%-ի հետ՝ «Շամպայն եւ գինիների», «Վեդի ալկո», «Ավշար», «Սիս», «Եղեգնաձոր», «Թամարա», Արտաշատի պահածոների, «Սարդարապատ» գործարանների հետ,- ասում է նա: -Մենք, կարելի է ասել, ազգանվեր գործ ենք անում, որովհետեւ շատ մարդիկ սրանով հացի գումար են վաստակում: Մարդիկ այս կերպ օրվա հացի փող են աշխատում»: Նշենք, որ պայմանագիր ասվածն ըստ էության փաստաթուղթ չէ, այլ՝ պայմանավորվածություն, ընդ որում՝ գործարանը երաշխիք չի տալիս, թե ցանկացած ժամանակ կընդունի շշերը: Երբեմն պատահում է, որ գործարանն իջեցնում է ընդունվող շշերի գինը, քանի որ արտադրանքը վատ է սպառվում, հետեւաբար, շշերի կարիք շատ չի լինում. «Նույնիսկ պահ է լինում, որ, ասենք, 50 դրամով հավաքած շիշն ուզում ես 30 դրամով իրացնել, որպեսզի մաքրվի, չտուժես, եթե չի վաճառվում: Եղել է, որ գործարանը պահանջել է 53 դրամով բանկա հավաքել եւ վերցրել է, բայց այս բիզնեսը հաճախ կախված է գործարանատիրոջ քմահաճույքից: Նա գիտի, որ օգտագործած շշով իր բիզնեսն ավելի շահավետ կլինի, որովհետեւ նոր շիշը եռակի թանկ է նստում իր վրա: Նա շատ լավ հասկանում է, որ դու նեղ վիճակում ես եւ օգտվում է առիթից, այսինքն՝ նա գիտի, որ դու այդ շշերն ընդունել ես, գնել ես եւ, միեւնույն է, ինչքան էլ ցածր գին ասի՝ կվաճառես, որ վրադ չմնա: Եթե ասում է՝ 53 դրամանոց շիշը 45-ով տուր, ապա պետք է ստիպված այդ գնով տամ, հո չե՞մ ջարդի-թափի: Օրինակ, առաջ «Գյումրի» գարեջուր կար, պայմանավորվեցինք, որ մեծ քանակությամբ հավաքեմ-իրենց վաճառեմ: Հետո գործարանը փակվեց, ամբողջ 5000 շիշը ջարդեցի, թափեցի: Նման պահեր շատ են եղել, կարծես հոգեբանական սթրես ապրես, ճնշվում ես»:
Շշի բիզնեսով ապրող մարդկանց հիմնական մասը բոմժերն են, ինչպես նաեւ՝ հավաքարարները, աղբահանության ու ճաշարանների աշխատակիցները: Այս գործը շուկայում հաջողություն ունենալու պատճառով գայթակղել է նաեւ անչափահաս երեխաներին: Շատերը, բնակարանների դռները թակելով, առաջարկում են 5-10 դրամով շիշ գնել, ապա վերավաճառում են շշերի ընդունման կետերին: Այդ գումարով նրանք կարողանում են օգտվել համակարգչային սրահների ծառայությունից, պարբերաբար հաճախում են սրճարան, ծխախոտի գումար են վաստակում, եւ այլն: Շշերի ընդունման կետերի տերերը պնդում են, որ երեխաների ծնողները տեղյակ են այդ գործունեությունից եւ շատ դեպքերում հենց ծնողներն են երեխաներին ուղարկում աշխատելու:
Շշերի ընդունման կետի սեփականատիրոջ հավաստմամբ՝ շիշ հավաքողներն ապրում են օրական 500 դրամով. «Ես արդեն բոլորին ճանաչում եմ,- ասում է նա,- պատահում է, որ բոմժը մի օր շիշ չի բերում՝ անհանգստանում եմ, եւ պարզվում է, որ սովից, ցրտից մահացել է: Շատերն ասում են՝ քո համար մոմ ենք վառում, եթե այս կետը չլիներ, սովից կմեռնեինք: Շիշ հավաքող մարդիկ նրանք են, ովքեր եթե այս գործը չանեին ու մնային պետության հույսին՝ հաստատ կմեռնեին: Պատկերացրեք, որ արդեն բնակչությունը շիշ չի գցում աղբանոցի մեջ, բոլորն էլ գիտեն, որ շատ մարդիկ այդ շշերի շնորհիվ կարողանում են հաց ուտել, իսկ աղբանոցներից հաց ու հագուստ են հանում: Այնպես որ, այսօր եթե ուզենաս էլ՝ աղբամաններում շիշ չես գտնի»: Հարցիս, թե շշերի ընդունման կետ աշխատեցնելու դեպքում օրական որքա՞ն եկամուտ կարելի է ունենալ՝ կետի տնօրենը պատասխանեց. եթե կարողանաս օրական 2000 դրամ վաստակել, ապա նորմալ է, այն դեպքում, եթե հարկ ես վճարում, աշխատողին աշխատավարձ ես տալիս՝ 1000 դրամի չափով եւ ինքդ էլ ունենում ես 2000 դրամ: Շշահանձնման կետում օրական մոտ 200-300 շշի մուտք է լինում, բայց, եթե բարեբախտաբար մեկի տանը ծնունդ է լինում, ապա քանակն անհամեմատ ավելանում է: Այնպես որ, միջոցառումների դեպքում՝ բոմժերից մեկը կարող է իրեն թույլ տալ հացից բացի հավելյալ սննդամթերք գնել: Հետաքրքիր է, որ դրսից ներմուծվող ոգելից խմիչքների դատարկ շշերը նույնպես ընդունվում են շշերի ընդունման կետերում: Իրականում այդ շշերը գնում են հայրենական գործարանները, լվանալով ռուսական կամ արտասահմանյան պիտակները, շշերը լցնում են սեփական արտադրության խմիչքներով: Հայաստանում, առհասարակ, չարտադրվող արտասահմանյան լիկյորի կամ մարտինիի շիշը, պարզվում է, նորից օգտագործվում է, ասել է թե, նույն շշով մեզ մատուցում են արդեն կեղծ լիկյոր ու մարտինի: Միակ շիշը, որը կարելի է ասել՝ չես գտնի շշերի ընդունման կետում, վիսկու շիշն է:
Մեր զրուցակիցն ասում է, թե կեղտոտ շիշը չի ընդունվում, բայց դա այնքան էլ ճիշտ չէ, քանի որ աղբատար ավտոմեքենաների վարորդները նույնպես այդ ճանապարհով են փող աշխատում. «Գիտե՞ք ինչ, աղբի մեջ երբեք շիշ չես գտնի, որովհետեւ այդ շշերն իրականում ոչ թե գցվում են աղբամանների մեջ, այլ ցելոֆաններով դրվում են աղբամանների կողքին: Այնպես որ, դրանք աղբի միջից չեն հանվում: Բացի այդ, ցանկացած գործարան ցանկացած կեղտոտության կամ մաքրության դեպքում կաուստիկ սոդայով ախտահանում է շիշը: Գործարանատերը քաջ հասկանում է, որ իր թողարկած արտադրանքի վրա եթե մի բիծ եղավ՝ այլեւս շուկա չի կարող մտնել»:
Շշերի ընդունման կետի տնօրենը պնդում է, թե իրենք կեղտոտ շիշ չեն ընդունում, բայց նրա բացակայության ժամանակ վերջինիս հայրը միամտաբար ասաց, թե իրենք շիշ լվացող աշխատողի կարիք ունեն: Բացի դա, միայն Երեւան քաղաքում գործում է շշերի լվացման մոտավորապես 50 կետ, որոնք շշերը լվանալուց հետո դրանք փաթեթավորում եւ վաճառում են գործարաններին: Այս պարագայում հայտնի չէ, արդյո՞ք գործարանն ախտահանում է լվացած շշերը, թե՞… Ինչ վերաբերում է շշերի գներին, ապա հանձնման կետերում նույնպես կայուն գներ չեն, գնացուցակը բազմազան է, օրինակ՝ շամպայնի շիշն ընդունվում է 15, օղու շիշը՝ 20, օղու փոքր շիշը՝ 10, կետչուպի շիշը՝ 10, գինու շիշը՝ 10, «Կոտայք» գարեջրի շիշը՝ 18, ապակե 1կգ-անոց տարան՝ 70, 2 կգ-անոցը՝ 80, 3 կգ-անոցը՝ 100 դրամով եւ այլն: Գների տատանումը նաեւ կախված է տոն օրերից: Օրինակ, ամանորյա տոներին, քանի որ արտադրանքի մեծ սպառում կա, գործարանները շշերի ընդունման գները բարձրացրել էին, հետեւաբար՝ շշերի ընդունման կետերն էլ շահագրգռված էին շշեր ընդունելու հարցում, բայց այս դեպքում չի կարելի ասել, թե նրանք նույնպես բարձր գներով են ընդունում, քանի որ քաղաքացին, այսպես թե այնպես, շիշը հանձնելու է, որ հաց գնի: Այս դեպքում շահում են շշերի ընդունման կետերը: Շշերի ընդունման կետերի գործունեության շնորհիվ կարելի է լուրջ հետեւություններ անել մեր հասարակության սոցիալական իրավիճակի վերաբերյալ: Շշերի ընդունման կետի տնօրենի կարծիքով` ժողովրդի սոցիալական վիճակը գնալով անկում է ապրում: «Պատկերացրեք, հանձնվող շշերի քանակն էապես նվազել »,- ասում է նա: «Էլիտար խմիչքների շշեր ընդհանրապես հազվադեպ են հանձնվում, բերվում են էժանագին օղու շշեր: Մարդիկ գնում են 350 դրամանոց էժան օղիներ, հետեւաբար, ամենաշատը հանձնում են օղու շշեր: Բացի այդ, մարդիկ հիմա պահածո փակելու հնարավորություն շատ չունեն: Սովորական քաղաքացիներն էլ արդեն իրենց պահածոների բանկաները բերում-հանձնում են: Ամեն տարի ես նկատում եմ, որ շատանում է բանկաների թիվը, որովհետեւ դրանք չեն օգտագործվում, բերում-հանձնում են, որ հացի փող ունենան: Ես միանշանակ կարող եմ ասել, որ առաջվա պես մեր ժողովուրդը ձմռանը չի նախապատրաստվում, որովհետեւ հնարավորություն չունի վաղվա օրվա մասին մտածելու: Եթե մարդը բերում է, իր անձնական օգտագործման բանկան հանձնում է, նշանակում է՝ նա ապրում է այսօրվա համար եւ վաղվա մասին մտածելու հնարավորություն չունի: Հյութերից ամենաօգտագործվողը «Բայկալ» լիմոնադն է, որովհետեւ էժան է, ամեն մարդ չի կարող իրեն թույլ տալ բնական հյութ խմել: Ժողովուրդն արդեն չի նայում որակին, օգտվում է միայն էժան արտադրանքից»: