Երեկ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում մի հրապարակում է լույս տեսել, որում հեղինակն իր մտահոգությունն է հայտնում, թե «Եվրամիությունը Ռուսաստանից գնում է ԱՊՀ երկրները»: «Ի՞նչ կարելի է իրականում անել` առանց այդ էլ հազիվ շնչող ԱՊՀ-ն քանդելու համար: Օրերս այս հարցին Եվրահանձնաժողովը գործնականում պատասխանեց` 12 մլրդ եվրո տրամադրելով հարեւանության ծրագրի շրջանակներում մի շարք երկրների զարգացման համար: Բրյուսելի կողմից շոյված պետությունների ցուցակում հայտնվել են ԱՊՀ-ի նաեւ մեր գործընկերները` ՎՈՒԱՄ-ի մեջ միավորված Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Մոլդովան, ինչպես նաեւ` Հայաստանը: Բացի փողից, Եվրահանձնաժողովը նրանց խոստացել է լայն առեւտրատնտեսական ինտեգրացիայի հեռանկար` կառուցված ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքների, ինչպես նաեւ` վիզաների տրամադրման պարզեցված ռեժիմի, համատեղ ծրագրերի մեջ այդ երկրների համակարգված ներառման եւ էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում սերտ համագործակցության վրա: Սա հենց այն է, ինչ 15 տարիների ընթացքում հայտարարեցին, բայց այդպես էլ չկարողացան իրականացնել ԱՊՀ-ում»,- գրում է թերթը: Վերջինս մտահոգված է նաեւ նրանով, որ «ի տարբերություն Մոսկվայի, որն այսօր ֆինանսավորում է ԱՊՀ տարածքում կոնֆլիկտային գոտիները եւ փաստորեն պահում է չճանաչված հանրապետությունները, Բրյուսելը շեշտը դրել է դրանց իրավական կենտրոնների վրա եւ մեծ հաշվով ֆինանսավորում է Վրաստանի, Մոլդովայի, իսկ այժմ էլ` Հայաստանի վերաուղղորդումը դեպի Արեւմուտք»: