Հանրապետական կուսակցությունը, որն, ինչպես արդեն հայտնի է, սոցհարցումների արդյունքում է աշխատանքից ազատել իր երկու՝ հլու-հնազանդ մարզպետներին, շարունակում է իր գաղտնի սոցհարցումները նաեւ մյուս մարզերում: Ու քանի որ ՀՀԿ-ն ընտրություններից առաջ նման PR-ծրագիր է նախաձեռնել՝ ժողովրդի աչքը մտնելու ու նրանց համոզելու համար, որ իրենք ամեն ինչ անում ու արել են միայն իրենց մասին մտածելով, ապա չի բացառվում, որ առաջիկայում նման «սյուրպրիզներ» ունենան նաեւ մյուս մարզպետները:
Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի ու Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի պաշտոնանկության մասին լուրը սարսափի մեջ է գցել մյուս բոլոր մարզպետներին, ովքեր մինչեւ «Հայլուրով» պաշտոնապես այդ լուրը չեն լսել, չեն հավատացել, թե մարզպետի պաշտոնում «մշտականներ» ունեցող Հերոյանին ու Քոչինյանին կարող է աշխատանքից հանկարծ ազատած լինեն: Երեկ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նույնպես չէին կարողանում հարմար բացատրություն գտնել, թե ինչու է ՀՀԿ-ն որոշել «պատժել» իր երկու մարզպետներին, ովքեր, ինչպես ասում են, պատրաստ էին անգամ առանց որեւէ փոխհատուցման ծառայել ՀՀԿ-ին: Օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդհանրապես խուսափեց այս հարցի պատասխանից՝ պատճառաբանելով, թե իրեն նման հարցերն ընդհանրապես չեն հետաքրքրում: Իհարկե, բոլորն էլ հասկացան, որ Գ. Սահակյանը պարզապես «ցրում» է, որովհետեւ ում` ում, բայց Գ. Սահակյանին ամեն ինչ հետաքրքրում է: Նույնիսկ այն հարցերը, որոնք իրեն ու իր կուսակցությանն ընդհանրապես չեն առնչվում: Գ. Սահակյանը նույնիսկ չասաց, որ իրենք սոցհարցումներ են անցկացրել այդ մարզերում, ու ժողովրդի աչքն ու սիրտը մտնելու համար որոշել են իրենց մարզպետներին հեռացնել աշխատանքից: ՀՀԿ պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Գ. Սահակյանը վախենում էր, որ այդպես ասելու դեպքում կարող է իրեն չհավատան՝ մտածելով, որ դժվար թե ՀՀԿ-ն նախընտրական այս փուլում որոշեր հաշվի առնել ժողովրդի կարծիքն ու աշխատանքից ազատեր Հերոյանի ու Քոչինյանի նման ՀՀԿ-ին ծառայող մարզպետներին: Նույն պատգամավորի հավաստմամբ, չնայած այս ամենին, թե Հերոյանը, եւ թե Քոչինյանը շարունակելու են մնալ հանրապետականներ ու անպաշտոն շարունակելու են նաեւ աշխատել հանուն ՀՀԿ-ի բարգավաճման: Գ. Սահակյանն էլ երեկ նույն բանը հայտարարեց՝ ասելով. «Եթե ՀՀԿ-ի համար աշխատել են, դա քաղաքական պրոցես է, որը կշարունակվի նաեւ նրանց պաշտոնանկությունից հետո, դրա համար պետական պաշտոնն այդքան էլ անհրաժեշտություն չէ»:
Իսկ ինչ վերաբերում է մյուս մարզպետներին, ապա ՀՀԿ-ում վստահեցնում են, որ իրենց կուսակցության ղեկավարները՝ Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը, բավական լուրջ են վերաբերվում այդ սոցհարցումներին, եւ «եթե սոցհարցումների արդյունքում հանկարծ պարզվի, որ մյուս մարզերի բնակիչներն էլ են դժգոհ իրենց մարզպետներից, ապա չկասկածեք, որ նրանք էլ են մի քանի րոպեում արժանանալու նույն ճակատագրին»: ՀՀԿ-ական պատգամավորը հավատացնում էր, որ իրենց այս PR-ծրագիրը բավական «հաջողված» է, որովհետեւ հենց այս պաշտոնանկություններից հետո բոլոր մարզպետները վախեցած սկսել են իրենց մարզի բնակիչների դռները գնալ՝ հարցնելով, թե ինչի՞ կարիք ունեն, ի՞նչ չլուծված հարցեր ունեն նրանք: «Իսկ առաջ ո՞նց էր՝ մարզպետները կուզեին՝ կգնային գործի, չէին ուզի՝ չէին գնա: Գնացած ժամանակ էլ խեղճ ժողովրդի, որ ամեն օր լուսանալուն պես վազում էին մարզպետարան՝ մարզպետ բռնացնելու, ամիսներով երեսը չէին տեսնում, որովհետեւ տեսեք՝ տեսեք, մարզպետը լայաղ չէր անում նրանց տեսնել,- ասում էր ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը,- Դե, հըլը թող հիմա փորձեն նման բան անել: Բա կանե՞ն, այսօր արդեն ասում են, որ մարզպետներն իրենք են դռնեդուռ ընկած ժողովրդին խնդրում, որ իրենց հարցերով դիմեն իրենց՝ օրվա որ ժամին ուզում են: Դրանց վախը պետք էր նման ձեւով բռնել»: ՀՀԿ-ական պատգամավորը, ով չէր թաքցնում իր ուրախությունը, որ Քոչինյանի ու Հերոյանի նման «բամբասկոտ» մարզպետներն այլեւս մարզպետներ չեն, մեզ հետ զրույցում նրանցից դժգոհելով, ասում էր. «Հիմա այդ երկուսը սկսել են լուրեր տարածել, թե իրենց հեռացրել են, որովհետեւ այս կամ այն կուսակցությանն իրենց մարզերում տեղ են տվել: Ա՛յ թե դրանք իրականում ովքեր են՝ կանանցից «բեթար» բամբասկոտներ, որոնց եթե հիմա զանգես, ասես՝ Անդրանիկ Մարգարյանը կանչում է իր մոտ վարորդ աշխատելու՝ վազելով կգան, միայն թե իրենց անունը ՀՀԿ-ի հետ կապվի»:
Ամենակարեւորը, ինչից ոգեւորված էին ՀՀԿ-ական պատգամավորները, այն է, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ իրենք այսուհետ «ճակատները բաց» կգնան ժողովրդի հետ հանդիպելու: Բայց սա էլ մի կողմ՝ նրանք երեկ արդեն ԱԺ միջանցքում ընդդիմադիր պատգամավոր էին ման գալիս, որպեսզի գլուխները բարձր անցնեն նրանց կողքով, ու ինչ-որ առիթ գտնեն այդ թեման շոշափելու համար ու ասեն՝ տեսա՞ք, ուզո՞ւմ էիք պատժենք՝ պատժեցինք, հիմա ի՞նչ եք ասելու:
Երեկ լրագրողներն ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն իր սոցհարցումների արդյունքում աշխատանքից հեռացնի նաեւ ՀՅԴ-ական երկու՝ Արագածոտնի եւ Շիրակի մարզպետներին: Ի պատասխան` Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենք ամբողջությամբ վստահում են իրենց երկու մարզպետներին ու ամենեւին մտադրություն էլ չունեն քննարկելու նրանց փոփոխության հարցը: Բայց, որքան տեղյակ ենք, ՀՀԿ-ում էլ չէր քննարկվել Ալբերտ Հերոյանի ու Հենրիկ Քոչինյանի հարցը, առավել եւս՝ նրանց վստահելու կամ չվստահելու մասով, սակայն փաստն այն է, որ նրանք այլեւս մարզպետներ չեն: