Խոսել է Թուրքիայի դեմ

13/12/2006

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջո Նոլենբերգը Ներկայացուցիչների պալատում հրապարակել է հայտարարություն, որով Թուրքիային կոչ է արվում փոփոխության ենթարկել իր քաղաքականությունը՝ հատկապես Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելով։ «Հորդորում եմ Թուրքիային հարգել իր ստանձնած պարտավորությունները եւ Եվրամիությանն անդամակցելու նպատակով իրականացնել տնտեսական, տարածաշրջանային ու քաղաքական բարենորոգումներ»,- ասված է հայտարարության մեջ։ Նոլենբերգը հիշեցնում է, որ դեկտեմբերի 6-ին ավարտվել է ԵՄ-ի կողմից Թուրքիային տրված ժամանակը, երբ Անկարան պետք է փոփոխություններ իրականացնելու կամք դրսեւորեր։ «Սա շատ կարեւոր ամսաթիվ է, ժամկետ, երբ Թուրքիան պետք է որոշեր՝ շարունակելո՞ւ է արդյոք այլ երկրների հետ թշնամանալու քաղաքականությունը, թե՞ կարեւոր այդ դաշինքին միանալու համար ընդունելու է փոփոխությունների առաջարկը»,- ասված է կոնգրեսականի հայտարարությունում: «Հարավային Կովկասում լարվածություն ստեղծելու եւ հարեւան Հայաստանին վնաս պատճառելու Թուրքիայի քաղաքականությունը գաղտնիք չէ»,- շեշտում է Նոլենբերգն իր հայտարարությունում։ Կոնգրեսականը Եվրամիությանը կոչ է անում խստորեն հետեւել ներկայացված առաջարկությունների կատարմանը Թուրքիայի կողմից։ Դիմելով Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ Ջո Նոլենբերգը շեշտում է ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրների հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները եւ այն փաստը, որ Թուրքիան անտեսում է հարավկովկասյան տարածաշրջանում ՀՀ-ի կարեւոր դերը։ «Մինչեւ ԵՄ անդամ դառնալը Թուրքիան նախ պետք է ընդունի իր սխալները, զարկ տա Հարավային Կովկասում համագործակցությանը եւ հարգի հարեւան ՀՀ-ին»,- պնդում է ամերիկացի կոնգրեսականը: