Նշված բանաձեւն արդեն իր արտացոլումն է գտել շատ զարգացած հասարակարգերում, որտեղ սպառողների անվտանգության հստակեցված կանոններից ելնելով` սննդամթերքի վրա պարտադիր դաջված է լինում նրա լիարժեք անձնագիրը:
«Ես շեշտը դնում եմ սննդամթերքի վրա, որովհետեւ անմիջականորեն մարդու առողջության, կյանքի երկարակեցության վրա հենց սննդամթերքն է ազդում: Մեզ մոտ այդ անձնագրի տարրերն են միայն պահպանվում»,- «Սպառողական շարժումը Հայաստանում 15 տարեկան է» հոբելյանական քննարկումների ժամանակ (որն օրերս կազմակերպել էին «Աննա» սպառողների ազգային ասոցիացիան եւ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիան) նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Նա հույս հայտնեց, որ Սպառողական շարժման հետագա գործունեությունը կզարգանա նշված անձնագրի դետալիզացիայի ուղղությամբ, որովհետեւ, ինչպես նկատեց Է. Գաբրիելյանը, այսօր գիտությունը հաստատում է, որ մարդու առաջին թշնամիներից մեկը խոլեստերինն է: «Յուրաքանչյուր սպառող պետք է տեղեկացված լինի, թե տվյալ սնունդն օգտագործելով ի՞նչ քանակությամբ խոլեստերին է ընդունել: Ահռելի մեծ գրականություն է կուտակվել գիտության մեջ, որը ցույց է տալիս այս նյութի վտանգավորության աստիճանը երկարակեցության, առողջ ապրելակերպի հարցերում, չնայած առանց խոլեստերինի կյանքը գոյություն ունենալ չի կարող: Մնացած բաղադրատարրերը, որոնք առողջության համար հանդիսանում են խիստ կարեւոր գործոններ են, անպայման պետք է արտացոլվեն արտադրված ապրանքում` անձնագրի ձեւով»,- ընդգծեց հայտնի պրոֆեսորը: Ներկայումս հայ սպառողների գրագիտությունը, ըստ Է. Գաբրիելյանի, անհրաժեշտ մակարդակի վրա չի գտնվում: Ազգաբնակչության կողմից օգտագործվող սննդամթերքի ստուգման անհրաժեշտության ենթատեքստում Է. Գաբրիելյանը նշեց, որ այն, ինչ այսօր մենք ընդունում ենք` եւ ներմուծված, եւ տեղում արտադրված ապրանքատեսականու մեջ, խորը քննության դեպքում, կարող է միայն սարսափ առաջացնել: «Գաղտնիք չէ, որ մեզ մոտ սննդի որակի վրա բաղադրատարրերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները գտնվում են դեռեւս շատ ցածր մակարդակի վրա: Հանդուրժել չի կարելի, որ օրինակ, արեւի տակ վաճառվում են սննդամթերքներ` սկսած` զանազան հագեցած ճարպաթթուներ պարունակողներից, վերջացրած՝ հագեցած ճարպեր պարունակողներով: Նման պայմաններում չի կարող որակը անվտանգ մնալ մարդու համար: Սա մի ամբողջ բնագավառ է, որը պետք է խորացված ձեւով ուսումնասիրել: Տարիներ առաջ է բացահայտվել, թե որքան է մեր սննդամթերքը վարակված նիկոտոքսիններով: Դրա համար չպետք է զարմանանք, որ այսօր շատ անսպասելի հիվանդություններ են արձանագրվում երեխաների եւ հասուն մարդկանց մոտ: Սրանց զգալի մասը պայմանավորված է սննդամթերքի որակով, որը շատ դեպքում չի ստուգվում կամ լավ չի ստուգվում: Իզուր չէ, որ այսօր գարգացած երկրներում սննդի որակի վերահսկողությունը շատ խոշոր կազմակերպություններ են իրականացնում, առանց նրանց թույլտվության ոչ մի սնունդ շրջապտույտ գործել չի կարող տվյալ երկրներում: Այն, ինչ սննդի միջոցով թափանցում է մարդկային օրգանիզմ, հետո շատ թանկ է վճարվում դրա համար: Այն, ինչ կրում ենք մեր վրա, ինչի հետ մենք շփվում ենք մեր կենցաղում, դրանք նույնպես առարկաներ են, որոնք իրենց ազդեցությունը թողնում են մարդկանց կյանքի անվտանգության եւ առողջության վրա: Ուստի, մշտական մոնիտորինգը Սպառողների միության գլխավոր զենքը պիտի դառնա»,- եզրակացրեց Է. Գաբրիելյանը:
Կասկածելի դեղեր եւ կասկածելի բենզին
Իսկ բժշկական գիտությունների դոկտոր Բագրատ Ղարիբջանյանը` անդրադառնալով Հայաստան մուտք գործող հանրային սննդի եւ լայն սպառման ապրանքների մուտքը թույլատրող մարմինների գործունեությանը, նշեց, որ հետամնաց երկրների համար արտադրվող ապրանքների որոշ մասը գալիս հասնում է մեր հանրապետություն: Դրա համար Մաքսային պետական ծառայության աշխատակիցների գրագիտությունը պետք է հասցնել այն աստիճանի, որ հասկանան, թե ի՞նչ են ընդունում երկիր: «Երկու օր առաջ ես ծանոթացել եմ մի փաստաթղթի հետ` մանկական սննդի, մասնավորապես` կաթնամթերքի վերաբերյալ, որը որոշ երկրներում առաջացրել է հորմոնալ խախտումներ` տղա երեխաների մոտ` կրծքագեղձի մեծացման, աղջիկների մոտ` մազակալության, արդյոք մեր մաքսավորները տեղյա՞կ են այդ մասին: Բոլորը գիտեն, որ մեր ավտոմեքենաները փչանում են, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ բենզին ենք օգտագործում` միաժամանակ նաեւ աղտոտելով միջավայրը: Եվ վերջապես` դեղերի մասին: Մասնագետները դեղորայքի մասին օրենքներ են մշակում, եւ հաստատվելու ժամանակ նրանց առաջարկած եւ մշակած առաջարկությունների 70 %-ն օրենսդիրը չի հաստատում: Գրագետ օրենքների դեպքում էլ, եթե չլինի ամենաբարձր մակարդակով պետական լուրջ մոտեցում, ապա այս բնագավառում մենք չափազանց լուրջ վտանգներ կարձանագրենք: Դեղի ապօրինի ներմուծումը մեծ բիզնես է»,- նկատեց Բ. Ղարիբջանյանը: Նրան նաեւ զարմացնում է այն հանգամանքը, թե Թուրքիայի հետ սահմանների փակ լինելու դեպքում, «այսքան թուրքական աղբ որտեղի՞ց է գալիս-լցվում Հայաստան, ի՞նչ ճանապարհներով են գալիս, եւ Մաքսային ծառայության աշխատակիցներն ի՞նչ գրագիտությամբ են բաց թողնում այդ ապրանքները»: