4 միլիոն ծաղիկ են տնկելու

07/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեւանի քաղաքապետարանը 2005 թվականը հայտարարել է կանաչապատման տարի: Խոստանում են այդ նպատակով տնկել 40.000 ծառ եւ 4 մլն ծաղիկ, նաեւ՝ թփեր ու գազոններ: Որպեսզի այս տարվա տնկածներն էլ նախորդ տարիների տնկածների նման քամին ու կրակը չտանեն, որոշվել է թաղապետարանների հետ միասին վերանորոգել քաղաքի ընդհանուր 350 կմ ոռոգման ցանցից 130-140 կմ հատված: Այս ոլորտում 1990 թվականից վերանորոգման ոչ մի աշխատանք չի կատարվել: Ըստ քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանի, ամենավատ վիճակում են գտնվում Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, ինչ-որ տեղ նաեւ՝ Կենտրոն եւ Արաբկիր համայնքների ոռոգման համակարգերը: Ոռոգման ցանցի հետ անցյալ տարի մշակվել է նաեւ կանաչ տարածքների վերականգնման ծրագիր: Երեւանի մոտ 800 հա կանաչ տարածքից 150 հա-ն ընդհանրապես ծառազրկված է, 110 հա-ն էլ մասամբ է ծառազրկված: Պարոն Կոսեմյանի տվյալներով, մնացած 550 հա-ն նորմալ վիճակում է: Ոռոգման ցանցի այդ 130-140 կմ հատվածի վերանորոգման համար հաշվարկված է ծախսել 550-600 մլն դրամ, որից 320 մլն-ը հատկացնելու է քաղաքապետարանը, մնացածը՝ թաղապետարանները: Իսկ կանաչ տարածքների վերականգնման համար այդպիսի հաշվարկ արված չէ, այստեղ արդեն քաղաքապետարանը ֆինանսական մասով չի մասնակցի, կօգնի միայն կազմակերպման եւ անվճար տնկիներ ձեռք բերելու մասով: Պարոն Կոսեմյանի հավաստմամբ՝ ոռոգման ցանցի աշխատանքները ծրագրված է սկսել գարնանը եւ ավարտել հուլիսի սկզբներին:

Կանաչ տարածքների այն հատվածներում, որտեղ սրճարաններ կամ այլ օբյեկտներ կան, շրջակայքի բարեկարգման գործը, թաղապետարանների հետ պայմանագրերի համաձայն, պետք է կատարեն տվյալ տնտեսվարող օբյեկտները: Իսկ այն հատվածները, որոնք սահմանափակ, բակային տարածքներ են, ասենք, որեւէ հիմնարկի, դպրոցի տարածքում, պետք է բարեկարգվեն այդ կազմակերպությունների միջոցներով: Պարոն Կոսեմյանի կարծիքով՝ մնացած տնտեսվարողներն էլ պետք է իրենց դիմացի մայթերի կանաչ հատվածների բարեկարգմամբ զբաղվեն: Իսկ Աբովյան փողոցի համար արդեն հատուկ ծրագիր պետք է մշակվի, որովհետեւ դա մեր քաղաքի ամենահին ու ամենահայտնի փողոցն է:

«Թաղապետարանները պետք է փողոցների վրա գտնվող տնտեսվարողների հետ հատուկ աշխատանք տանեն, որպեսզի վերջիններս հասկանան, որ Երեւանը նաեւ իրենց քաղաքն է,- գտնում է քաղաքապետարանի ներկայացուցիչը: -Այսինքն, ամեն մեկը փողոցի իր հատվածում պետք է կանաչապատում իրականացնի: Այս տարի մենք պետք է ունենանք Կանաչ Երեւան»:

Այս միտքը շատ հատուկ է Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների ղեկավարներին: Ամբողջ ձմեռվա ընթացքում մայթերը ձնից չմաքրվեցին. այդ պարտականությունները նորից դրվեցին խանութների, սրճարանների, գրասենյակների եւ այլ օբյեկտների տերերի խղճի վրա: Արդյունքում, հետիոտն երեւանցիները սկսեցին քայլել թռվռալով: Ինչեւէ, ծրագրված է մինչեւ 2020 թվականը Երեւանի կանաչ հատվածն ավելացնել եւս 500 հա-ով: Դա պետք է արվի քաղաքի տարբեր համայնքներում գտնվող գյուղատնտեսական հողերի հաշվին, որոնք այժմ վարձակալության հիմունքներով մշակվում են: Ի դեպ, դեպքեր են պատահում, որ քաղաքացին ուզում է բարեկարգել իր խանութի կամ գրասենյակի բակը, թաղապետարանները պարտադրում են գումարը փոխանցել թաղապետարան, որպեսզի իրենք անեն: Քաղաքացիներն էլ, բանականաբար, չեն համաձայնում. ինչո՞ւ պետք է թաղապետարան փոխանցեն գումարը եւ ոչ թե իրենք անեն: Պատճառը պարզ է. նախ, որ շինարարությունը փող ուտելու ամենալավ ձեւերից է, բացի այդ՝ հետո թաղապետերը կարող են դրանով գլուխ գովալ, թե իրենք են արել եւ ոչ թե քաղաքացին: Տեսնենք, թե Երեւանի քաղաքապետարանը ինչպե՞ս կծախսի ոռոգման ցանցի վերանորոգմանը հատկացված գումարները: Իսկ Երվանդ Զախարյանը հին շինարար է: