Էկոլոգիական փախստականներ

13/12/2006

Մայրաքաղաքում կանաչ տարածքների հաշվին սնկի պես աճող շինությունների կառուցման հետեւանքով երկիրը կանգնել է էկոլոգիական մեծ աղետի առջեւ: «Սունդուկյանի անվան թատրոնի այգում արդեն շինության երկու մեծ հիմքեր են փորվել: Եթե այսպես շարունակվի, ոչ սնունդը, ոչ ջուրն է մեզ պետք լինելու, մենք դառնալու ենք էկոլոգիական փախստականներ: Առողջապահության նախարարությունը լռում է, խոսքի մեջ մենակ ասում են` ասթման կամ այլ հիվանդություններն են շատացել, ու ոչինչ չեն ձեռնարկում: Ամեն ինչ մեր ձեռքին է, հույս չունենանք ոչ քաղաքապետարանից, ոչ թաղապետարանից, ոչ էլ նախարարություններից: Ամեն ծառի համար պետք է կռիվ տալ: Դա մեր օդն է, որ խլում են մեր ձեռքից»,- ԳԱԱ շենքի նիստերի դալիճում «Սպառողական շարժում-15» հոբելյանական միջոցառման ընթացքում չնախատեսված իր ելույթի ժամանակ հայտարարեց «Հանուն մարդկության կայուն զարգացման» հ/կ-ի նախագահ, ԵՊՀ դասախոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը: Նա ներկաներին հիշեցրեց Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որում թուրքը մեր մասին ասում է` որ «ձեր ագահությունն է պատճառը, որ ձեզ անընդհատ ջնջում են: Ագահությունը հիմա խժռում է մեր երկիրը»: