«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկման թեման այս անգամ նվիրված էր թշնամու կերպարին՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Քննարկմանը մասնակցում էին նաեւ «Նոր Անատոլիա» թուրքական թերթի քաղաքական մասի խմբագիր Նուրսուն Էրելը, եւ ադրբեջանցի երկու լրագրողներ՝ Ալեքպեր Ալիեւն ու Էլմիր Միրզոեւը։ Նրանք Հայաստանում էին գտնվում «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» հրավերով՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ։
Քննարկման վարող, «168 Ժամ» թերթի փոխխմբագիր Արմեն Բաղդասարյանի կարծիքով` թեման ներկայումս շատ արդիական է եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Հայաստանում. «Ցավոք սրտի, վերջերս արդիական է նաեւ Թուրքիայում, մանավանդ` Ֆրանսիայի հայտնի օրենքի ընդունումից հետո թշնամու կերպարի ստեղծման ուղղությամբ մամուլը շատ ակտիվ է»։
Ա. Բաղդասարյանն առաջարկեց քննարկել ոչ թե այն հարցը, թե թշնամու կերպարի ձեւավորման գործընթացը որտե՞ղ է ավելի ինտենսիվ, այլ այն, թե պե՞տք է արդյոք աշխատել այդ ուղղությամբ, թե՞ ոչ, եւ ինչի՞ համար է դա արվում։ Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ռազմատենչ քարոզչությունը հաճախ շփոթվում է թշնամու կերպարի ստեղծման հետ, իսկ չկարգավորված հակամարտությունների մեջ գտնվող երկրների համար ռազմատենչ քարոզչությունը ինչ-որ իմաստով հասկանալի է։ «Բայց արդյո՞ք թշնամու կերպարի ձեւավորումը դրա պարտադիր բաղադրիչն է։ Հասկանալի է՝ քանի որ ղարաբաղյան խնդիրը դեռեւս կարգավորված չէ, ռազմատենչ քարոզչություն լինելու է։ Բայց այսօր թշնամու կերպար ստեղծելով՝ մենք դժվարացնում ենք հետագա խաղաղությունը»,- ասաց Ա. Բաղդասարյանը։ Նա հիշեցրեց ադրբեջանական գday.azգ լրատվական կայքէջում տեղ գտած մի հարցազրույցի մասին, որտեղ ինչ-որ մի ադրբեջանցի երգչուհի իրենց թատրոնի աշխատակիցների մասին խոսելիս ասել է՝ բոլորն ասես հայեր լինեն։ «Նկատի ուներ՝ բոլորն ասես թշնամիներ լինեն։ Հարցը բոլորովին քաղաքական չէր, սակայն «հայ» եւ «թշնամի» բառերը օգտագործվել էին որպես հոմանիշներ»։ Այսինքն, դրանով արդեն իսկ ստեղծվում է թշնամու կերպար՝ ի դեմս հայերի։ Պե՞տք է արդյոք թշնամու կերպարի դեմ պայքարել, թե՞ դա նորմալ է, քանի որ պատերազմական իրավիճակ է։
Գեղամ Մանուկյանը («Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների խորհրդական, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ) գտնում է, որ ոչ թե պետք է պայքարել թշնամու կերպարի դեմ, այլ պետք է չձեւավորել այդ կերպարը։ Նրա կարծիքով` որեւէ ժողովուրդ չի կարող մեկ այլ ժողովրդի թշնամի լինել։ «Թուրք ժողովուրդը չի կարող թշնամի լինել հայ ժողովրդին, ինչպես եւ հայ ժողովուրդը՝ թուրք ժողովրդին։ Նույնը վերաբերում է նաեւ հայերին եւ ադրբեջանցիներին»։ Գ. Մանուկյանը նաեւ ցանկություն հայտնեց, որ Ադրբեջանում նույնպես հայերին տրվի ազատ արտահայտվելու այնպիսի հնարավորություն, ինչպես թուրք եւ ադրբեջանցի լրագրողներն ունեցան Հայաստանում։ «Ես կուզեի գնալ Ադրբեջան, հարցազրույց կազմակերպել։ Սակայն երբ մեր հեռուստաընկերությունը միջազգային կազմակերպությունների միջոցով 2 անգամ փորձ է արել գնալ եւ լուսաբանել Ադրբեջանի ընտրությունները, բոլորը մեզ պատասխանել են՝ դա անհնար է»։
ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն իր խոսքը սկսեց ՀՀ Սահմանադրությունից մի մեջբերում անելով՝ «Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը՝ ազգային ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով»։ Նշելով, որ նման դրույթ կա նաեւ Ադրբեջանի Սահմանադրության մեջ՝ Շ. Քոչարյանը հանդուրժողական մթնոլորտի ձեւավորումը կապեց իրավական պետության առկայության հետ։ «Եթե մենք լինեինք իրավական պետություններ, երեւի լրիվ այլ խոսակցություն գնար։ Որովհետեւ, եթե հիմնական օրենքը դա արգելում է, ապա ինչի՞ մասին է խոսքը …Հանդուրժողական մթնոլորտին հասնելու կարեւորագույն ուղիներից մեկն այն է, որ մեր պետությունները դառնան իրավական»։ Մյուս կարեւոր հանգամանքը, ըստ Շ. Քոչարյանի, պարզապես մարդկային շփումն է։ «Այս քննարկումը հենց այդպիսի նորմալ շփման օրինակ է, սակայն եզակի, հազվադեպ օրինակ… Մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է ամեն ինչ անենք, որ ինչքան հնարավոր է շատ շփումներ լինեն։ Չպետք է կարծել, որ բոլոր հարցերը դրանով կլուծվեն։ Բայց որքան շփումները շատ լինեն, մենք գոնե այդքանով կսկսենք միմյանց ընդունել որպես նորմալ մարդկանց։ Իսկ դա շատ կարեւոր է»։
Գեորգի Վանյանը («Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան ինստիտուտ» ՀԿ) համաձայն էր, որ շատ ավելի ճիշտ է թշնամու կերպարը չստեղծել, քան պայքարել այդ կերպարի դեմ։ Սակայն նա կարծում է, որ այդ կերպարն արդեն կա։ Իսկ որպես իր խոսքերի ապացույց` նա բերեց ԵՊՀ ռեկտորի օրինակը, որը թուրք լրագրողուհի Նուրսուն Էրելին թույլ չի տվել հանդիպել ուսանողների հետ։ «Ռեկտորն «Առավոտ» թերթի թղթակցին ասում է, որ միջոցառում ունեն։ Բայց նա ստում է, որովհետեւ մեր հեռախոսազրույցի ժամանակ ասում է՝ թուրքի ոտքը չպետք է մտնի Համալսարան։ Սա արդեն խոսում է որոշակի թշնամու կերպարի մասին»,- գտնում է Գ. Վանյանը։ Վերջինս նաեւ հիշատակեց «Աճառյան» համալսարանում տեղի ունեցածը, երբ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը մատ թափ տալով՝ Ն. Էրելին ասել է՝ ձեզ կոռեկտ պահեք։ «Ու դահլիճը ծափահարում է։ Իսկ խոսքը վերաբերում էր արտահայտած տեսակետներին։ Ու մեր ցավը հենց էստեղ է, որ նման վայ-հայրենասերի պատրաստած ապագա դիվանագետը բանակցությունների սեղանի շուրջ պարտվելու է։ Որովհետեւ հայրենասիրական ճառեր է ասելու՝ առանց բուն նյութին, բանակցության արվեստին տիրապետելու»։
Սեդա Մուրադյանը (Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտ) փորձեց պատասխանել, թե ինչո՞ւ էր դահլիճը ծափահարում «ձեզ կոռեկտ պահեք» արտահայտությանը։ «Տարիներ առաջ, երբ տեղի ունեցավ ջահերով երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան, երիտասարդների խումբը փորձում էր վառել Թուրքիայի դրոշը։ Ոստիկանները վերցրին այդ դրոշը եւ թույլ չտվեցին այրել։ Իսկ այսօր մենք կարող ենք ուղիղ եթերում տեսնել, թե ինչպես է այդ դրոշը երթի ժամանակ այրվում։ Ինձ թվում է՝ սա իր ազդեցությունն ունենում է հասարակության ենթագիտակցության վրա, ինչի արդյունքում էլ ուսանողությունը ծափահարում է «ձեզ կոռեկտ պահեք» արտահայտությանը»։ Ս. Մուրադյանը համոզված է, որ թշնամու կերպարի ձեւավորման դեմ պայքարը պետք է սկսել դպրոցից։ «Այսօր մենք ունենք դպրոցներ, որտեղ բավական փոքր տարիքից խորացված ռազմական ուսուցում են անցնում։ Եթե նայեք ուսուցչի ուղեցույցը, որով նա առաջնորդվում է իր դասերը վարելիս, ապա պարզ կդառնա՝ դեպի ուր ենք գնում այդ խորացված ռազմական ուսուցմամբ՝ փորձելով ապագա թշնամիների դաստիարակել»։
Իսկ Նուրսուն Էրելը, որին ԵՊՀ ռեկտորը թույլ չէր տվել հանդիպել ուսանողների հետ, պարզվում է՝ այնքան էլ ծանր չի տարել մերժման փաստը, որքան նրա հայ գործընկերները։ «Ցանկանում եմ ասել, որ ԵՊՀ-ի որոշ ուսանողներ կան, որոնք համարձակ են, եւ մենք նրանց հետ բավական հետաքրքիր աշխատանք ենք անցկացրել այս մի քանի օրվա ընթացքում»։ Նրա կարծիքով, թշնամու կերպարի դեմ պայքարելու լավագույն լուծումներից մեկը հաճախակի շփումներն են։ «Մենք պետք է ավելի հաճախ շփվենք միմյանց հետ, համագործակցենք, մտքեր փոխանակենք տարբեր հարցերի շուրջ։ Ես համոզված եմ, որ միայն այս եղանակով մենք կարող ենք ձերբազատվել թշնամու կերպարից, քանի որ նույնպիսի մթնոլորտ մենք ունենք նաեւ Հունաստանի հետ կապված»,- կարծում է Ն. Էրելը։
Հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով, պետք է համեմատվել այն արժեքներով, որոնք մեզ համար իսկապես արժեք են։ Եվ հարկավոր է խոսել նաեւ դրական բաների մասին։ Ըստ Վ. Մարտիրոսյանի՝ տեղի է ունենում թշնամու կերպարի «մոդեռնիզացիա»։ «20 տարի առաջ մեզանում կար թշնամու կերպար՝ ի դեմս Պարսկաստանի, քանի որ 451թ. նրանք հարձակվել են Հայաստանի վրա։ Ես հիշում եմ, որ երեխա ժամանակ մտածում էի՝ ինչպե՞ս կարելի է վրեժ լուծել։ Հիմա այդպես չէ»։
Կարծիքներ հնչեցին, որ ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները աղավաղում են ինֆորմացիան, իսկ հայազգի պաշտոնյաների կամ այլոց խոսքը երբեք լրիվ չեն ներկայացնում։ Այդ առնչությամբ Վ. Մարտիրոսյանը համոզված է, որ շատ կարեւոր է նորմալ լրատվական հաղորդումներ պատրաստել, ինչը կօգնի նաեւ Ադրբեջանին. «Թեպետ ես գիտեմ, որ այնտեղ մոտ ժամանակներս ոչինչ չի փոխվի։ Բայց եկեք մեզ լավ չզգանք միայն այն բանի համար, որ այնտեղ դիկտատուրա է։ Պետք չէ համեմատություններ անել, սխալներ գտնել ինտերնետային հրապարակումների մեջ եւ դրանից հաճույք ստանալ։ Եկեք խոսենք այն բաների մասին, որոնք կարելի է շտկել»,- կոչ արեց Վ. Մարտիրոսյանը։
Լրագրող Ալեքպեր Ալիեւը, անդրադառնալով Վ. Մարտիրոսյանի խոսքերին, ասաց. «Մեզ մոտ դիկտատուրա չկա։ Մեզ մոտ ժողովրդավարական հանրապետություն է»։ Ա. Ալիեւի այս խոսքերը ծիծաղ առաջացրեցին քննարկման մասնակիցների մոտ, ինչին Ա. Ալիեւն արձագանքեց՝ ինչո՞ւ եք ծիծաղում, ես դա լուրջ եմ ասում, մեզ մոտ տոտալիտարիզմ էլ չկա, մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Սակայն պրն Ալիեւն ինքն էլ, իր իսկ խոսքերով, ծիծաղով է վերաբերվում շատ բաների։ «Բանն այն է, որ Ադրբեջանում, ինչպես նաեւ երեւի ամբողջ Հարավային Կովկասում, ամեն ինչը գոյություն ունի կեղծ, պսեւդո ձեւերի մեջ։ Ես ծաղրական, անլուրջ վերաբերմունք ունեմ գոյություն ունեցող բոլոր կառույցների նկատմամբ։ Մեզ մոտ ամեն ինչ ծիծաղելի է։ Գիտությունների ակադեմիան, համալսարանը, պետական կառույցները… դրանք բոլորը ծիծաղելի են։ Եվ ես այդ ամենի վրա ծիծաղում եմ։ Եվ երբ տեսնում եմ՝ ինչ-որ մեկը, այդ թվում` հայերից, ինչ-որ բան լուրջ է ընդունում, ես դրա վրա էլ եմ ծիծաղում։ Եվ ընդգծեմ, ինձ համար ծիծաղելի է ողջ Հարավային Կովկասը»,- ասաց Ա. Ալիեւը։
Իսկ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը կարծում է, որ «թշնամու կերպար» ասվածն իրականում գոյություն չունի։ «Իրականում թշնամու կերպար ասվածը հորինել են հասարակագետները, որպեսզի սեմինարներ, քննարկումներ անցկացնեն։ Կարելի է ասել, որ դա հասարակական կամ քաղաքական ինչ-որ «էլիտար» երեւույթ է, որտեղ խոսում են թշնամու կերպարի մասին»։ Տ. Պասկեւիչյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ խոսելիս պարզ է դառնում, որ «թշնամու կերպար» հասկացություն նրանց մոտ գոյություն չունի։ «Նրանց մոտ կա սահմանի զգացողությունը, որը բաժանում է հայերին եւ ադրբեջանցիներին։ Նրանց մոտ կա կորցրած նախկին բարեկամների կերպարը, որը մարդկանց մոտ ավելի շուտ շփոթմունք է առաջացնում… Եթե մենք չենք ստեղծում այդ թշնամու կերպարը, ապա այն իրականում գոյություն չունի։ Ստացվում է՝ մենք պայքարում ենք մի բանի դեմ, որը մենք ենք ստեղծում»։ Հրապարակախոսը նաեւ կարեւորեց, որ պետք է հրաժարվել կեղծ հայրենասիրությունից, քանի որ թշնամու կերպարը ծնվում է հենց դրա պատճառով։ «Երբ Ադրբեջանում ինչ-որ մեկը գիրք է տպում, Գառնու տաճարի նկարը դնում կազմի վրա եւ գրում, որ դա Արեւմտյան Ադրբեջանի հուշարձան է, դա մեր ծիծաղն է առաջացնում, բայց իրականում նա դրանով շատ մեծ վատություն է անում հենց իր ժողովրդին»։ Ըստ Տ. Պասկեւիչյանի, մեր նպատակը ոչ թե պարզելն է՝ ո՞վ, ո՞ւմ, քանի՞ անգամ եւ ի՞նչ է ասել, այլ իրար ճանաչելը եւ իրար հասկանալն է։ Եվ այդ առումով, նա կոչ արեց ադրբեջանցի եւ թուրք լրագրողներին՝ որպեսզի հայերը նույնպես արտահայտվելու նմանատիպ հնարավորություն ունենան Ադրբեջանում։
Համագործակցության խնդրին անդրադարձավ նաեւ «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։ «168 Ժամը» համագործակցում էր «Ռեգիոն» կենտրոնի հետ։ Մենք վրացական, ադրբեջանական մեր կոլեգաներին առաջարկեցինք հոդվածաշար անել՝ նույն թեմայի շուրջ։ Որոշեցինք, որ սահմանին՝ Սադախլոյի կողմից մոտենան 3 լրագրողներ՝ Վրաստանից, Ադրբեջանից եւ Հայաստանից։ Ադրբեջանից եկած լրագրողը վերջում չցանկացավ, որ հոդվածը հրապարակվի իր անունով, եւ այն ստորագրվեց վրացու անունով։ Դրանից հետո առաջարկեցինք երկրորդ թեման, սակայն այն շարունակություն չունեցավ ադրբեջանական կողմի պատճառով», – նշեց Ս. Սեյրանյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ «168 Ժամում» տպագրվում են թուրքական եւ ադրբեջանական մամուլից որոշ, անգամ ոչ հայանպաստ հրապարակումներ, որպես ինֆորմացիա։ Սակայն ադրբեջանական կողմը հիմնականում խուսափում է համագործակցությունից։
Հրապարակախոս Էլմիր Միրզոեւը խորհուրդ տրվեց փոքր-ինչ կտրվել մեր տարածաշրջանից։ Նրա կարծիքով` ազգերի մեջ փոխադարձ սեր երբեք չի կարող լինել, անգամ եվրոպական երկրների դեպքում։ «Պարզապես այդ ամեն ինչը թաքնված բնույթ է կրում, եւ քաղաքական իսթեբլիշմենթը թույլ չի տալիս այդ, որպեսզի կրքերը բորբոքվեն»։ Է. Միրզոեւը գտնում է, որ քաղաքական վերին էշելոնների դիրքորոշումը ավելի շատ որոշիչ դեր է խաղում, քան հասարակության մեջ տիրող տրամադրությունները։
Իսկ նրա գործընկերը՝ Ալեքպեր Ալիեւը հարկ համարեց ներկաներին շեշտել, որ Հայաստան այցելած լրագրողներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները Ադրբեջան վերադառնալով ճնշումների չեն ենթարկվում պետական մարմինների կողմից։ «Մեզ չեն կանչում Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, քրեական գործեր չեն հարուցում։ Բայց մի քանի կեղծ լրագրողներ, հեռուստաալիքներ եւ կեղծ ՀԿ-ներ սկսում են մեր դեմ թույն տարածել։ Այդ մարդիկ վիրավորում են, ցեխ են շպրտում մեզ վրա։ Դա չի կարող աննկատ մնալ, իշխանությունները տեսնում են՝ ի՞նչ է տեղի ունենում։ Նրանց չի հետաքրքրում՝ մենք ո՞ւր ենք գնում։ Սակայն, միեւնույն ժամանակ, մյուսներին չեն արգելում մեզ քարկոծել։ Այդ պատճառով էլ, պետական կառույցների անկեղծությունն արդեն կասկածի տեղիք է տալիս»։
Վարդան Ոսկանյանի (արեւելագետ, ԵՊՀ) կարծիքով, չի կարելի պատմությունը ենթարկել ռեւիզիայի՝ մեկ այլ տեսանկյունից, անգամ բարի նպատակներով։ Այսինքն, եթե մենք փորձենք փակել պատմության վատ էջերը եւ խոսենք միայն բարի էջերի մասին, դա ոչ մի օգուտ չի տա։ Վ. Ոսկանյանը գտնում է, որ խնդիրը ներքին էթիկայի մեջ է։ «Բոլորն էլ կարդացել են Րաֆֆու ստեղծագործությունները, պատմության բոլոր դասագրքերում էլ գրված է, որ 451թ. պարսիկները հարձակվել են մեզ վրա։ Սակայն այսօր ոչ մի հայի մտքով չի անցնում դրա համար որեւէ պարսիկի սպանել»,- ասում է մասնագիտությամբ իրանագետ Վ. Ոսկանյանը։
Թշնամու կերպարի մասին խոսելիս նա նշեց, որ Հայաստան այցելող իրանցիների մեծ մասը խոսում է ադրբեջաներեն լեզվով. «Երբ իրանցին ասում է` «յախշի», մենք հասկանում ենք, որ դա պարսկերեն չի, սակայն այդ մարդուն ոչ ոք բան չի ասում»։ Իրանագետը դա բացատրում է նրանով, որ խնդիրը կապված է ոչ թե էթնիկ հակասությունների, այլ Ադրբեջանի պետության հետ։