Երեւանի «հանգուցյալ» Երիտասարդական պալատը, որն ավելի հայտնի էր «կրծած կուկուռուզ» անվանումով, վերջերս իր ավելի մոդեռնիզացված, բայց նույն ուրվագծերն ու հիմնական ճարտարապետական սկզբունքները պահպանած կրկնօրինակ-նախագիծն է ձեռք բերել։
Նոր նախագծի հեղինակներն, ըստ «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպության նախագահ, մասնագիտությամբ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի՝ նախորդ շինության ճարտրապետներն են, որոնք աշխատել են պահպանել «ազգային արժեք» հանդիսացող շինության արտաքին տեսքը։ «Եթե երկու շինությունների մակետները կողք կողքի դնենք, նույնիսկ դժվար կլինի տարբերությունները նկատել»,- հպարտությամբ ասաց նա։ Երիտասարդական պալատը նա «ամփոփ ու լիարժեք» ստեղծագործություն անվանեց, որը նման է Սարյանի, Մինասի կամ Սուրենյանցի կտավներին, եւ որից ոչ մի բան դուրս թողնել չի կարելի, ինչպես չի կարելի վերանկարել, լրացումներ անել կամ վրձնահարվածներ ավելացնել մեր հայտնիների ստեղծագործություններին։ «Ինչպե՞ս կարելի է խմբագրել, ասենք, Շոստակովիչին ու որոշ նոտաներ հանել կամ նորերը մտցնել»,- զարմացավ նա։ Համոզված լինելով, որ Երիտասարդական պալատը, որն ի դեպ՝ նույնիսկ իր ամենածաղկուն շահագործման շրջանում էլ «երիտասարդական» անվանել ոչ ոք չէր հանդգնի, շատ կարեւոր է մեր քաղաքի համար, Ա.Թարխանյանն առաջարկում է Երեւանում վեր խոյացնել նույն պալատը, որը նախորդից 10 մետրով ավելի բարձր կլինի։ Նախկին 63 մետր ընդհանուր բարձրությունը չէր կարող լուծել այդ շինության գլխավոր խնդիրը՝ ցածր առաստաղները։ Պալատի հյուրանոցային սենյակների առաստաղների բարձրությունն ընդամենը 2,4 մետր էր կազմում եւ ուղղակի «սեղմում» էր այդտեղ թեկուզեւ ժամանակավոր, բայց բնակվող մարդկանց։ Հենց առաստաղների հարցի լուծման անկարելիության պատճառով էլ որոշվել էր հիմքից քանդել այդ շենքը, քանի որ կոսմետիկ միջամտությամբ այդ խնդիրը չէր ուղղվի։ Երիտասարդական պալատի նոր «կլոնը» 10 մետր ավելի է ձգվելու, որպեսզի առաստաղների բարձրությունը հասնի 3,30 մետրի։ Ա.Թարխանյանի առաջարկած տարբերակը մի քիչ է՛լ ավելի լայն կլինի, քանի որ ճեմասրահում նախատեսվում է կառուցել «ձմեռային այգի» ու վերելակներ։ Իսկ մնացածը թողնված է նույնությամբ։
Սակայն կրկնօրինակի գաղափարը դժվար թե ընդունվի, քանի որ Երիտասարդական պալատի սեփականատերը հանդիսացող «Ավանգարդ մոտորս» ընկերության նախագահ Էդուարդ Ավետիսյանն արդեն նոր նախագծի ընտրությունն արել է։ Սկզբունքային նոր, «բաց գիրք» կամ «ձեռքերը պարզած հրեշտակ» ուրվագծող հյուրանոցային համալիրի հեղինակը դարձել է Գերմանիայում աշխատող ազգությամբ ռուս ճարտարապետ Սերգեյ Չոբանը, ում նախագիծն արդեն ներկայացվել է հանրությանը։ Այդ նախագծին կտրուկ դեմ է Ա.Թարխանյանը։ «Նոր շենքը շատ մեծ ու շատ ծանր է այս փոքր պուրակի համար եւ շատ վատ է դիտվելու քաղաքի տարբեր անկյուններից»,- ասաց նա ու նշեց, որ նոր շենքի կառուցման գործում շատ դժվար է ապահովել բոլոր անհրաժեշտ շինարարական պահանջները՝ սեյսմիկ, ինժեներային, կոմունիկացիոն եւ այլն։ Սակայն նույնիսկ եթե բոլոր պահանջները բավարարվեն ու ամեն ինչ արվի ըստ օրենքի ու բարձր ճաշակով, Ա.Թարխանյանը, միեւնույն է՝ դեմ է լինելու այդ նախագծին. «Ես դեմ եմ, որ ոչնչացվեն մեր մշակութային արժեքները»։ Իսկ այն, որ Երիտասարդական պալատը հարստացրել է մեր քաղաքի մշակույթը, նա կասկած անգամ չունի։ «Չեմ ուզում, որ խափանվի արդեն գոյություն ունեցող միջավայրը, որտեղ արժեքներ են ստեղծվել»,- ասում է նա։ Ուշագրավ է, որ հենց այդ նույն մոտեցմամբ էլ փորձում է աշխատել նաեւ Ս.Չոբանը, հետխորհրդային տարածքի ամենահաջողակ ճարտարապետներից մեկը, ով ուզում է պահպանել ու զարմացնել միաժամանակ։ Եվ «հրեշտակ»-հյուրանոցի գաղափարը շատ ավելի բնական է թվում մեր հասարակությունում եւ մեր այսօրվա, շինարարական մոլուցքով տառապող միջավայրում, որը սիրում է «բացառիկ», «աննախադեպ», «էքսկլյուզիվ» ու «էլիտար» բաներ կառուցել։ Իսկ Երիտասարդական պալատի սեփականատերը նոր հյուրանոցն արդեն հասցրել է կոչել «աշխարհի ութերորդ հրաշալիքը»։
Ա.Թարխանյանը վկայակոչելով Հայաստանի նոր Սահմանադրության կետերը, պնդում է, որ սեփականատիրոջը հին պալատը քանդելու իրավունքը տրվել է մեկ նախապայմանով։ «Նա պետք է վերակառուցի հին նախագիծը»,- ասաց հ/կ-ի նախագահը, ում ներկայացված նախագիծը փաստորեն դառնում է այդ հնի նորացված տարբերակը։ Ա.Թարխանյանը տարբեր ատյաններին նամակներ է գրել ու պահանջել, որ ստեղծվի անկախ փորձագետների մի խումբ, որոնք կուղղորդվեն օրենքով։ Թեեւ «Մեր քաղաքը» հ/կ նախագահն ասում է, որ իրենց կազմակերպությունը ոչ մի դեպքում չի հակառակվում սեփականատիրոջ ցանկություններին, բայց պատրաստ է ամեն քայլի դիմել՝ սեփական նախագիծն իրականություն դարձնելու համար։ Նա ուզում է աղմուկ բարձրացնել, միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել հեղինակային իրավունքների խախտման փաստի վրա։ «Եթե ես դատական պրոցես սկսեմ, ոչ մի միջազգային ինվեստոր չի ֆինանսավորի այդ էմպիրիկ ու վոլյունտարիստական նախագիծը։ Արդեն իսկ բոլոր հայտնի հայ ճարտարապետները նեգատիվ վերաբերմունք ունեն այդ նոր նախագծի հանդեպ»,- վստահ է նա։ Ըստ նրա՝ Է.Ավետիսյանը խնդիրներ կունենա նաեւ վարկ ստանալու պարագայում։ Քանի որ ոչնչացվել է սեփականության 70 տոկոսը, եւ սեփականատերը գրավային արժեք չունի, նա չի կարող ապահովել գրավային արժեքը եւ զրկվում է վարկ ստանալու իրավունքից։
Տիկին Թարխանյանի կարծիքով՝ Երեւանի վերջերս քանդված ճարտարապետաշինարարական կառույցները ոչնչացնելով` մենք ոչնչացնում ենք մեր քաղաքի պատմամշակութային շերտը։ «Գուցե նո՞րն ենք ստեղծում»,- հարցրինք մենք։ «Նորը պետք է նոր վայրերում ստեղծել, ինչպես արեց «Վահագնի» թաղամասի տերը»,- պատասխանեց նա։
Մեր կյանքում շատ են այնպիսի վայրերը, որտեղ, չգիտես ինչու, անպայման ինչ-որ բան պետք է կանգնած լինի, բայց, չգիտես ինչու, այդ բանը կանգնած չէ։ Նման վայրերից մեկն էլ մեր քաղաքի գլխավոր հրապարակն է, որը զուրկ է գլխավոր արձանից կամ արձանախմբից։ Ըստ Ա.Թարխանյանի՝ հրապարակին արձան է պետք։ Լենինի արձանի պատվանդանի քանդումը նա ոճրագործություն անվանեց, իսկ պատվանդանը համեմատեց Մայր տաճարի հետ։
Հ.Գ. Յուրաքանչյուր շինություն իր ժամանակի հետքն է կրում։ Եվ ամեն ժամանակահատված իր սխալներն է ունենում, քանի որ ոչ բոլոր ճարտարապետները, բանաստեղծներն ու նկարիչներն են գլուխգործոցներ ստեղծում։ Շենքերի կառուցումը պատմական իրադարձություն է, սակայն պատմական իրադարձություն է նաեւ շենքերի քանդումը։ Ամեն դեպքում քաղաքն է՝ իր շինություններով ու փողոցներով, ծառայում բնակիչներին, եւ ոչ թե հակառակը։ Որքանո՞վ էր ծառայում երեւանցիներին ու հարստացնում նրանց կյանքը նախկին Երիտասարդական պալատն, ու որքանո՞վ են մայրաքաղաքի բնակիչները կարոտում այն. ոչ ոք ասել չի կարող։ Շատերին այդ շենքն անտարբեր էր թողնում։