«Օրրանը» ձեռք մեկնեց

13/12/2006

«Օրրան» բարեգործական կազմակերպությունը կրկին արձագանքել է մեր թերթում տպագրված սոցիալապես անապահով ընտանիքների մասին պատմող նյութերին: «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն ասում է. «Ձեր թերթում կարդացի Վարդաշենում ապրող մարդկանց պատմությունները:

Ես ծնվել եմ Վարդաշենում: Շատ մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ այս լիության պայմաններում մեր կողքին դեռ կան շատ կարիքավոր ընտանիքներ: Շատ սրտացավ էի, որովհետեւ մեծացել եմ այդ փողոցներում, դպրոցում եւ այդ պայմաններում: Ամեն տողը կարդալիս ենթադրում էի, որ կյանքի պայմանների բերումով իրենց տեղը կարող էի ես լինել: Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ այսօր չի կարող հանգիստ սրտով Ամանորը դիմավորել, եթե չի կարող մի պահ կանգ առնել եւ ինքն իրեն հարց տալ, թե ինքն ի՞նչ կարող է անել մի փոքր ուրախացնելու կամ թեթեւացնելու մեկ այլ մարդու կյանքը: Ամանորի խորհուրդը հենց սա է, եւ շատ եմ կարեւորում, որ դուք լուսաբանում եք այսպիսի պատմությունները: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել, սակայն չգիտեն, թե ինչպե՞ս գտնեն իսկապես կարիքավոր մարդկանց:

Ես ողջունում եմ, որ ձեր թերթում արդեն հատուկ էջեր եք հատկացնում այս ընտանիքներին»: «Օրրանի» ներկայացուցիչների հետ մենք այցելեցինք թվով 8 ընտանիքների, որոնցից 6-ը` բազմազավակ, իսկ 2-ը փախստականների ընտանիքներ էին: «Օրրանը», Վարդաշենի հանրակացարանում ապրող ընտանիքներից բացի, նաեւ օգնության ձեռք մեկնեց Դաշնամուրի գործարանի հարեւանությամբ եւ Երկաթգծի կայարանում գտնվող հանրակացարաններում ապրող մեր ներկայացրած ընտանիքներին: Նրանք սոցիալապես անապահով այս ընտանիքներին արկղերով տաք հագուստ, սնունդ եւ ամանորյա նվերներ բաժանեցին, ինչն, ի դեպ, նման ընտանիքների համար կենսական նշանակություն ունի: Մեր այցելած ընտանիքների անդամներն ուրախությունից այնքան էին շփոթվել, որ իրենց շնորհակալությունը հայտնելու համար «Օրրանի» ներկայացուցչին գրկում-համբուրում էին: Իսկ 7 երեխաների մայրն ապշահար ու հուզված ասաց. «Նայե՛ք, էս մի բուռ ալյուրն էր մնացել էսօրվա համար, երեխաներս էսօր հաց չունեին ուտելու: Էս ինչ զարմանալի բան էր, երեւի Աստված ձեզ ուղարկեց»: