Նուռ

13/12/2006

Բաղադրությունը: Ջուր` 83-85%, շաքարները` 10-19%, ազոտային նյութեր` 0,5-0,6%, ճարպեր` 0,15%, էքստրակտային նյութեր` 1,6-1,8%, բջջաթաղանթ` 2,8-3%, մոխրային մնացորդ` 0,28-0,3%: Պարունակում է նաեւ 5 մգ վիտամին C, B խմբի վիտամիններ, դաբաղանյութեր:

Կիրառումը: Առաջինը Հիպոկրատն է հիշատակում նռան բուժիչ հատկությունների մասին: Նա նռան հյութն օգտագործել է ստամոքսային հիվանդությունների, իսկ կեղեւը` դիզենտերեայի եւ վերքերի բուժման դեպքում:

Բերտոլինին նռան հյութը օգտագործել է թութքի դեմ: Հյութը կարելի է օգտագործել նաեւ կոկորդային հիվանդությունների բուժման համար: Արմատի կեղեւի եփուկը ճիճվասպան է: Կեղեւը կարելի է նաեւ չորացնել, աղալ եւ խառնել սննդի հետ: Ընդհանրապես, Չինական բժշկության մեջ խիստ տարածում է գտել չորացրած բույսերի, պտուղների, սերմերի աղացված (ալյուրի տեսքով) օգտագործումը: Չինացի բժիշկները գտնում են, որ դեղաբույսերն ուժգին ազդեցություն են գործում այս տեսքով եւ ոչ թե եփած վիճակում:

Ծաղիկի եփուկն օգտագործում են բերանի հիվանդությունների, լուծի դեպքում: Այրվածքների դեպքում կարելի է վերքը լվանալ մինչեւ 10% նոսրացված նռան հյութով, որից հետո պետք է ցանել պտղի կեղեւի փոշի եւ վերքը չկապել: Այն զարմանալիորեն արագ է առողջանում:

Նուռն օգտագործում են նաեւ ջրգողության, դեղնախտի, սրտի անկանոն աշխատանքի դեպքում: Արեւելյան ժողովրդական բժշկության մեջ մանրացված արմատը հալվեի հետ որպես ցավազրկող միջոց է օգտագործվում:

Մի քանի դեղատոմսեր.

1. Մեկ թեյի գդալ ծաղիկները կամ պտղակեղեւը մեկ բաժակ ջրի մեջ պահել 2 ժամ, քամել եւ օգտագործել օրական 3 անգամ ճաշից առաջ` 1 ճաշի գդալ:

2. Հյութն օգտագործել ուտելուց 20 րոպե առաջ, օրական 4 անգամ 1/4 բաժակի չափով:

3. 2-3 ճաշի գդալ ծաղիկները փաթաթել թանզիֆի մեջ, մի քանի րոպե պահել եռացող ջրում եւ թրջոց դնել բորբոքված տեղերին:

Ամիրդովլաթը գրում է, որ ճարպի հետ ճզմված հյութը կաթեցնում են ականջի մեջ ցավերի դեպքում, պտղի հյութը թարթիչներին են քսում բորբոքման դեպքում, տերեւներն ամրացնում են մազերը: