ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` նշել է, թե «շատ բնական» է համարում ՀՀ պաշտպանության նախարարի ակտիվությունը, քանզի Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նախագահն է, եւ «յուրաքանչյուր քաղաքական գործիչ ակտիվություն անելու է»: «Ինչո՞ւ եք միայն պաշտպանության նախարարի ակտիվության վրա շեշտը դնում, եւ մնացած ուժերի ակտիվության վրա շեշտը չեք դնում: ԱԺ-ն ձեզ օրինակ»,- ասել է վարչապետը: Վերջինս, անդրադառնալով Իրան-Հայաստան գազատարի ճակատագրին, երեկ ասել է. «Ճակատագիրը կորոշենք, երբ շահագործման հանձնվի: Դա կլինի դեկտեմբերի վերջին: Մեկ անգամ ասել եմ. անտրամաբանական է մեկ խնդիրը լուծել երկու կազմակերպությամբ: Տնտեսապես պետությանը վնասաբեր է»: Անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքը ՀՀ վարչապետին ու պաշտպանության նախարարին կոչ է անում իր հետ նույն ընտրատարածքում առաջադրվել, վստահ լինելով, որ նրանք երբեք թույլ չեն տա իրեն հաղթելու համար դիմել ընտրակեղծիքի` Ա. Մարգարյանն ասել է. «Բազմաթիվ առաջարկներ են լինում: Արամի առաջարկը դրանցից մեկն է: Ես կորոշեմ, թե որ առաջարկն ընդունեմ»: