Տղայականով

13/12/2006

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե օդանավակայանում ժողովրդից գանձվող «օդի տուրքերը» բյուջե չեն մուտքագրվել: Դա, ըստ պատգամավորի, կազմել է շուրջ 150 միլիոն դրամ կամ ավելի քան 400 հազար դոլար: Հարցին անդրադարձավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Վերջինս իր պատասխանի սկզբում նախ` անդրադարձավ ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի կողմից նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին արված այն հայտարարությանը, ըստ որի, տրանսպորտի եւ կապի նախարարի ամսական եկամուտը կազմում է 200 հազար դոլար, ֆինանսների նախարարինը` 40 հազար, կրթության նախարարինը` 10 հազար, եւ այլն: «Այդ ձեր ասած պաշտոնական տվյալ հրապարակողին կարելի է հիմա տղայականով ասել` դե, ապահովի իմ` այդքան եկամուտ ստանալը: Եթե ասել ես, արա: Անհեթեթությունը սահման պետք է ունենա: Ասածները մի հատ ստուգեք: Այս ամբիոնը շատ բարձր ամբիոն է,- նշեց Վ. Խաչատրյանն ու, անդրադառնալով «օդի տուրքերին»` ավելացրեց,- Նախ մի հատ մեխանիզմը հասկացեք. ցանկացած տուրք վճարվում է պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարով: Մարդը երբ մուծում է կատարում, կատարում է պետական բյուջեի համար այսինչ հաշվին: Այսինքն` որեւէ մեկը դա վերցնի, գրպանը դնի, չգիտեմ ուր տանի, մեշոկի մեջ լցնի… անհեթեթություն է դա: Պարզապես անմտություն է: Այսինքն` այնքան հեռու եք պետական կառավարման համակարգից, որ երազների մեջ եք ընկած: Լավ, վաղը դուք դառնալու եք, տա Աստված, իշխանություն, չգիտեմ գործադիր եւ այլն, այս տրամաբանությամբ, եթե մտածում եք, որ այնտեղ մեշոկ է, ու հասնելու եք, ով ոնց ուզի, ձեռքը գցի, տանի ու այդպես ոգեւորված ուզում եք իշխել, սխալվում եք: Մի քիչ խորացեք…: Կարող է` կատարվի ձեր երազանքը: Ես հասկանում եմ` ցայտնոտի մեջ եք, կլիմաքսի մեջ եք…»: