Ավելորդ հրապարակայնությունը եւ այս կամ այն ժամկետում պայմանավորվածություն ձեռք բերելու խոստումները հազիվ թե օգնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, այդ մասին նախօրեին Բրյուսելում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ նախ եւ առաջ զբաղվում են կողմերը, որոնց աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան: «Աշխատանքը բավականին նրբանկատ է: Համանախագահները հիմնվում են կողմերի ընդառաջ գնալու եւ խնդիրը կարգավորելու պատրաստակամության վրա: Դա կապված է վստահական եւ խորհրդապահական հանդիպումների հետ, որոնք կողմերը համանախագահների աջակցությամբ անցկացնում են ինչպես նախագահների, այնպես էլ արտգործնախարարների մակարդակով»,- նշել է Ս. Լավրովը: Նա ավելացրել է, որ Բրյուսելում Արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն, որն ուղղված է կարգավորման ներկայիս ձեւաչափի պաշտպանությանը, որն ընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: