Հայաստանն անհիմն է

13/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Արդեն երկրորդ օրն է, ինչ մեր երկիրը հիմն չունի: Բանն այն է, որ 2005թ. դեկտեմբերի 5-ից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների հոդված 117-ի երկրորդ կետի համաձայն` Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո «ԱԺ-ն մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանում է ՀՀ օրհներգը: Մինչ այդ գործում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործող օրհներգը»: Եվ ահա արդեն 2006թ. դեկտեմբերի 7-ն է, իսկ ԱԺ-ն դեռեւս ՀՀ օրհներգի մասին օրենք չի ընդունել, ու ստացվում է, որ արդեն երկրորդ օրն է` Հայաստանն օրհներգ չունի:

Հետաքրքիր է` օրհներգի փոխարեն ի՞նչ երաժշտություն է հնչելու այսօր երեկոյան, երբ պաշտոնապես պետք է փակվի ԱԺ հերթական նստաշրջանը: Պատասխանելով այս հարցին` երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. «Թող նստաշրջանն ավարտվի, հետո կտեսնեք` ի՞նչ կլինի: Դեռ ժամանակ կա»: Տպավորությունն այնպիսին է, որ ստեղծված անհեթեթ իրավիճակը խորհրդարանական ուժերին առանձնապես չի էլ մտահոգում: Համենայնդեպս, ընդդիմությունն ու խորհրդարանական մեծամասնությունը կարծեք միմյանց վրա են գցում ՀՀ օրհներգի մասին օրենք ընդունելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության հարցը: Ընդդիմադիրներն ասում են, թե իրենք անհրաժեշտ ձայներ չունեն արտահերթ նիստ հրավիրելու համար ու դա առաջարկում են անել մեծամասնությանը: Իսկ ԱԺ նախագահը դա տգիտություն է համարում: «Տգիտություն է դա, որովհետեւ մարդը նախօրոք չպիտի որոշի, որ ինքն այնպիսի համարում ունի, որ ինչ հարցով էլ դիմի որեւէ մեկին` ստորագրելու համար, չեն ստորագրելու: Սա ընդհանրապես անհասկանալի մոտեցում է: Այսինքն` իրենք համարում են, որ իրենց ներկայացրած փաստաթղթի տակ մեծամասնությունից որեւէ մեկը չի՞ ստորագրի»,- նշեց Տ. Թորոսյանը: Լավ, իսկ ինչո՞ւ մեծամասնությունն օրհներգի մասին օրենքն ընդունելու համար արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս: «Բոլորին վերաբերող բոլոր հարցերին ե՞ս պետք է պատասխանեմ»,- հարցին հարցով պատասխանեց ԱԺ նախագահը: Վերջինիս համոզմամբ` մինչ դեկտեմբերի 5-ն օրհներգի մասին օրենքի չընդունելով Սահմանադրությունը չի խախտվել: Տ. Թորոսյանի խոսքերով` Սահմանադրությունն ասում է, որ մեկ տարվա ընթացքում գործում է այն օրհներգը, որը մինչ սահմանադրական փոփոխություններն էր գործում, եւ «այդ մեկ տարվանից հետո պետք է օրենքով ամրագրել»: «Չի ամրագրվել: Ցավոք, ստացվում է, որ մինչ ամրագրելը մենք օրենքով սահմանված օրհներգ չենք ունենա»,- փաստեց նա: Իսկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ երեկ նույն թեմայով նշեց, թե «իրավական տեսակետից մի քանի օր հիմն չենք ունենա, բայց գործնականում այդպիսի մեծ ազդեցություն չի ունենա մի քանի օրը մեր պետության գործունեության վրա»: «Կփորձենք արտահերթ նիստ հրավիրել եւ այդ հարցը լուծել»,- նշեց վարչապետը:

Փուչիկների պայթյուն

Երեկ ԱԺ-ն ձայների 85 կողմ, 19 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն տվեց «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկին: Դեմ են քվեարկել ՀՅԴ-ն, «Արդարությունը», Վիկտոր Դալլաքյանն ու Հմայակ Հովհաննիսյանը: Իսկ ընդմիջումից հետո ԱԺ-ն ընդամենը 5-6 պատգամավորի ներկայությամբ մոտ 1,5 ժամում «ոտքի վրա քննարկեց» մոտ մեկ տասնյակի հասնող օրենքի նախագծեր, կոնվենցիաներ ու համաձայնագրեր: Իսկ երբ սկսվեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, ներկաներն ականատես եղան ՕԵԿ-ՀՅԴ եւ ՕԵԿ-ՀՀԿ զվարճալի «ռմբակոծությունների»: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Եվրոպական ակադեմիայի շուրջ ստեղծված իրավիճակին (հիշեցնենք, որ այս բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն է), նշեց. «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ այդ կառույցը հերթական պայթող փուչիկների շարանի մեջ է, սակայն մի կողմ թողնելով դրա ստեղծման պատմությունը կամ դրա տնօրենի կերպարը, համաձայնվենք, որ այստեղ կան հազարավոր ուսանողներ, եւ այդ ուսանողների ճակատագիրը մեզ համար կարեւոր է: Այնտեղ մարդիկ են, որոնք ընդունվելիս չէին իմանում, որ դա պայթող փուչիկներից է: Կարծում էին, որ դա բետոնից էր սարքված, բայց չէ` պայթեց»: «Հիմա այս մարդկանց ճակատագիրն ի՞նչ է լինելու»,- կառավարությանը հարցնում էր Վ. Հովհաննիսյանը: Հարցին պատասխանեց Կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը, ով սակայն նախ` անդրադարձավ ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի կողմից նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին արված այն հայտարարությանը, համաձայն որի` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի ամսական եկամուտը կազմում է 200 հազար դոլար, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանինը` 40 հազար, Լեւոն Մկրտչյանինը` 10 հազար, եւ այլն: «Իմ նախնիները մի ճյուղով` մայրական, 16-րդ դարից են Երեւանում ապրում, մյուսներն էլ սփյուռքից են եկած: Եվ հայտարարագրում ենք մեր ընտանեկան եկամուտները եւ այլն՝ 16-17-րդ դարից սկսած»,- նշեց Լ. Մկրտչյանը: Սույն ուշագրավ հայտարարությունից հետո նախարարն անդրադարձավ Եվրոպական ակադեմիայի խնդրին: «Մենք մի անգամ նման փորձ ունեցել ենք 2001-2002 թվականներին, երբ Ֆրանսիայի դեսպանի շատ մտահոգ ահազանգից հետո հատուկ ծրագրով կառավարությունը կարողացավ Ֆրանսիայի դեսպանատան հետ փրկել Ֆրանսիական համալսարանը լիակատար ջախջախումից: Նմանատիպ խնդիր ունենք նաեւ Եվրոպական ակադեմիայի հետ»,- ասաց նա: Բնականաբար, ՕԵԿ-ն այս «հարվածը» չէր կարող անպատասխան թողնել, եւ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե Եվրոպական ակադեմիան «նորարարական եւ առավել առաջավոր բուհերից մեկն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում»: «Անվանել փուչիկ…, սա եւ՛ անընդունելի է, եւ՛ ոչ կոռեկտ: Եթե խնդիրը վերաբերում է փուչիկներին, ապա կարող ենք խոսել ձեր մոտեցումների վերաբերյալ, երբ կողմ ըլլալով դեմ կպոռաք,- Լեւոն Մկրտչյանին ի պատասխան` նշեց Մհեր Շահգելդյանը` հավելելով,- Երբ մենք խոսում ենք փուչիկների մասին, ապա մեր ձեռքերի տակ կան քաղաքացիների գրած նամակներ, մասնավորապես` Լ. Մկրտչյանի վերաբերյալ, որը Բաղրամյան 6 հասցեում ձեռնարկել է մեր երկրի բոլոր, այդ թվում` մարդկային օրենքները խախտող ապօրինի շինարարություն, որի դեմ պայքարում են բնակիչները»: ՕԵԿ-ի սույն հակահարվածի պատասխանն էլ չուշացավ, ու ԿԳ նախարարը, դիմելով ՕԵԿ-ին, հայտարարեց. «Դուք բարոյական ոչ մի իրավունք չունեք քննադատել կամ քննարկել պահվածք կամ որեւէ այլ խնդիր: Սկզբունքայնությունը երեւում է ոչ թե 15, այլ 100 տարվա մեջ: Եվ եթե դուք նայեք, թե ի՞նչ դեգերումներ եք ունեցել այս 15 տարվա մեջ, կհասկանաք, թե ո՞րն է եւ ինչպե՞ս է պատասխանվում»: Ինչ վերաբերում է Բաղրամյան 6 հասցեում կառուցվող շենքին, Լ. Մկրտչյանը նշեց, թե այդտեղ կառուցվում է Թաիլանդի հյուպատոսություն, եւ հյուպատոսության դրոշն առաջիկայում կկախվի, ու բոլորը կարող են դա տեսնել: «Եվ պատվո հյուպատոսն իմ հորեղբոր տղան է, որը եղել է, երբ ես ընդդիմություն եմ եղել»,- ասաց նա: Ի պատասխան սրան, Մ. Շահգելդյանն առաջարկեց խոսել ՀՅԴ-ի քաղաքական դեգերումների մասին: ՕԵԿ-ՀՅԴ «փոխհրաձգությունը» երեկ այսքանով ավարտվեց: